-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 32 - ՋՐՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆ






Սուրբ Գրքից նկատում ենք, որ գոյություն ունի մկրտությունների ուսմունք, Եբ.6:2; ՄԿՐՏՈւԹՅՈւՆ ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ, ՋՐՈՎ և ԿՐԱԿՈՎ: Սակայն այս թեմայում կուսումնասիրենք ՙՋրով մկրտությունը՚ հետևյալ երեք բաժիններով.
1. Ո՞Վ Է ՊԱՏՎԻՐՈւՄ ՄԿՐՏՎԵԼ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ
2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԿՐՏԵԼ ԵՎ ՄԿՐՏՎԵԼ
3. ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ Ի՞ՆՉ ԽՈՐՀՈւՐԴ Է ԱՐՏԱՀԱՅՏՈւՄ

1. Ո՞Վ Է ՊԱՏՎԻՐՈւՄ ՄԿՐՏՎԵԼ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ

Ջրով մկրտությունը Սուրբ Եռամիասնության կողմից լիազորված Հիսուս Քրիստոսի պատվերն է: Մտթ.28։19,20; Հովհ.7։16,17;
Այս մկրտությունը կոչվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու կամ Տեր Հիսուս Քրիստոսի անունով մկրտություն, որը ցույց է տալիս մկրտվողի պատկանելությունը և իրավունքը, որ նա պատկանում է Սուրբ Եռամիասնությանը և իրավունք ունի օգտվելու նրա բոլոր բարիքներից` սկսած մեղքերի թողությունից: Մտթ.28։19; Գործք.2:38; 19:5,6;
ՙՄկրտությունը՚ հունարենում ՙԲապթիզո՚ բառն է, որը նշանակում է ընկղմվել, սուզվել։ Ուստի` Ջրով մկրտության համար բավարար ջուր է հարկավոր, որի մեջ կարելի լինի սուզվել: Հովհ.3։23; Գործք.8։36,38;

2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԿՐՏԵԼ ԵՎ ՄԿՐՏՎԵԼ

Նա կարող է մկրտել, որին Աստված է կարգել եկեղեցում պաշտոնի ծառայություն կատարելու: Մրկ.1։2,5; Եփ.4։11;
Իսկ այժմ ներկայացնենք հինգ կարևոր կետեր այն մասին, թե ո՞վ կարող է մկրտվել.
 Նա, ով հավատում է Հիսուս Քրիստոսին, ամեն ազգից` թե´ կին, թե´ տղամարդ. այսինքն ովքեր ընդունել են Քրիստոսի անձի շուրջ Ավետարանում եղած բոլոր վկայությունները` հատկապես Քրիստոսի մարդեղությունն ու աստվածությունը, քանի որ Սատանան հիմնականում Քրիստոսի մասին է կասկածներ և վիճաբանություններ առաջացնում։ Այս պատճառով յուրաքանչյուր քրիստոնյա պետք է շատ լավ իմանա և հաստատվի սուրբ գրային ճշմարտության մեջ։ Մտթ.28։19; Մրկ.1։15; Գործք.8։12; Գաղ.3։26-28;
Քրիստոսի մարդեղության և աստվածության վերաբերյալ նայել ՙՀիսուս Քրիստոս՚ թեման։
 Նա, ով աշակերտ է: Իհարկե, թե´ մկրտությունից առաջ և թե´ հետո մենք միշտ պետք է սովորենք։ Մտթ.28։19,20;
Եւ ճշմարիտ աշակերտը նա է, որի համար Քրիստոսի պատվիրանները և գործը ավելի բարձր են, քան իր ամեն ինչքերը, անգամ` անձը։ Ղուկ.14։25-33;
 Նա, ով ապաշխարել է: Գործք.2։38; Նայել ՙԱպաշխարություն՚ թեման։
 Նա, ում խղճմտանքը մաքուր է: Ի՞նչ է նշանակում սա և ինչպե՞ս է արտահայտվում։ Մկրտվողը իր անձի մեջ վստահություն պիտի ունենա, որ իր մեղքերը թողված են, և ինքը հաշտություն ունի Աստծո հետ և իր սրտում մեղքի համար հանդիմանություն չունի։ Եբ.10։22; 1Պետ.3:21; 1Հովհ.3։19-21;
 Նա, ով ունի դավանություն. Մրկ.8։38; Հռ.10։9,10; Եբ.4:14; 10։23;

3. ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ Ի՞ՆՉ ԽՈՐՀՈւՐԴ Է ԱՐՏԱՀԱՅՏՈւՄ

Հռ.6։3-6; Կող.2։12; Մկրտությունը խորհուրդ է, որով արտահայտվում է մարդու սրտում եղած հավատքը Տեր Հիսուսի հանդեպ։ Սա ծիսական արարողություն է. ջուրը մտնելը ցույց է տալիս մեղքի և հին կյանքի մահն ու թաղումը Քրիստոսի հետ, իսկ դուրս գալը հարության և նոր կյանքի խորհուրդն է Հիսուս Քրիստոսով: Եփ.2։6;
Մկրտվողը հավատում է, որ իրեն գերի անող հին մարդը` մեղանչական բնությունը` մեղքի օրենքը, Քրիստոսի մարմնում դատապարտվեց խաչի մահվան, իսկ իր հոգին կենդանացավ Քրիստոսի հարությամբ:
Մկրտությունը նաև հավատքի դավանություն է, որով մենք խոստովանում ենք, որ մեր հին բնույթը (որը չար էր) Քրիստոսի հետ մեռավ և թաղվեց: Նաև ինչպես Քրիստոսը Հոր փառքով և զորությամբ հարություն առավ, նույնպես և մենք նրանով նոր կյանք և բնություն ստացանք։ Հռ.6։4; 1Պետ.1։3;
Մկրտությունը նաև հիշեցնում է Քրիստոսի 2-րդ գալուստն ու սուրբերի հարությունը։ Մկրտվողը պետք է հավատա, որ ինչպես Տերը հարություն առավ, նույնպես մի օր ինքն էլ կփոխվի կամ հարություն կառնի և կմիանա նրան։

Մկրտության նման օրինակներ Հին Կտակարանում.
 Իսրայելի Եգիպտոսից դուրս գալը և Կարմիր ծովով անցնելը: Ել.14։21,22; 1Կոր.10։1-4;
Եգիպտոսում ստրկությունից` հին տերերից ազատագրումը, ծովով անցնելը, նոր ընթացքը և նոր ապրելակերպը Քրիստոսի փրկագործության օրինակն էր: Թլփատությունը նույնպես հին` մեղավոր կյանքից ազատագրման և նոր` սուրբ կյանքի մեջ մտնելու օրինակն  էր: Հռ.4։11; Կող.2։11; Եբ.8։10;
 Ջրհեղեղը նմանապես օրինակն էր հնից նորին փոխվելու: Նոյը ազատվեց հին` չար աշխարհից և ջրից հետո հաստատվեց նոր աշխարհում: Այսպես էլ մկրտությունը ցույց է տալիս մկրտվողի փոխված լինելը հին ու չար կյանքից դեպի նոր կյանք: 1Պետ.3:20,21;

Ամփոփում. Ջրով մկրտությունը Տեր Հիսուսի պատվերն է Հոր և Սուրբ Հոգու լիազորությամբ, որը խորհրդապատկերն է այն իրականության, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար և հարություն առավ մեզ արդարացնելու համար: Եւ որպես մեր Տեր ու Թագավոր` զորացնում է մեզ նոր կյանքով ապրելու և իր 2-րդ գալուստով հարուցանելով հավատացյալներին հավիտյան ապրելու:

No comments:

Post a Comment