-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 27 - ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ


Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԿՈՂՄԵՐԸ
2. ՍԱՏԱՆԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈւԹՅՈւՆՆ Ու ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ
3. ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈւԹՅՈւՆՆ Ու ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ

1. Ի՞ՆՉ Է ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԿՈՂՄԵՐԸ

Հոգևոր պատերազմ ասելով նկատի ունենք երկու հոգևոր կողմերի հակամարտություն` լույսի և խավարի, բարու և չարի` Աստծո և Սատանայի: Մտթ.13:18-23,36-43; Եփ.6:10-12; Հայտ.12:7-12;
Աստծո զորքը կազմված է Աստծուն ծառայող մարդկանցից և հրեշտակներից, սակայն պատերազմը Աստծունն է: Հետևաբար` Աստծո ծառաները պետք է Աստծո սպառազինությունը հագնեն: Եփ.6:12,13; Հայտ.12:7;
Սատանայի զորքն էլ կազմված է Սատանային ծառայող մարդկանցից և հրեշտակներից: Մտթ.13:36-43; Եփ.6:12;
Մեր հոգևոր պատերազմը բարի պատերազմ է, քանի որ Ավետարանով մղվում ենք բարին գործելու, Աստծո բարի Թագավորությունը հաստատելու և հեռանալու չարիքից ու չարագործությունից, որը Սատանային հակառակ է, իսկ Աստծուն` ընդունելի: 1Տիմ.1:18; 2Տիմ.4:7;

2. ՍԱՏԱՆԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈւԹՅՈւՆՆ Ու ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ

Սատանա անունը թարգմանվում է ՙհակառակորդ՚: Նա իր բնությամբ կատարյալ հակառակ է Աստծուն: Աստված կատարյալ սեր է և սուրբ, իսկ նա կատարյալ պիղծ է, անիրավ է և ատող. նրանում սիրո և խղճի նշույլ անգամ չկա:
Նրան ոչ ոք չդրդեց ստության, այլ առաջին անգամ ստությունը ծնունդ առավ նրա մեջ. նա է ստության ծնողը` հայրը: Հովհ.8:44; Այժմ էլ նա սպառազինված է ստությամբ: Աստծո դեմ պատերազմում նրա նպատակը միշտ մնում է նույնը, ինչը հենց ամենասկզբում կար` ստությամբ հասնել Աստծո դիրքին և հռչակվել ու պաշտվել որպես Աստված: Ես.14:12-15; 2Թսղ.2:4; Հայտ. 13:4;
Սատանան հայտնվում է այն վայրերում, ուր Տիրոջ գործը կա և ճշմարիտ երկրպագություն է մատուցվում Աստծուն: Նա մարդկային հոգիների թշնամին է. նրա նպատակն է` գողանալ, սպանել, կործանել: Հովհ.10:10; Այդ իսկ նպատակով նա իր ծառաներին քողարկած ուղարկում է եկեղեցիները, որպեսզի Տիրոջը երկրպագողների ճշմարիտ երկրպագությունը խեղաթյուրի: Նա և իրեն հետևողները Աստծո սահմանած իրավունքներն են խախտում: 1Հովհ.3:4,8; 5:17;
Աստված կոչումին հասնելու համար նա գործածում է տարբեր` նենգ, պիղծ և ստոր միջոցներ, որոնք հիմնականում անիրավության` իրավունքի խախտման վրա են հիմնված, որ է նրա ռազմավարությունը: Իսկ այժմ նշենք այդ ռազմավարության մի քանի միջոցները.

Ա. ՍՏՈւԹՅՈւՆ
Աշխարհի ապականությունը հենց սկզբից` Եդեմական պարտեզում սկսվեց ստությամբ, և այժմ էլ նույն գործը շարունակվում է: Իրավունքի խախտման ամենամեծ և հիմնական միջոցը ստությունն է: Նշենք ստության մի շարք միջոցներ, որոնցով Չարը գործում է.

