-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 21 - ԵԿԵՂԵՑԻ









Այս թեման կուսումնասիրենք վեց բաժիններով.
1. ԵԿԵՂԵՑԻ ԲԱՌԻ ԻՄԱՍՏՆ Ու ԿԻՐԱՌՈւԹՅՈւՆԸ
2. Ո՞Վ Է ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՀԱՄԱՐ
3. ԵԿԵՂԵՑՈւ ՈՐՈՇ ԱՆՎԱՆՈւՄՆԵՐԸ ԵՎ ԴԻՐՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ
4. ԵԿԵՂԵՑՈւՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐԸ
5. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ
6. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1. ԵԿԵՂԵՑԻ ԲԱՌԻ ԻՄԱՍՏՆ Ու ԿԻՐԱՌՈւԹՅՈւՆԸ

Եկեղեցի բառը տառադարձումն է հունարեն ՙէկկլեսա՚ բառի, որը նշանակում է մարդկանց ժողովք: Նոր Կտակարանի հունարեն բնագրում այս արտահայտությունը գործածված է տարբեր ժողովների համար (օրինակ` հրեական ծերերի կամ մարդկանց որևէ միության համար): Սակայն այս թեմայում խոսելու ենք Քրիստոսին հավատացողների ժողովքի մասին: Աստված մարդկանց կանչել է հատուկ նպատակով` անջատվելու մեղսալից աշխարհից, լինելու Աստծո սեփական ժողովուրդը` նրան պաշտող: Թեև Հին Կտակարանում խոսվել է եկեղեցու կառուցման մասին, սակայն եկեղեցին սկիզբ է առել Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով իր հարությունից մոտ հիսուն օր հետո: Նոր Կտակարանում եկեղեցու հիմնադրման մասին խոսել է անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը ասելով. ՙ…Կշինեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն հաղթի նրան՚: Մտթ.16:18բ;
Այսպիսով, Նոր Կտակարանում ՙեկեղեցի՚ արտահայտությունը վերաբերվում է Քրիստոս Հիսուսին հավատացողների ժողովքին, և այսօր այս արտահայտությունը գործածվում է հետևյալ իմաստներով.
• Տեղական եկեղեցի (օրինակ` Կորնթոսի եկեղեցի, Եփեսոսի եկեղեցի և այլն): 1Կոր.1:2; Հայտ.2:1,8;
• Տնային եկեղեցի` կապված տներում հավաքվելու հետ: Հռ.16:5;
• Քրիստոսի տիեզերական եկեղեցի` Քրիստոնեական բոլոր եկեղեցիները միասին վերցված` թե´ անցյալի, թե´ ներկայի և թե´ ապագայի համաշխարհային ժողովքները միասին: Այսպիսով, այս ժամանակի եկեղեցին մասն է կազմում ամբողջական եկեղեցու: Եփ.1:22,23; Կող.1:18,24;
Հարկ է նշել, որ Հին Ուխտում իսրայել ժողովուրդը հանդիսանում էր նորկտակարանյան եկեղեցու նախակերպարը` կանչված, զատված` առանձնացված մի ժողովուրդ Աստծո համար: 2Օր.4:20; 1Պետ.2:9; Այս օրինակով Աստված ցույց էր տալիս, որ ինքն իրեն համար որպես սեփական ժողովուրդ բոլոր ազգերի միջից առանձնացնելու է մի ժողովք, որ իրեն պատկանի հավիտյան և այդ ժողովքով ցույց տա իր անսահման իմաստությունն ու փառքը:
Եկեղեցին Քրիստոս Հիսուսին հավատացողների միաբան ժողովքն է` կանչված և առանձնացված Աստծո համար: Եկեղեցին մարդկանցից բաղկացած այն կառույցն է, որին ծնունդ տվողը, հիմնադրողը և կառուցողը Աստված է: Մտթ.16:18; 1Կոր.12:13; 1Պետ.2:4-10;

