-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 23 - ՀՐԵՇՏԱԿՆԵՐ


Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. ՀՐԵՇՏԱԿ ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ ԵՎ ԱՅԴ ԱՆՈւՆԸ ԿՐՈՂՆԵՐԸ
2. ԲԱՐԻ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ
3. ՉԱՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ
4. ՉԱՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ԶՈՐՈւԹՅՈւՆԸ

1. ՀՐԵՇՏԱԿ ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ ԵՎ ԱՅԴ ԱՆՈւՆԸ ԿՐՈՂՆԵՐԸ

Նախ տանք ՙհրեշտակ՚ բառի իմաստային պարզաբանումը: ՙՀրեշտակ՚ նշանակում է դեսպան`ուղարկված ծառայության համար: Եբրայերեն և հունարեն բուն բառը ունի այս թարգմանությունը այն իմաստով, որ Աստված ծառաներ է ուղարկել, որ նրանք հատուկ նպատակով ծառայեն մարդկանց:Գործք.12:6-10; 27:23,24;
Սուրբ Գրքում տեսնում ենք, որ այս անունը վերագրված է.

Ա. Որոշ մարդկանց. Մտթ.11:10; Հայտ.2:1,8,12; - եկեղեցում ծառայող Աստծո պաշտոնյային:
Բ. Տեր Հիսուս Քրիստոսին. Մաղ.3:1; ՙՈւխտի հրեշտակ՚ անունը Տերը կրում է լոկ իր ծառայության բնույթի պատճառով, քանի որ նա է Աստծուց ուղարկված Նոր Ուխտի Ավետաբերը և Փրկիչը:
Գ. Երկնային որոշ էակներին. Նրանք հրեշտակ անունը ստացել են ոչ թե իրենց էության պատճառով, այլ ծառայության, որովհետև ուղարկվածներ են: Եբ.1:14; Մարդիկ և այս էակները իրարից խիստ տարբերվում են: Տարբերություններից մեկը սա է. մարդը մահկանացու է, երկնային հրեշտակ անվանված էակը` ոչ: Սակայն երկնային հոգևոր այս անձերը ևս ստեղծված են: Սաղ.148:2-5;
Նրանք սեռ չունեն: Մտթ.22:30;
Հոգի են / ոչ նյութական մարմնով: Եբ.1:7;
Այս երկնային էակները իրենց հերթին բաժանվում են երկու խմբի. բարի  հրեշտակներ` Աստծո հրեշտակներ, և չար հրեշտակներ` Սատանայի հրեշտակներ:

2. ԲԱՐԻ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ

Ինչպես վերը նշեցինք, այս հրեշտակները ստեղծված են և մահկանացու չեն: Նրանց բարությունը արտահայտվում է Աստծուն ծառայելու մեջ: Թեև նրանք անձնավորություն են և ունեն ազատ ընտրության կարողություն, բայց և այնպես նրանք ինքնագլուխ չեն գործում, այլ հնազանդվում են Տիրոջը, կատարում են Աստծո խոսքը և չեն ընկնում անիրավության մեջ: Նեեմ.9:6; Սաղ.103:20; 2Պետ.2:11;
Հրեշտակները երկրպագություն չեն ընդունում, այլ իրենք են երկրպագում երկրպագության արժանի միմիայն Աստծուն և կատարում նրա բոլոր հրամանները: Մտթ.4:10; Եբ.1:6; Հայտ.22:8,9;
Եբ.1:6-ից երևում է, որ հրեշտակները ամենագետ չեն: Երբ որ Տեր Հիսուսը` Աստծո Եռամիասնության մեկ անձը մարդկային մարմնում հայտնվեց, հրեշտակները չգիտեին, արդյոք այդ վիճակում էլ երկրպագեն Աստծո Որդուն, թե ոչ, դրա համար Աստծուց հրեշտակներին եղավ մի հայտնություն հրամանի կերպով, որ.«Հիսուսին երկրպագեն Աստծո բոլոր հրեշտակները»:
Այս հրեշտակների ներկայությունը նկատում ենք Աստծո շատ գործերում: Օրինակ`
Մարդկանց ավետիս են տալիս: Ղուկ.1:11; 2:8-15;
Նեղությունից փրկում են: Դան.6:22; Գործք.12:7-10;
Աստծո դատաստաններն են ներկայացնում: 4Թագ.19:35; Գործք.12:23;
Թեև հրեշտակները չեն փրկության հեղինակը, սակայն նրանց ծառայությունը նկատվել է մարդկության փրկագործության մեջ: Նրանք իրենց ծառայությամբ ներկա են եղել Տեր Հիսուսի ծննդից սկսած մինչև հարությունն ու համբարձումը: Նրանք ավետիս տվեցին Մարիամին և Հովսեփին: Հրեշտակի ծառայությամբ էր Հովսեփի, Մարիամի և Հիսուսի Եգիպտոս գնալը, գալը և Նազարեթում բնակվելը: Հիսուսի փորձության ժամանակ անապատում, Գեթսեմանի պարտեզում, հարության և երկինք համբարձվելու ժամանակ հրեշտակները ներկա են եղել: Ինչպես նաև երկրորդ գալստյանն էլ նրանք Տիրոջ հետ են լինելու:Մտթ.16:27;
Ամբարիշտներին պատժելու գործում ևս նրանց ներկայությունը կա: Մտթ.13:41,42; Հայտ.16:1;
Հափշտակության ժամանակ էլ նրանց մասնակցությունը լինելու է, ինչպես նաև Սատանային շղթայակապ անելու մեջ էլ հրեշտակի ծառայությունը կա: Նրանք նաև հավիտյան լինելու են Տիրոջ և փրկվածների հետ:Մտթ.24:31;
Ներկա ժամանակում էլ նրանք սպասավորություն են անում Տիրոջ ժողովրդին` փրկությունը ժառանգողներին: Եբ.1:14;
Նրանք ամեն ժամանակ մարդկանց հետ են` նրանց պաշտպանելու չարից և ուրախանում են ամեն մեկի փրկության համար: Սաղ.34:7; 91:11,12; Ղուկ.15:10;

3. ՉԱՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ

Չար հրեշտակները Սուրբ Գրքում անվանվում են նաև չար ոգիներ կամ դևեր: Ինչպես վերը նշվեց, սրանք էլ են Աստծո ստեղծագործությունը, սակայն ի սկզբանե ոչ չար բնությամբ, որովհետև Աստծո ամեն ստեղծագործությունը բարի է եղել: Ծն.1:31; Ես.14:11-15; Եզեկ.28:11-19;
Չար հրեշտակների առաջնորդը հանդիսանում է Սատանան, որը թարգմանաբար նշանակում է հակառակորդ: Սուրբ Գրքում նրան, բացի վերը նշված անունից, տրվում է նաև այլ անուններ ևս`Բեեղզեբուղ, դևերի իշխան, այս աշխարհի իշխան կամ աստված, Արուսյակ, վիշապ, բանսարկու, մեծ օձ, փորձիչ և այլն: Հակառակորդ անունը նա ձեռք է բերել իր անկումից սկսած. նա հակառակվել է Աստծուն, և նրա հակառակությունը ավելին արտահայտվել է մարդու նկատմամբ, որը ստեղծվել է Աստծո պատկերով: Սատանան Աստծուց իրեն հանձնված իշխանությունը չպահեց` չմնաց այն իրավունքի մեջ, որը իրեն տրված էր, այլ ցանկացավ Աստծո նման լինել և իրեն հանձնված տնտեսության տերը լինել: Սակայն նա տիրելու մասին չպետք է մտածեր, այլ հավատարիմ ծառայելու: Հուդա 6;
Աստված Սատանային և նրան հետևող հրեշտակներին հարվածեց և վայր գցեց երկնքից: Վերը նշված վիճակը շատ նման է այն մարդկանց վիճակին, որոնք Աստծուց ստացած իրենց հանձնարարվածը չեն պահում, բայց ցանկանում են իշխել Աստծո տնտեսության վրա: Մտթ.21:33-41; 25:41;
Սատանան իր հրեշտակներով մշտապես հակառակվում է Աստծո գործին: Հենց սկզբից մարդուն մեղանչել տվողը ինքն էր: Աստծո զավակների նկատմամբ չարախոսությունը նա չի դադարել մինչև այսօր: Հոբ.1:6; Հայտ.12:10;
Ամեն կերպերով և միջոցներով նա ջանում է արգելք լինել մարդկության փրկությանը: Անապատում նա փորձ էր անում գայթակղեցնել Տեր Հիսուսին, սակայն այդպես էլ դա նրան չհաջողվեց: Հետագա ողջ ընթացքում իրեն հնազանդվող մարդկանցով ուզում էր վնասել Նրան: Թեև Աստծո թույլտվությամբ, բայց Սատանայի բանսարկությամբ Տեր Հիսուսը մատնվեց, զրպարտվեց և սպանվեց խաչի վրա: Տեր Հիսուսի հարությունից հետո էլ նա հակառակվում է Ավետարանի տարածմանը. մինչև անգամ հավատացյալների շրջանում նա կարողանում է իրեն հնազանդվողներ գտնել`  եկեղեցին պղծելու նպատակով: Գործք.5:1-5;
Մինչև հիմա էլ նա շարունակում է իր չար գործը և հակառակությունը: 1Պետ.5:8,9; Հայտ.12:10;
Տերը իր խոսքով ցույց է տալիս Չարի հավիտենական ապագան: Մտթ.25:41-46; Հայտ.20:9,10; Այս համարներից ակնհայտ երևում է, որ Աստված Սատանային և նրա չար հրեշտակներին պետք է գցի կրակի և ծծմբի լճի մեջ, որտեղ նրանք պետք է չարչարվեն հավիտյան և նրանց չարչարանքին վերջ չի լինելու: Նման ապագայի արժանանալու են նաև այն մարդիկ, որոնք չեն կամեցել ճանաչել Տիրոջը և չեն հնազանդվել նրա Ավետարանին: 2Թսղ.1:7-10; Հայտ.21:7,8;
Ընդհանրապես թե´ բարի և թե´ չար հրեշտակները ունակություն ունեն շատ արագ տեղափոխվելու. մեկ ակնթարթում նրանք կարող են հայտնվել երկրի հակառակ վայրում, և այլուր, սակայն ամենուրեք չեն: Նրանք կարող են մեծ հարվածներ տալ ֆիզիկական և հոգևոր աշխարհին, սակայն ամենակարող չեն: Նրանք օժտված են բարձր իմաստությունով, որը չունեն երկրավոր մարդիկ, բայց ամենաիմաստուն չեն, նրանք կարող են ազդել մարդկանց մտքերի վրա, բայց սիրտ և երիկամունք քննող չեն, որովհետևամենուրեքը, ամենակարողը, ամենաիմաստունը, ամենագետը միայն Աստված է:
Նրանց համար արգելք չեն հանդիսանում նյութական խոչնդոտները. կարող են հայտնվել փակ դռների ետևում, ծովի անդունդում և այլն: Նրանք միս և արյուն չեն, այլ ունեն երկնային մարմին, որը չի ենթարկվում ֆիզիկական բնական օրենքներին: Օրինակ` չեն մրսում, չեն հիվանդանում, նյութական շղթաներով չեն կապվում, կրակը նրանց վրա չի ազդում, նրանց չեն կարող հարվածել ֆիզիկական որևէ բանով: Սատանան և իր հրեշտակները չեն վախենում մարդկային ոչ մի միջոցներից, զենքերից կամ ինքնահնար պաշտպանողական արարողություններից` ասեղից, երկաթից, փշից, թուղթուգրից և այլն: Սատանայի հրեշտակները հնարավորություն ունեն մարդկանց մեջ բնակվելու, նրանց խելացնոր անելու և կործանելու: Մտթ.8:28-32; Սակայն չար հրեշտակների ամենամեծ և հիմնական գործը մարդկանց ճշմարտությունից մոլորեցնելն ու ստության` խավարի մեջ ամուր պահելն է, որ չլինի թե Քրիստոսի Ավետարանի ճշմարտության լույսը թափանցի մարդկանց սրտերը: 2Կոր.4:4;
Այս նպատակով չար հրեշտակները կարողանում են մարդկանց մեջ գտնել իրենց հնազանդվողներին, որոնց միջոցով կատարում են գուշակություններ և կախարդություններ: Չի բացառվում նաև նրանց ձեռքով հրաշքների և նշանների առկայությունը մարդկանց խաբելու համար, իբրև թե Աստծո ձեռքով է այն գործվում, որպեսզի հաստատեն իրենց մոլորությունը: Մինչև անգամ այդ մարդիկ կարող են երկնքից կրակ իջեցնել մարդկանց աչքի առաջին, ինչպես նաև ֆիզիկական օրենքներից դուրս նշաններ անել: 2Օր.13:1-3; Հայտ.13:13;
Անցյալում և մանավանդ այս օրերում Սատանան ավելի զբաղված է սուտ վարդապետություններ հնարելով, որպեսզի մարդկանց մոլորեցնի Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունից: 1Տիմ.4:1; 2Պետ.2:1-3;
Հարկ է նշել նաև, որ ինչպես Աստծո, այնպես էլ Սատանայի հրեշտակները ունեն կազմակերպված ծառայողական կարգ և գործելակերպ: Եփ.6:12;

4. ՉԱՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ԶՈՐՈւԹՅՈւՆԸ

Հայտ.12:11-ում մենք նկատում ենք, որ հավատացյալը հաղթության զորություն է ձեռք բերում Քրիստոսին հավատալով, նրա խաչի գործը դավանելով ու վկայելով անձնուրացությամբ: Եւ այս հաղթությունը սկսվում է փրկարար հավատք ունենալու պահից ու շարունակվում է հավատքով Աստծո պատվիրանները պահելով:1Հովհ.5:1-5; Մեր հաղթությունը մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսն է: Նա է մեր զորությունը: 1Կոր.1:23,24; Եփ.6:10-18; 1Հովհ.3:8;
Այս բաժնում մենք համառոտ ներկայացրեցինք հավատացյալների հաղթությունը, իսկ ավելի մանրամասն այդ հաղթության մասին կներկայացվի ՙՀոգևոր պատերազմ՚ թեմայում, որտեղ կարող ենք տեղեկանալ հիմնական այն միջոցին, որով հավատացյալները ունենում են հաղթություն Սատանայի և նրա ծառաների դեմ:

Ամփոփում. Հրեշտակ նշանակում է դեսպան` ուղարկված ծառայության համար: Եւ այս անունը կրել են թե´որոշ մարդիկ, թե´ Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես նաև երկնային որոշ էակներ, որոնք բաժանվում են երկու խմբի` բարի հրեշտակներ և չար հրեշտակներ, որոնք պետք է դատվեն ըստ իրենց գործերի:

No comments:

Post a Comment