Ա.1. Սուտ մարգարեություններ և վարդապետություններ
Սատանան կազմակերպում է սուտ մարգարեների և վարդապետների գործունեություն: Նրա հիմնական ստությունը կայանում է սրանում` նա փոխում է Աստծո պատվիրանները` սխալ մատուցելով և մեկնելով: Ծն.3:4,5; Մտթ.4:5,6;
Սատանան նոր պատվիրաններ, տեսիլքներ և երազներ է տալիս և դրանք մատուցում որպես թե Աստծուց` Աստծո հեղինակություն դնելով դրանց վրա, որպեսզի ինքը ծածկված մնա և ընդունելություն գտնի: Մտթ.24:5; 2Կոր.11:13-15; 1Տիմ.4:1,2; 2Պետ.2:1-3;

Ա.2. Սուտ գիտություն
Սատանան հնարում է գիտական ուսմունքներ, որոնք իրենց մեջ պարունակում են թեմաներ` աշխարհի և տիեզերքի ծագման, մարդկության և կենդանության առաջացման մասին, որոնք բոլորովին սխալ տեղեկություններ են: Թեև այս ուսմունքների մեջ Աստված անունը ուղղակի չի շոշափվում, սակայն փաստացի այս տեսակ գիտական ուսմունքները հակառակում և մերժում են աստվածաշնչյան ճշմարիտ փաստերը: Օրինակ` էվոլյուցիոն տեսությունը և այլն: Սատանան ստեղծում է նաև զանազան սուտ փիլիսոփայություններ և կրոններ հոգևոր աշխարհին` անտեսանելի աշխարհին վերաբերող, որոնք ևս հակառակում են Աստծո ճշմարտությանը: Կող.2:8,18;

Ա.3. Սուտ հրաշք-նշաններ
Սատանայի ռազմավարության մեջ են նաև սուտ հրաշք-նշանները, որոնք նա նորից ներկայացնում է Աստծո անունով` իր անձը և գործունեությունը ընդունել տալու համար: 2Թսղ.2:9,10; Հայտ.13:13-15;

Բ. ՊԻՂԾ ԿՐՔԵՐ ԵՎ ՑԱՆԿՈւԹՅՈւՆՆԵՐ
Սատանան մարդկանց մղում է մարմնի ցանկությունների` նրանց գրգռելով դեպի զանազան պիղծ ցանկությունների, կրքերի և անմաքուր գերող սերերի, որոնցից է նաև միասեռականությունը: Գաղ.5:19-21; Եփ.2:1-3; 1Հովհ.2:15-17;

Գ. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՆՅՈւԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ
Սատանան հաճախակի հարձակում է գործում նաև մարդու ֆիզիկականի և նյութականի վրա` հալածանքներ, նեղություններ, հիվանդություն և աղքատություն բերելով, որպեսզի այդ կերպով ստիպի հավատացյալին, որ նա ուրանա և հրաժարվի Աստծո ճանապարհից: Հոբ.1:9-2:9; Ղուկ.13:10-17;

Դ. ԱՆՀԱՎԱՏՈւԹՅՈւՆ, ՀՈւՍԱՀԱՏՈւԹՅՈւՆ, ՎԱԽ
Սատանան հարձակվում է մարդկանց վրա` անհավատություն և հուսահատություն բերելով Աստծո անձի և աստվածաշնչյան խոստումների հանդեպ, որպեսզի մարդիկ հեռանան Աստծուց և դատապարտվեն: Ղուկ.8:11,12; Ինչպես նաև` նա վախ է ներազդում մարդու մեջ` կապված ապրուստի, առողջության, տանջանքի և մահվան հետ: Եւ երբ մարդը ընդունում է վախը, ինքնըստինքյան առաջնորդվում է վախից ազդված: Հետևաբար` նա վախի պատճառով ընկնում է Սատանայի առաջնորդության տակ: 2Կոր.4:4; Կող.1:22,23; 1Թսղ.4:12; Եբ.2:14,15;

