-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 22 - ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅՈւԹՅՈւՆ


Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ՎԿԱՅՈւԹՅՈւՆ
2. ՎԿԱՅՈւԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՇՈՇԱՓՎՈՂ ԹԵՄԱՆ
3. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՎԿԱՅԵԼ
4. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՎԿԱՅԵԼ ԵՎ ՎԿԱՅՈւԹՅԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ՎԿԱՅՈւԹՅՈւՆ

Վկայություն տալու կամ վկայելու ամենապարզ բացատրությունը սա է. ինչ-որ մեկը պատմում է այն, ինչը տեսել, լսել կամ որևէ կերպով զգացել է: Oրինակ` երեխան տուն մտնելով վկայում է այն մասին, թե ինչպես իր ընկերը ընկավ ցեխի մեջ: Կամ մեկը պատմում է իր լսած կամ կարդացած որևէ հետաքրքիր պատմություն:
Այսպիսով, վկայել նշանակում է պատմել, հայտնել, մարդկանց տալ այն, ինչ վկայողը ստացել է անձնական փորձառությունով (իր կարդացածը, լսածը, տեսածը, զգացածը, շոշափածը, հավատքով ընդունածը և այլն):
Եւ մենք կանգ ենք առնելու Ավետարանը վկայելու հարցին:

2. ՎԿԱՅՈւԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՇՈՇԱՓՎՈՂ ԹԵՄԱՆ

Անձնական վկայության նպատակն է մարդկանց վկայել Քրիստոս Հիսուսի մասին, որպեսզի նրանք, հավատալով այդ վկայությանը, ստանան մեղքերի թողություն և փրկություն: Հովհ.20:30,31; Մարդը կարող է շատ բաներ պատմել Աստծո մարդկանցից կամ էլ սուրբ գրային տարբեր դեպքերից, սակայն մենք ցանկանում ենք բացահայտել այն վկայությունը, որով լսողները կարող են ստանալ մեղքերի թողություն և փրկություն: Հետևաբար` այն վկայությունը, որի մասին մենք խոսելու ենք, վերաբերվում է Աստծո փրկարար գործին: Շատ թեմաներ կարող են հաճելի լինել և հավատք ներշնչել լսողին Աստծո նկատմամբ, սակայն փրկություն և կյանք ստանալու համար Աստծո գործերի մեջ կա հատուկ պատմություն: Սուրբ Գրքում տարբեր մարդկանց մասին, տարբեր պատմություններ կան, որոնցից կարելի է խրատներ և դասեր առնել, սակայն միայն Տեր Հիսուս Քրիստոսի մասին եղած վկայությունն է, որ կարող է մարդկանց փրկության հավատք տալ:
Առաջին դարաշրջանի վկաները սույն ճշմարտությունը լավ էին հասկացել և գործածել են այն: Ղուկ.1:1-4; Հովհ.20:30,31; 1Թսղ.1:9,10; 1Հովհ.1:1-5;
Քրիստոսի աշակերտները տալիս էին իրենց անձնական փորձառությունների այն վկայությունը, որը մարդկանց մեջ կարող էր ձևավորել փրկության հավատք և մեղքերի թողություն տալ:
Այժմ ձեզ կներկայացնենք վկայության մեջ շոշափվող հիմնական փաստերը:
Ուսումնասիրելով Սուրբ Գրքում եղած Հիսուս Քրիստոսի մասին բոլոր վկայությունները` նկատում ենք, որ դրանք իրենց մեջ պարունակում են հիմնականում հետևյալ փաստերը. Աստծո Որդին` Քրիստոսը, մարմնով աշխարհ եկած, մարդկանց հետ հաղորդակցված, խաչի վրա սպանված, թաղված, մարմնով հարություն առած, երկինք բարձրացած, ապա մեղքերի թողություն` խաչի գործով, ապաշխարություն, նրա երկրորդ գալուստը, մեռելների հարությունը, դատաստան` Տեր Հիսուսի ձեռքով և Քրիստոսի հավիտենական Թագավորությունը: Գործք.2:14-36; 10:34-43; 1Կոր.15:1-4;
Այս ճշմարտությունների հետ միասին կան նաև լրացուցիչ ներկայացվող այլ փաստեր և թեմաներ` կապված ունկնդիրների ով լինելու հետ: Եթե լսողները հրեաներ էին, ապա վկայության նախաբանը շոշափում էր Հին Ուխտի Աստծո մարդկանց կյանքը, մարգարեությունները և նրանց ստացած խոստումները: Իսկ եթե ունկնդիրները հեթանոսներ էին, ապա նախաբանը փոխվում էր. շոշափում էին այնպիսի թեմաներ, որոնցով կարելի էր հեթանոսներին բերել հիմնական վկայությանը` Քրիստոսի անձին վերաբերվող, որովհետև Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, կյանքը, հարությունը և այն ամենը, ինչ որ պետք է հավիտյան ապրելու համար: Հետևաբար` հիմնական վկայությունը պետք է լինի Տեր Հիսուս Քրիստոսի անձին վերաբերվող ճշմարտությունները` հատկապես նրա խաչի գործը և հարությունը:

3. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՎԿԱՅԵԼ

Աստված որոշել է, որ Քրիստոս Հիսուսին հավատացող յուրաքանչյուր անձ ունենա անձնական վկայություն: Մրկ.8:38; Գործք.1:8;
ՙՍուրբ Հոգով մկրտություն՚ թեմայի մեջ բացահայտվել է, որ ամեն մկրտվող զորություն է առնում, որ Քրիստոսի մասին վկայի: Սուրբ Հոգին զորության և վկայության Հոգին է, ուստի ամեն հավատացյալ պետք է վկայի Քրիստոսի մասին, իսկ Սուրբ Հոգին այդ գործում զորություն կշնորհի նրան: Հայտ.19:10;
Առանց Քրիստոսի մարդիկ հոգևորապես մեռած են, և Աստված ամենքին սիրելով կամենում է վկայության խոսքով  մարդկանց բերել Փրկչին: Աստծո կամքն է, որ վկայություն տվողը նախ հավատա, ճանաչի, հաստատվի և միայն դրանից հետո վկայություն տա: Հռ.10:8-18; 2Կոր.4:13;
Նա, ով չի հավատում կամ չի ճանաչում Քրիստոսին և անհնազանդ է խոսքին, թող չվկայի, քանի որ դրանով կարժեքազրկվի Աստծո խոսքը վկայողի անձի պատճառով, և խոսքը իր նպատակին չի ծառայի: Սաղ.50:16-23; Հռ.2:21-24;
Այսպիսով, տեսնում ենք, որ.
Ա. Վկայելը Աստծո որդիների իրավունքն է: Այս իրավունքը նրանք ստացել են երկնքից, և ոչ ոք չի կարող արգելել նրանց: Գործք.1:8; 1Պետ.2:9,10;
Բ. Վկայելը Աստծո որդիների պարտականությունն է: Եթե չվկայեն` անտարբեր գտնվեն մահվան տարվողների նկատմամբ, կպահանջվի նրանցից` կմեղադրվեն: 4Թագ.7:9; Առակ.24:11; Մտթ.25:14-30;

4. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՎԿԱՅԵԼ ԵՎ ՎԿԱՅՈւԹՅԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

Երկրորդ բաժնում պարզեցինք, թե վկայողը հիմնականում ինչպիսի փաստեր պետք է շոշափի: Այդ հիմնական փաստերին գալու համար կարելի է օգտագործել անձնական վկայություններ անձնական կյանքից կամ էլ մեկ ուրիշի կյանքում տեղի ունեցած փորձառություններից: Հաճախակի գլխավոր թեմայի համար հող կարելի է նախապատրաստել առակներով, իմաստություններով և տարբեր թեմաներով: Ինչպես օրինակ. բժշկության, հարսանիքի, թաղման, աղքատության, հուսահատության, վախի, տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների թեմաներ, որոնք առնչվում են հիմնական թեմային: Օրինակ` մի օր երեք անձնավորություններ` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, նստում են մի եղբոր մեքենան: Եւ քանի որ նրանք առնչվում են օրենք խախտողների հետ, եղբայրը նրանց նուրբ կերպով ներկայացնում է, որ Աստված էլ իր Օրենքը խախտողների հետ գործ ունի, և մենք բոլորս էլ իրականության մեջ Աստծո Օրենքը խախտած մարդիկ ենք, ու մեզ սպասվում է ծանր դատաստան: Իսկ այդ դատաստանից փրկվելու միակ միջոցը Հիսուս Քրիստոսն է, որը խաչով իր վրա վերցրեց մեր պատիժները և հարություն առնելուց հետո երկինք գնաց: Երկրորդ անգամ էլ գալու է ապաշխարածներին` փրկություն, իսկ չապաշխարածներին արժանի պատիժ տալու համար:
Այս օրինակի պես կարելի է զանազան կերպերով մարդկանց ներկայացնել Քրիստոսի փրկության խոսքը` Ավետարանը:
Վկայող անձը նախօրոք պետք է հաշվի առնի ունկնդրի մշակույթը, պաշտամունքը, կրոնը, նախասիրությունները, հակումները, ինչ-որ չափով անհանգստացնող դժվարությունները, որպեսզի կարողանա արդյունավետ վկայություն տալ: Գործք.17:23;
Վկայողը պետք է շոշափի Քրիստոսի կյանքից փաստեր և ոչ թե խորը վարդապետություններ: Հնարավոր է` հանդիպես մեկին, որին նախկինում չես հանդիպել և գուցե հետագայում էլ չհանդիպես: Դրա համար վկայությունը պետք է լինի լիարժեք` շոշափի այն ճշմարիտ փաստերը, որից լսողը կարողանա ստանալ ճշմարիտ հավատք և փրկություն:
Վկայողի հաջողությունը խոսքը ճիշտ հասցնելու մեջ է, իսկ թե հետո լսողը ինչպես կվերաբերվի խոսքի հետ, դա իր գործն է: Օրինակ` փոստատարը պետք է նամակը հասցեատիրոջը հասցնի, իսկ թե ստացողը ինչպես կվերաբերվի իրեն ուղղված նամակի հետ, դա իր գործն է:
Վկայությունը պետք է հիմնված լինի ճշմարիտ փաստերի վրա, այլապես այն կդառնա սուտ, հնարած, որը Աստծուց արգելված է: Մեր վկայությունների արդյունավետության համար անհրաժեշտ է մշտապես աղոթքով խնդրել Աստծո առաջնորդությունն ու օրհնությունը:
Եւ վկայությունը կտա հետևյալ բարի արդյունքները.
Ա. Լսողները կստանան փրկության հնարավորություն. Հռ.10:14-17;
Բ. Վկայողը հոգևորապես աճ կունենա. Առակ.11:25,26;
Գ. Վկայողը կունենա վկայելու նոր փորձառություններ. 1Կոր.15:58;
Դ. Վկայությամբ կտարածվի Աստծո Արքայության Ավետարանը. Մտթ.24:14; Գործք.1:8;

Ամփոփում. Ավետարան վկայելը Աստծո որդիների իրավունքն ու պարտականությունն է, որի հիմանական թեման Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար գործն է, որպեսզի Արքայության Ավետարանի տարածման միջոցով մարդիկ հավատալով ստանան փրկության հնարավորություն:

No comments:

Post a Comment