2. Ո՞Վ Է ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՀԱՄԱՐ

Ա. ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ Է
Մտթ.16:16-18; Քրիստոսը եկեղեցու սեփականատերն է, որովհետև իր արյունով գնեց եկեղեցին: Գործք.20:28; Հայտ.5:9; Հետևաբար` ո´չ ոք եկեղեցու նկատմամբ սեփականատիրական վարմունքի իրավունք չունի` ո´չ եկեղեցում ծառայողները, ո´չ Սատանան և ո´չ էլ ուրիշ մեկը, բացի Տեր Հիսուս Քրիստոսից: Տկար լինի եկեղեցին, թե զորավոր, միևնույն է, այն պատկանում է Տեր Հիսուսին. նա իրավունքով սեփականատեր է և ոչ թե տնտես կամ գործադիր տնօրեն:
Թեև Տերը մեռավ մեր մեղքերի համար, բայց երրորդ օրը հարություն առավ, և մահը այլևս չի տիրի նրան: Եւ քանի որ նա կենդանի է հավիտյան, ապա իր ծրագրերը կհասցնի ավարտին: Ուստի նա իր եկեղեցու ապագան և իր ծրագրերի իրագործումը չի ավանդել որևէ մեկին: Հետևաբար` եկեղեցին որպես Քրիստոսի ժողովուրդ, պետք է ամեն ժամանակներում առաջնորդվի նրա ծրագրերով և որոշումներով: Օրինակ` աշխարհում եղել են առաջնորդներ, որոնք ծրագրեր են կազմել, սակայն մահվան պատճառով դրանք չեն հասցրել ավարտին: Եւ նրանցից հետո իրենց հետևորդներն են շարունակել այդ ծրագրի ընթացքը: Սակայն, ի տարբերություն նրանց, Քրիստոսի հետևորդները նրա կենդանի ներկայությամբ են նրա ծրագրով աշխատում: Գործք.26:16-18; Հռ.14:11;

Բ. ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՀԻՄՆԱԴԻՐՆ Է
Մտթ.16:18 բ; Տերն ասաց. «…Ես կշինեմ իմ եկեղեցին», հետևաբար մարդիկ, հրեշտակները կամ ուրիշ արարածները չեն հիմնել եկեղեցին, այլ Քրիստոս Հիսուսն ինքն անձամբ: Եւ Աստված է այս շինությունը պահպանում ու մեծացնում:
1Կոր.3:9,10-ում Պողոս առաքյալը գրում է, որ նա իմաստուն ճարտարապետի նման հիմք դրեց: Սակայն չպետք է կարծել, թե Պողոսն իրեն է վերագրում հիմնադիր լինելու հեղինակությունը, այլ նա Աստծո պատրաստած փրկության հիմքը` Քրիստոսի Ավետարանը, հասցրեց մարդկանց: Իսկ ընդունողներին Քրիստոսն է հիմնում և հաստատում կյանքի մեջ:

Գ. ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւ ՀԻՄՔՆ Է
Ինչպես ցանկացած կառույց հիմք ունի, այդպես էլ եկեղեցին հիմնված և հաստատված է Քրիստոսի վրա: 1Կոր.3:11;
Մտթ.16:18-ում Տերը Սիմոնին ոչ թե հիմք անվանեց, այլ Պետրոս, այսինքն քար, որը պետք է Քրիստոս հիմքի վրա հիմնվեր և հաստատվեր իր դավանության պես, իսկ մնացած քարերը պետք է դրվեն իրար վրա (ինչպես տունն է կառուցվում քարը քարի վրա դրվելով): Եկեղեցին պետք է տեսնի իր կատարյալ ամրությունը և անշարժությունը ու վստահ լինի իր ապագայի համար, որ ոչինչ չի կարող հաղթել իրեն, քանի որ իր հավատքի հիմքը հաստատուն վեմ է` հավիտյան անշարժ, և ժամանակների ցնցումները չեն կարող նրա վրա ազդել: Մտթ.7:24,25; Հռ.8:39; Փլպ.1:6; Եբ.10:35;
Ուրիշ որևէ անձ կամ որևէ բան եկեղեցին չպետք է ճանաչի իր համար որպես հիմք: Այն եկեղեցին, որը Տիրոջ վրա չի հաստատված, նման է ավազի վրա կառուցված տանը, որը ժամանակի փորձությանը չի դիմանալու` կործանվելու է:

Դ. ՔՐԻՍՏՈՍԸ ԵԿԵՂԵՑՈւՆ ԴԺՈԽՔԻ ԶՈՐՈւԹՅՈւՆԻՑ ԱԶԱՏՈՂՆ Է
Մտթ.16:18,19; Քրիստոսը հաղթեց խավարին և այդ հաղթությունը շնորհեց իր եկեղեցուն: Եկեղեցին մասնակից է երկնային իշխանությանը և հաղթությանը` կապելու և արձակելու: Մտթ.18:18; Ղուկ.10:19; Հովհ.16:33; 20:23; 1Կոր.15:57; Եփ.2:5,6;
Տերը իր իշխանության բանալին տալիս է նաև իր ընտանիքի անդամներին, որպեսզի այն օգտագործեն խավարի դեմ մղվող պատերազմում, Աստծո Արքայությունը տարածեն զորությունով, օժտված լինեն Աստծուց լիազորված այն իշխանությունով և իրավունքով, որը պարտության է մատնել Չարին:

3. ԵԿԵՂԵՑՈւ ՈՐՈՇ ԱՆՎԱՆՈւՄՆԵՐԸ ԵՎ ԴԻՐՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Նոր Կտակարանում եկեղեցուն տրվում է մի շարք անուններ, որոնցով էլ ավելի հասկանալի է դառնում եկեղեցու էությունը և նրա հետ կապված նպատակը: Թվարկենք դրանցից մի քանիսը.

Ա. ԵԿԵՂԵՑԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐՄԻՆՆ Է - Եփ.1:22,23; Կող.1:18;
Այս անվանումից երևում է, որ եկեղեցին այն դերն է կատարում Քրիստոսի համար, ինչը մարմինը գլխի համար. նա ղեկավարվում և հրահանգավորվում է Քրիստոսից: Նրանով է Քրիստոսի ծրագրերը իրականանում երկրի վրա: Եկեղեցին մարմնից և արյունից չի առաջնորդվում, այլ Աստծուց, և միայն այս դեպքում է, որ նա հոգևոր աճ կունենա: Մտթ.16:17; 1Կոր.12:3;
Ոչ թե եկեղեցին է առաջնորդում Տիրոջը, այլ Տերը` եկեղեցուն: Եկեղեցին չպետք է ինքնուրույն որոշումներ ու ծրագրեր կազմի և դնի Տիրոջ առջև, իբրև Տերն էլ հաստատի (դա սխալ է), այլ պետք է աղոթել, որ Տիրոջ որոշումները, ծրագրերը և առաջնորդությունները հասկանալի լինեն և դրվեն եկեղեցում:
Քանի որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ուստի նրա հետ ապրելու է հավիտյան` ժառանգելով այն ամենը, ինչ որ Քրիստոսն ունի: Եփ.1:18-23;

Բ. ԵԿԵՂԵՑԻՆ ԱՍՏԾՈ ՏԱՃԱՐՆ Է`  ԱՍՏԾՈ ՏՈւՆՆ Է - Եփ.2:20-22;
Հին Ուխտում Աստծո տաճարն այն վայրն էր, որտեղ ակնհայտ էր Աստծո ներկայությունը. այդ տեղում մշտական Աստծո պաշտամունք կար: Աստված վերցրեց քարեղեն տաճարը և կառուցեց իր կենդանի տաճարը` եկեղեցին, որը և հանդիսացավ վերը նշված վայրը, ուր ակնհայտ է Աստծո ներկայությունը:
Եկեղեցին Տիրոջ օրհնյալ, հաճելի և երանելի սերունդն է: 1Պետ.2:9,10;
Մտթ.16:17-ում ՙԵրանի՚ խոսքը ցույց է տալիս, որ Քրիստոսը հաճեց Պետրոսի դավանությունը և օրհնեց: Նմանապես Աստծո տան անդամները այսպիսի դավանություն ունեն:

Գ. ԵԿԵՂԵՑԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՍՆ Է - Եփ.5:22-27; Հայտ.19:7,8;
Այս անվանումը նույնպես ցույց է տալիս Քրիստոսի և եկեղեցու փոխադարձ պատկանելիությունը և նախանձավորությունը, այն նմանեցնելով փեսայի և հարսի անձնազոհ սիրուն, նվիրվածությանը, հավատարմությանը, հնազանդությանը, կյանքով և նպատակներով մեկ լինելուն և այլն:

Դ. ԵԿԵՂԵՑԻՆ ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ ՍՅՈւՆՆ Ու ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆ Է - 1Տիմ.3:15,16;
Աշխարհում աստվածաշնչային ճշմարտությունները պահպանված, հիմնված և կանգուն են Քրիստոսի եկեղեցիով: Եկեղեցին ոչ միայն պետք է պահի այս ճշմարտությունը, այլ նաև այն պաշտպանի զանազան խեղաթյուրումներից. նա պետք է իր հավատքի դավանությունն ունենա և պահպանի այն: Մտթ.16:16; Հռ.10:9,10; Եբ.4:14; 10:23; 13:15; Հայտ.12:11;
Տիրոջ երկրի վրա եղած օրերում շատերը Հիսուս Քրիստոսի դիրքը ցածրացրել էին, իսկ Պետրոսը ճշմարիտ դավանություն արեց: Աշխարհը նսեմացնում է Տեր Հիսուս Քրիստոսին տարբեր խեղաթյուրված մարմնավոր դավանությունով, սակայն եկեղեցին պետք է արժանի, ճշմարիտ հավատքի դավանությունով ցույց տա Տեր Հիսուս Քրիստոսի ով լինելը: Եւ դա շատ կարևոր է, քանի որ ճշմարիտ ճանաչողությունից է բխում ճշմարիտ հավատքը և դավանությունը, որի ժամանակ Տերը օրհնյալ հաղորդակցություն է ստեղծում եկեղեցու հետ և աճեցնում նրան:
Նշենք, որ եկեղեցուն տրվում են այլ անուններ ևս: Օրինակ` Մայր եկեղեցի - Գաղ.4:26,27; Երկնային Երուսաղեմ - Հայտ.21:2,9-11; սա ցույց է տալիս, որ այն Աստծո զավակների օրրանն է, որտեղ նրանք մայրական խնամքով և գուրգուրանքով են շրջապատված, ինչպես նաև եկեղեցին Տիրոջ` Թագավորների Թագավորի հոգևոր նստավայրն է` Թագավորանիստ քաղաքը` Աստծո Երկնային Թագավորությունը երկրի վրա:

4. ԵԿԵՂԵՑՈւՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐԸ

Ա. ԵԿԵՂԵՑՈւՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈւ ԿԱՐԳԸ
Քրիստոսի եկեղեցուն անդամակցելը նախ Քրիստոսի հետ մեկացումն է վերստին ծննդով: Սա հանդիսանում է եկեղեցուն անդամակցելու հոգևոր անտեսանելի կողմը: Հովհ.14:23; 1Կոր.6:17; Գաղ.6:15; Եփ.3:17; 4:4;
Եկեղեցուն անդամակցելու հոգևոր կողմին պետք է հետևի նաև եկեղեցուն անդամակցելու գործնական` տեսանելի կողմը: Դա այն է, երբ վերստին ծնված մարդը, ջրով մկրտվելով, միանում է տեղական որևէ եկեղեցու: Գործք.2:37-42,47;
Պետք է նշել, որ եկեղեցուն անդամակցելու հերթականությունը խիստ կարևոր է. նախ` վերստին ծնունդ, հետո` մկրտություն, քանի որ վերստին չծնված մարդը չի կարող համարվել եկեղեցու անդամ:

Բ. ԵԿԵՂԵՑՈւ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐԸ
Աստծո խոսքի մեջ տեսանելի են հիմնական և կարևորագույն երկու արարողակարգեր, որոնց մեջ կան խորհուրդներ, որոնք անձամբ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով տրվեցին եկեղեցուն: Դրանք են.
Բ. 1. ՋՐՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ
Բ. 2. ՏԵՐՈւՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԸ

Սրանք կոչվում են խորհուրդներ, քանի որ խորհրդանշում և ներկայացնում են Քրիստոսի խաչի փրկագործությունը խորհրդապատկերով: Սակայն դրանք ավելի մանրամասնորեն կներկայացնենք համապատասխան թեմաներում:

5. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ

Եկեղեցին պետք է փափագի, որ Տիրոջ թագավորությունը և ղեկավարությունը երկրի վրա էլ հաստատվի: Եւ ամեն մարդ Աստծուն երկրպագի և ամեն ինչում մարդկությունը, պետությունները, տերությունները, թագավորությունները և իշխանությունները հնազանդվեն Բարձրյալի դրած կարգ ու կանոններին, որովհետև Տիրոջ իշխանությունն ու թագավորությունը վեր է ամեն իշխանությունից և թագավորությունից: Եկեղեցին Աստծո թագավորությունն է և վեր է երկրի վրա եղող ամեն պետություններից և իշխանություններից Աստծո թագավորությունը տիեզերական թագավորություն է և երկրի վրա համաշխարհային թագավորություն է, իսկ ազգերի և ժողովուրդների թագավորությունները, դրանք թագավորություններ են Աստծո թագավորության մեջ: Ես.33:22; Մտթ. 6:9-13;
Եկեղեցու գլխավոր նպատակն է` եկեղեցում իրականանա Աստծո գլխավոր նպատակը. եկեղեցու անդամները պետք է Աստծո և նրա Որդի Հիսուս Քրիստոսի պատկերի նմանության մեջ աճեն` նրան նմանվեն: Ծն.1:26,27; Մտթ.5:48; Հռ.8:29; Եփ.4:13; Կող.3:10-14;
Եւ Եկեղեցին իր առջև դրված վերը նշված նպատակը իրականացնելու համար ունի հետևյալ երեք առաքելությունները.

Ա. ՃԱՆԱՉԵԼ ԵԿԵՂԵՑՈւՄ ԱՍՏԾՈւՑ ԵՂԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Տիրոջը կատարյալ հնազանդությամբ ծառայելու համար եկեղեցում պետք է ճանաչել Աստծուց եղած պարգևները, որպեսզի այդ ծառայությունները կատարվեն նրա պարգևի չափով և նրանից ուղարկված լինելով և ոչ թե ինքնագլուխ: Հռ.10:15; 12:3-8; 1Թսղ.5:12;

Բ. ԱՎԵՏԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
Եկեղեցին պետք է Աստծո կամքով Ավետարանի քարոզչությամբ կորսվող մարդկանց կանչի փրկության: Մտթ.28:19; 1Պետ.2:9;

Գ. ՆՊԱՍՏԵԼ ԱՊԱՇԽԱՐԱԾՆԵՐԻ ԱՃԻՆ
Բացի աշխարհին Ավետարանը քարոզելուց, եկեղեցում նույնպես ծառայություններ պետք է լինեն` Աստծո տված պարգևներով, որպեսզի Տիրոջը ընտրած մարդիկ աճեն դեպի կատարելություն` հասնեն Քրիստոսի նմանության: Մտթ.28:20; 1Կոր.14:26; Եփ.4:11-16; Կող.1:28; 3:16;

6. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Եկեղեցին` Աստծո ժողովուրդը, պետք է առաջնորդվի այն կարգ ու կանոններով, որոնք Աստված է որոշել, որ իր ժողովրդին դրանցով առաջնորդի: Ուստիև այդ կարգ ու կանոնները պետք է ուսուցանվեն եկեղեցում: Առակ.1:7; Մտթ.28:19,20; Եբ.5:12;
Այս առաջնորդության վերաբերյալ քննարկենք երեք բաժիններ.
Ա. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԿԱԶՄԸ
Բ. ԵԿԵՂԵՑՈւ ԱՆՀԱՏ ԾԱՌԱՆ
Գ. ԵԿԵՂԵՑՈւ ԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

Ա. ԵԿԵՂԵՑՈւ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԿԱԶՄԸ
Այս բաժինը կուսումնասիրենք առանձին երեք ենթաբաժիններով.
Ա.1. Ովքե՞ր կարող են լինել առաջնորդող կազմի մեջ
Ա.2. Առաջնորդող կազմի պարտականությունները
Ա.3. Առաջնորդող կազմի իրավունքները