Ե. ԿԱԽԱՐԴՈւԹՅՈւՆ
Կախարդությունը Սատանայի պատերազմելու կերպերից մեկն է, որով նա կարողանում է մարդկանց պղծել: Այդ կախարդությունների մեջ են մտնում տարբեր ձևերով գուշակությունները, հմայությամբ դյութելը, հիպնոսը, թուղթուգիրը, ոգեկանչությունը, վախ չափելը, մոմ ու արճիճ թափելը, սուտ հրաշքները, կախարդությունով բժշկությունները և այլն: 2Օր.18:9-13; Ես.8:19,20; Հայտ.9:20,21; 21:8;
Սուտը ներկայումս Չարի ամենատարածված զենքն է: Դրա վտանգը  մեծանում է նրանով, երբ կախարդությունը ներկայացվում է Աստծո կամ գիտության անունով, մանավանդ երբ դրա տարածման համար օգտագործվում են ինֆորմացիոն զանգվածային միջոցները` ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, թերթեր և այլն: Օրինակ` մուլտֆիլմերով և հեքիաթներով մարդկանց ցույց են տալիս կախարդության դետալներ` փայտիկ, տնակ, սփռոց, ծաղիկ, քար և այլն, որոնցով ֆիլմերի հերոսները իբրև հաղթություն, հարստություն և անուշ ուտելիքներ են ձեռք բերում` սրանցով երեխաների և մեծերի սրտերում հակում առաջացնելով դեպի կախարդությունը: Մարդիկ սկսում են իրենց մոտ պահել կախարդության նպատակով տարբեր առարկաներ` թալիսմաններ, մատանի, նալ (պայտ), աչքի հուլունք, փուշ, նկար և այլն: Ներկայումս կան ֆիլմեր, երաժշտություններ և ինֆորմացիոն հաղորդումներ, որոնցով Չարը ոչ թե ծածկաբար, այլ բացահայտ է գործում` բերելով ունկնդիրների վրա մեծ վախեր, շնության կիրք, սպանության, դաժանության մղումներ և դիվահարություն: Մարդիկ սրանցով պղծվում են և Չարին իրավունք տալիս իրենց կյանքի մեջ մտնելու ու վնասելու. իրենց վրա են բերում Աստծո հավիտենական դատաստանի բարկությունը: Ղվտ.19:31;
Զ. ՍԽԱԼ ՀԱՎԱՏՔ
Տարբեր միջոցներով Սատանան սխալ և սուտ հավատք է ստեղծում ժողովրդի մեջ և այդ հավատքի ընդձեռած իրավունքով դուռ է բացում վնասելու մարդուն, ժողովրդին, անգամ` ազգերին: Օրինակ`
• Նա, մարդկանց հայացքը հեռացնելով Արարչից, նրանց հավատքը դարձնում է դեպի ունայն և սուտ հույսերն ու վախերը: Մարդիկ սկսում են հավատալ աչքի հուլունքի, փռշտոցի, աչք խաղալու, հաց ընկնելու, խերով ոտքի, չար աչքի, հորոսկոպի մեկնությունների, որևէ խաչքարի, սրբապատկերների, որոնք կռապաշտություն են: Ես.8:19;
• Մարդկանց մեջ Սատանան նաև սխալ հավատք է ձևավորում սուտ երազով, մարգարեությունով, տեսիլքով, լուրերով և այլն: Այս միջոցներով նա գործելու իրավունքի դռներ է ստեղծում իր համար: Երեմ.23:13-17,27;
• Սատանան նաև կրոնական` ոչ աստվածաշնչային ավանդություններով և սովորություններով է սուտ հավատք ստեղծում: Մրկ.7:7-9; Հռ.16:17,18; Կող.2:16-23;

Է. ԻՆՔՆԱԳԼԽՈւԹՅՈւՆ
Սատանան մարդկանց մղում է ինքնագլխության. նա կամենում է, որ մարդը կառավարվի և առաջնորդվի իր սեփական իմաստությունով, ծրագրերով, մտահղացումներով և ոչ թե Աստծո խոսքով: Այս դեպքում մարդը դառնում է իր անձի տերն ու կառավարողը և ընկնում է Սատանայի կառավարության տակ (ինչպես դա կատարվեց առաջին մարդու` Ադամի հետ): Հռ.10:3; Եփ.4:17-19; Հակ.4:13-17;

