-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ՀԱՎԱՏԱՄՔ



ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉՆ Աստծո խոսքն ու միտքն է մարդկանց բառերով,
որը ամփոփված է Ավետարանով: Այն կատարյալ գործ է,
որի մեջ շոշափված են մարդու ամեն կարիքներն ու զգացումները:
ԱՍՏՎԱԾ ինքնագո Հոգի է` Հոր, Որդու և Սուրբ Հոգու Եռամիասնությունը,
որը մեկ է, միակն է և մեկացած է, որից բացի ուրիշ Աստված չկա:
Նա կատարյալ է սիրո, սրբության, կարողության, գիտության և
իմաստության մեջ և հավիտյան անփոփոխ է:
Նրա ձեռքով ստեղծվեցին երկինքը, երկիրը և ամեն ինչ, որ նրանց մեջ կան`
տեսանելին և անտեսանելին: Եւ ամենուրեք ամեն ինչի վրա է,
ամենքի հետ է և իրեն ընտրած մարդկանց` ամենքի մեջ է:
ՄԱՐԴՆ Ադամի և Եվայի սերունդն է, Աստծո ձեռքով ստեղծված,
նրա պատկերի և նմանության պես: Սակայն Ադամը դարձավ մեղավոր,
Սատանայից ընդունելով նրա սրտում առաջացած անօրինությունը:
Նրա սուրբ բնությունը փոխվեց մեղանչականով` մարդու հակումները
դարձան դեպի մեղքը` անիրավությունն ու անօրինությունը:
Եւ այդ բնությունը ժառանգաբար անցավ նրա ողջ սերունդին:
Հետևաբար, մարդը զրկվեց Աստծո փառքից և կյանքի օրենքի փոխարեն
նրա մեջ սկսեց գործել մահվան օրենքը:
ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԸ սուրբ է` բարձր է գոյություն ունեցող ամեն օրենքներից,
և նրանով բացահայտվում է իրավունքի և անիրավության սահմանը:
ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԸ Սուրբ Եռամիասնության մեկ անձն է՝
Աստծո Միածին Որդին՝ նրա էությունից դուրս եկած, ոչ թե արարված:
Աստծուն հավասար լինելով` չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ,
իսկ վիճակով մնաց որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված:
Եւ մեզ՝ կորսված մարդկանց Չարի իշխանությունից փրկելու և
Աստծո Թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ`
Սուրբ Հոգու զորությամբ, Աստծուն հավատարիմ կույս Մարիամից ծնվելով,
կատարյալ մարդ եղավ՝ մարդկային բնություն և մարմին ստանալով,
սակայն մեղք չգործեց, միևնույն ժամանակ մնալով կատարյալ
Աստված մարմնի մեջ: Եւ այդ մարմնում դատապարտեց մեր մեղանչական
բնությունը և ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա վերցնելով խաչի վրա
մեռավ, թաղվեց և երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ:
Երկինք համբարձվեց և Հայր Աստծո աջ կողմը նստեց: Հոր փառքով   կվերադառնա
և ողջերին ու մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ:
Եւ նրա` արդեն իսկ սկսած Թագավորությանը վերջ չի լինի:
ՍՈւՐԲ ՀՈԳԻՆ Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է`
Աստված դիրքի ու վիճակի մեջ` ոչ ավելին և ոչ էլ պակաս: Նրա մեջ են
մկրտվում Հիսուս Քրիստոսին հավատացողները, որոնց նա առաջնորդում է
ամեն ճշմարտության մեջ:
ԵԿԵՂԵՑԻՆ Հիսուս Քրիստոսին դարձած հավատացողների միաբան ժողովքն է`
կանչված և առանձնացված Աստծո համար` նրա գլխավոր նպատակին հասնելու`
Հիսուս Քրիստոսին նմանվելու: Եւ ամեն դարերում եկեղեցին պետք է
Արքայության Ավետարանը քարոզի և ուսուցանի (առանց ավելացնելու և
պակասեցնելու), կատարի մկրտություն` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով
և Տերունական ընթրիք:
Հիսուս Քրիստոսին Հավատացողների Եկեղեցի

No comments:

Post a Comment