Ա.1. Ովքե՞ր կարող են լինել առաջնորդող կազմի մեջ
Աստված ինքը լինելով Եռամիասնություն, իր ամեն գործերը գործում է Եռամիասնությամբ և ոչ թե միանձնյա: Եկեղեցում էլ պետք է պաշտոնյաների միաբանված կառավարություն լինի, ոչ թե միանձնյա: Առակ.11:14; 15:22; 24:3-6;
Ծրագիրը մեկն է, սակայն ամեն անձ իր ծառայությունն ունի: Ծն.2:18; Ել.3:18; Թվ.11:14-16; Սաղ.133:1-3; Եփ.4:11-16;
Առաջնորդող կազմի անդամները պետք է հոգևոր պաշտոնյաներ լինեն. Առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ և վարդապետներ: Եկեղեցու առաջնորդող կազմի մեջ նոր անդամի ընդգրկումը կատարվում է առաջնորդող կազմի ընտրությամբ սուրբգրային չափանիշերով:

Ա.2. Առաջնորդող կազմի պարտականությունները
• Առաջնորդող կազմը պետք է առաջնորդի եկեղեցին` Աստծո խոսքով և Սուրբ Հոգով: Հովհ.5:24; 6:64; 16:13; Հռ.8:12-14; 1Կոր.2:13; Գաղ.5:18;
• Առաջնորդող կազմի առաքելությունն է, որ նա Տիրոջ վարդապետությունով կրթի եկեղեցին, և Ավետարանը հասցնի աշխարհին: Մտթ.28:19; Գործք.15:35; Եփ.4:11,12;
• Եկեղեցու առաջնորդող կազմը պետք է յուրաքանչյուր նոր վարդապետությունները ներկայացնի եկեղեցու գործող անձնակազմին` մինչ դրանց գործի դնելը, և սպասի գործող անձնակազմի պատասխանին որոշված ժամանակում:

Ա.3. Առաջնորդող կազմի իրավունքները
• Առաջնորդող կազմը իրավունք ունի հյուրեր ընդունելու: 3Հովհ.5-8;
• Առաջնորդող կազմը իրավունք ունի ծրագրեր մշակելու: Գործք.8:14;
• Առաջնորդող կազմը իրավունք ունի ձեռնադրելու, մկրտելու, ՙՏերունական ընթրիք՚ տալու, թաղման արարողություն կատարելու, պսակադրելու, եկեղեցում Աստծո դատաստանը ներկայացնելու` պատժելու կամ պատժից արձակելու, որևէ մեկի ծառայությունը հաստատելու կամ դադարեցնելու: Մտթ.16:18,19; 18:18,19; Գործք.13:1-3; Եփ.4:12; 2Թսղ.3:14; 1Տիմ.4:14;
• Առաջնորդող կազմը իրավունք ունի ֆինանսական ծախսեր անելու (իր գործունեության մասին տեղեկացնելու գործող անձնակազմին, եռամսյակային կամ տարեկան կարգով): Գործք.4:34,35;
• Առաջնորդող կազմը իրավունք ունի անհատ ծառաներից հաշվետվություն պահանջելու` իրենց ծառայության հետ կապված: Գործք.11:1-4;

Բ. ԵԿԵՂԵՑՈւ ԱՆՀԱՏ ԾԱՌԱՆ
Այս բաժինը ևս կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Բ.1. Ո՞վ է եկեղեցու անհատ ծառան
Բ.2. Եկեղեցու անհատ ծառայի պարտականությունները
Բ.3. Եկեղեցու անհատ ծառայի իրավունքները

Բ.1. Ո՞վ է եկեղեցու անհատ ծառան
Եկեղեցում անհատ ծառա նա է, որն իր ծառայության համար Աստծուց իրեն եղած շնորհի մեջ ճանաչված է եկեղեցու գործող անձնակազմի և առաջնորդող կազմի կողմից և առաջնորդող կազմի կողմից էլ ձեռնադրությամբ հաստատված է: Գործք.13:1-3; 1Տիմ.4:14; 2Տիմ.1:6;

Բ.2. Եկեղեցու անհատ ծառայի պարտականությունները
• Եկեղեցում անհատ ծառան պարտավոր է հավատարմությամբ ծառայել իրեն հանձնարարված գործում և պետք է իմանա, որ իրեն հանձնարարված տնտեսության սեփականատերը ինքը չէ: Ինչպես նաև պետք է պատրաստ լինի հաշվետու լինելու առաջնորդող կազմին և ամեն նոր ծրագրեր և նոր վարդապետություններ ներկայացնի եկեղեցու առաջնորդող կազմին` մինչ դրանց գործի դնելը, և սպասի նրա պատասխանին: Գործք.21:17-19;
• Եկեղեցում անհատ ծառան իրեն հանձնարարված գործում պետք է առաջնորդվի Աստծո խոսքով և Սուրբ Հոգով: Գործք.20:27,28; 1Տիմ.4:13-16; 2Տիմ.2:15; Տիտ.1:1; 2:7,8;