Ը. ԳՈՎԱՍԱՆՔ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈւԹՅՈւՆ
Սատանան մարդկանց հաճախակի հպարտացնում է գովասանքով և հրապուրում նվիրատվությամբ ու հարստությամբ, որպեսզի այդ միջոցներով նրանց հավատքից հեռացնի: Մտթ.13:22; Կող.2:4; Եւ այս փորձը նա Տեր Հիսուսի հանդեպ էլ արեց, բայց հաջողություն չունեցավ: Մտթ.4:8-10;

3. ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՍՊԱՌԱԶԻՆՈւԹՅՈւՆՆ Ու ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ

Քանի որ Սատանան ինքը ոգի է և ոչ թե ֆիզիկական մարմին, դրա համար քրիստոնյայի զենքերը Սատանայի դեմ ոչ թե ֆիզիկական են, այլ հոգևոր: Դրանք Աստծո սպառազինությունն են և ոչ թե մարդկային: Հռ.13:12; Եփ.6:10,11;
Շատ անգամ Սատանան, իրեն ծածկելու համար, քրիստոնյաների մտքերը շեղում է դեպի մարդկանց, որ չլինի թե հավատացյալները Աստծո զենքերով իր հետ պատերազմեն, այլ որ մարմնավորապես վարվեն: Եփ.6:12;
Թեև Սատանայի հնարքները ոչ միայն հոգևոր աշխարհում են արտահայտվում, այլ նաև` ֆիզիկական աշխարհում` ֆիզիկական երևույթներով:
Հասկանալի դարձնելու համար Պողոս առաքյալը հոգևոր զենքերը անվանակոչել է այն անուններով, որոնք իր ժամանակաշրջանում կրում էին հռոմեական զինվորները: Եփ.6:11-17;

Ա. ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ ԳՈՏԻ
Եփ.6:14-ում արդյոք ՙճշմարտության գոտի՚ կամ ՙմեջքներդ ճշմարտությունով գոտեպնդեցեք՚ ասելով Պողոսը ի՞նչ նկատի ունի: Նախ նշված համարից տեսնում ենք, որ ճշմարտությունն ինքը գոտի է, որը պետք է կապվի: Մեզ արդեն հայտնի է, որ ճշմարտությունը դա Տիրոջ խոսքն է` Ավետարանի խոսքը, որը Հիսուս Քրիստոսի միջոցով եղավ: Հովհ.1:14,17; 17:17; Եւ այս խոսքերը, ըստ առաքյալի, պետք է կապենք մեր մեջքին: Այժմ պարզաբանենք, թե մեջք ասելով ի՞նչ նկատի ունի նա: Ֆիզիկական մարմնի վրա մեջքը գտնվում է մարդու միջնամասում. դա մարմնի վերնամասը և ստորին մասը իրար կապող հատվածն է: Այդպես էլ հոգևոր մեջքը պետք է որ գտնվի միջնամասում, այսինքն մարդու հոգին և մարմինը միացնող հատվածում: Իսկ ո՞րն է այդ հատվածը, որը կոչվում է հոգևոր մեջք: Ըստ Սուրբ Գրքի այդ մեջքը հանդիսանում է մարդու միտքը, որը պետք է լցված, ամրացված և հաստատված լինի Քրիստոսի ճշմարտությունով: Մտթ.13:13,19; Հռ.12:2; Եփ.4:23; Փլպ.2:5; 1Պետ.1:13; 1Հովհ.5:20;
Մարդկանց առաջին քայլը գալիս է մտքից. յուրաքանչյուր գործողությանը նախորդում է միտքը: Հետևաբար` շատ կարևոր է մտքի պարունակությունը, որին էլ հետևում է ընտրության քայլը: Հռ.4:21;
Եփ.6-րդ գլխում նշված սպառազինությունից կախված է մեր հաղթությունը: Եւ եթե մեր մտքերը ճշմարտությունով լցված չլինեն, ապա մենք չենք կարող դիմադրել թշնամու ստության զենքերի հարձակմանը, այլ հաճախակի կընկնենք տրտմությունների, հուսահատությունների և տարբեր մոլորությունների մեջ: Ես.26:3; 1Կոր.14:20;
Երբ մեր մտքերը լցված և ամուր են ճշմարտությունով, ապա մենք ապահովված ենք Սատանայի բերած երկմտություններից և կասկածներից: Այս դեպքում մենք ունենում ենք ամուր մեջք` հաստատուն միտք, որը չի թուլանալու տարբեր ծանրությունների բեռից, այլ կարող ենք հաստատուն կանգնել: Եփ.4:13,14; 6:14;
Եւ պատահական չէ, որ ֆիզիկական աշխարհում զինվորները, ինչպես նաև ծանրության հետ գործ ունեցող աշխատողները և մարզիկները գոտևորվում են:
Ճշմարիտ հավատք ունենալու համար պետք է ճշմարիտ միտք ունենանք: Հարկ է նաև նշել, որ նշված բոլոր զենքերը մենք պետք է հագնենք հավատքով: Հավատքը հանդիսանում է միջոց, որով ընդունում և հագնում ենք Աստծո զենքերը: Իսկ հետագայում ներկայացվող հավատքի զրահը և հավատքի վահանը ևս պետք է ընդունենք հավատքով, այսինքն մեր ունեցած հավատքը պետք է գնա դեպի կատարելություն: Այս միտքը ավելի կպարզաբանենք հաջորդ ենթավերնագրերի մեջ:

Բ. ԱՐԴԱՐՈւԹՅԱՆ, ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՍԻՐՈ ԶՐԱՀ
Եփ.6:14; 1Թսղ.5:8-ում խոսվում է զրահի մասին, որը կոչվում է արդարության, հավատքի և սիրո զրահ: Հոգևոր աշխարհում մեզ զրահ է պետք` Աստծո զրահը, որպեսզի հոգևոր պատերազմում չխոցվենք թշնամու զենքերից: Այժմ հերթականությամբ ուսումնասիրենք զրահի այս երեք անվանումները.

Բ.1. Արդարության զրահ - 2Կոր.6:7; Եփ.6:14;
Տիրոջ արդարությունը ընդունելը և դրա մեջ ապրելը մեզ համար հանդիսանում է զրահ, որովհետև մենք, հավատքով արդարացած լինելով, խաղաղություն ունենք Աստծո հետ և ապահովված ենք Սատանայի մեղադրանքներից և մեղքի դատապարտությունից: Տիրոջ շնորհած արդարությամբ մենք առաջնորդվում ենք արդարություն գործելու և մերժելու մեղսալի գործերը: Հետևաբար` մենք պաշտպանված ենք դատապարտությունից: Հռ.5:1; Այս արդարությունը Քրիստոսին հավատալու արդյունքն է և ոչ թե Օրենքի պահանջները կատարելու: Քրիստոսն ինքը Օրենքի պահանջը կատարելով` ճանաչվեց արդար և մեզ էլ մեր հավատքով մեկացրեց իր հետ ու մեզ համար ապահովեց փրկությունը: Ես.53:9-11; Եւ որքան ժամանակ մենք Քրիստոսի արդարության մեջ մնանք` շարունակենք նրան հավատալ և հետևել նրա արդարության պատվիրաններին, այդքան կատարյալ ապահով կլինենք խոցվելուց: Քրիստոսի արդարությունից դուրս ուրիշ զրահները` արդարությունները, խոցելի են. չեն կարող մարդուն պաշտպանել դատաստանից և թշնամու հարձակումից: Ես.64:6; Հռ.8:33,34; 1Կոր.1:30;