Բ.3. Եկեղեցու անհատ ծառայի իրավունքները
• Եկեղեցում անհատ ծառան իրավունք ունի իրեն հանձնարարված գործում հսկել և կարգավորել` հոգ տանել: 1Տիմ.1:3,4; Տիտ.1:5;
• Եկեղեցում անհատ ծառան իրավունք ունի մասնակցելու ցանկացած մարդու անձնական գործերին, եթե տվյալ անձի կողմից իրավունք է ստացել: Հովհ.4:40; Գործք.16:13-15;
• Եկեղեցում անհատ ծառան իրավունք ունի իր ծառայության հետ կապված բոլոր խնդիրները, առաջարկությունները և բողոքները ներկայացնել առաջնորդող կազմին: Ել.18:22; Գործք.15:1,2;

Գ. ԵԿԵՂԵՑՈւ ԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Այս բաժինը նույնպես կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Գ.1. Ովքե՞ր են գործող անձնակազմի անդամները
Գ.2. Գործող անձնակազմի պարտականությունները
Գ.3. Գործող անձնակազմի իրավունքները

Գ.1. Ովքե՞ր են գործող անձնակազմի անդամները
Եկեղեցու գործող անձնակազմը կազմված է այն անհատ ծառաների միությունից, որոնք առաջնորդող կազմի կողմից ընտրվել և հաստատվել են սույն կազմի մեջ: Այս կազմից դուրս են առաջնորդող կազմի անդամները: Գործք.6:2-6;

Գ.2. Գործող անձնակազմի պարտականությունները
• Եկեղեցու գործող անձնակազմը պարտավոր է առաջնորդող կազմի առաջարկած որոշումներն ընդունելու, եթե իրավացի և հիմնավոր առարկություն չունի: Գործք.6:4,5;
• Եկեղեցու գործող անձնակազմը պարտավոր է իր ամեն որոշումներում առաջնորդվել Աստծո խոսքով և Սուրբ Հոգով: Գործք.1:20-26;

Գ.3. Գործող անձնակազմի իրավունքները
• Եկեղեցու գործող անձնակազմը իրավունք ունի առաջնորդող կազմից պահանջելու նրա պարտականությունների կատարումը` թերացման դեպքում: Գործք.6:1,2;
• Եկեղեցու գործող անձնակազմը իրավունք ունի բացահայտելու անհատ ծառաների կոչումը: Գործք.1:21-23;

Ամփոփում. Եկեղեցին Հիսուս Քրիստոսին դարձած հավատացողների միաբան ժողովքն է` կանչված և առանձնացված Աստծո համար` նրա գլխավոր նպատակին հասնելու` Հիսուս Քրիստոսին նմանվելու:
Եւ ամեն դարերում եկեղեցին պետք է Արքայության Ավետարանը քարոզի և ուսուցանի (առանց ավելացնելու և պակասեցնելու), կատարի մկրտություն` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և Տերունական ընթրիք:

ԵԿԵՂԵՑՈւ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԸ

ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԻ ՄԵԿՆՈւԹՅՈւՆԸ

- ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է ԵԿԵՂԵՑՈւ ԳԼՈւԽԸ - Եփես. 1:22; (հավիտենության նշանը - որ Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է հավիտյան):
- ԵԿԵՂԵՑԻՆ Է ՍՅՈւՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆ ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ - 1Տիմ. 3:15; (կնոջ տեսքով սյուն - խորհուրդ Եկեղեցու, որի վրա է ճշմարտությունը հաստատված՝ սյան վրայի Աստվածաշունչը):
- ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ - Մատթ. 16:18; ( Յոթ աստղերը Քրիստոսի յոթ Եկեղեցիների առաջնորդների խորհուրդն է, որոնք ներկայացնում են յոթ Եկեղեցիները: Ինչպես որ երկրի ամեն մի ղեկավար ներկայացնում է իր երկիրը): Հայտ. 1:4,16,20 




No comments:

Post a Comment