Բ.2. Հավատքի զրահ - 1Թսղ.5:8;
Այս հավատքը վերաբերվում է մարդուն արդարացնող և փրկող հավատքին: Հովհ.3:16,18; Այն հանդիսանում է որպես զրահ և կատարում վերը նշված պաշտպանողական գործողությունը, որովհետև հավատալով Աստծո խոսքին ու մտքին` առաջնորդվում ենք դեպի կյանք` պաշտպանվելով վնասից և կորուստից: Սակայն եթե չհավատանք Աստծո խոսքերին կամ ժամանակ առ ժամանակ խախտվենք հավատքից, այդ ժամանակ կընկնենք ուրիշ խոսքերի առաջնորդության տակ, որոնք տանելու են դեպի մահ: 1Տիմ.1:18,19; Միայն Աստծո խոսքերն ու մտքերն են, որ մարդուն պահում են մարդկային և սատանայական խոցելի խոսքերից ու մտքերից` չթողնելով, որ մարդու կյանքը ավերվի: Այսպիսով, Աստծուն և Քրիստոսին հավատացողը ունի անխոցելի զրահ: Հետևաբար` մենք պարտավոր ենք հավատալ նրան և նրա արդար պատվիրաններին հետևել, որպեսզի մեր հագին ունենանք այս անխոցելի զրահը: Հավատքի ներկայությունը հեռացնում է մարդու սրտից անհավատությունը և ազատում նրան դատապարտությունից` հասցնելով Աստծո շնորհած փրկությանը:

Բ.3. Սիրո զրահ - 1Թսղ.5:8;
Սերը նույնպես հանդիսանում է զրահ` մարդու կյանքը պաշտպանելու համար: Սիրով լցված մարդը ազատ է դատապարտության տանող ատելությունից: Սիրո բացակայության պատճառով մարդը հավատում է չարախոսության, իսկ սիրով լցված մարդը ամեն բան քննում է. երկայնամիտ է: Սերը մարդուն պաշտպանում է չարագործությունից և չի թողնում, որ նա դատապարտություն բերող գործեր կատարի: Հռ.13:8-10; 1Կոր.13:4-7; Կող.3:14; 1Պետ.4:8;
Սեր ասելով նկատի ունենք աստվածային սուրբ սերը և ոչ թե աշխարհի, որը ոչ թե զրահ է, այլ Սատանայի զենք` խոցելու համար իրեն ունեցողին: Հակ.4:4; 1Հովհ.2:16;

Գ. ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈւԹՅԱՆ ԿՈՇԻԿՆԵՐ
Ես.26:3; Եփ.6:15; Ինչպես նախորդ անվանումները, այս անվանումը ևս պատահական չէ: Երբ մարդ կոշիկ է հագնում, դա ցույց է տալիս, որ նա պատրաստվում է որևէ տեղ գնալու: Այսպես էլ Աստծո խոսքը խրատում է հավատացյալներին, որ միշտ պատրաստ լինեն գնալու, սակայն ու՞ր: Այսինքն պատրաստ լինել խաղաղության Ավետարանի պատգամները լսելու և դրանց հնազանցվելու, որովհետև Եփ.6:15-ում նշված է ՙխաղաղության Ավետարանի պատրաստություն՚ բառակապակցությունը: Հակ.1:19;
Թեև խոսքը գնում է պատերազմի մասին, բայց և այնպես մեր պատերազմը խաղաղության պատերազմ է. պետք է պատրաստ լինենք խաղաղություն անելու ամենքի հետ: Ավետարանով մարդկանց հրավիրում ենք խաղաղվելու Աստծո և մարդկանց հետ: 2Կոր.5:18-20; 13:11; Եփ.4:3; Կող.1:20; 3:15; Եբ.12:14;
Ուստի, տեսնում ենք, որ մեր հաջողությունը խաղաղության Ավետարանին հետևելով` խաղաղություն անելով է: Մարդը չպետք է դանդաղի Ավետարանի պահանջը կատարելու, այլ ամեն հարցում պետք է պատրաստ լինի Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու` զինվորի նման ամեն հրամանները կատարելու, թեկուզ այդ պատվիրանը Սուրբ Գրքից նոր բացահայտվի: Սաղ.119:60;
Մարդը պատրաստ պետք է լինի իր կյանքից և գաղափարներից հեռացնելու այն, ինչը Ավետարանից չէ: Փլպ.3:15;

Դ. ՀԱՎԱՏՔԻ ՎԱՀԱՆ
Հավատքի մասին ավելին խոսվել է ՙՀավատք՚ թեմայի մեջ, իսկ ՙՀոգևոր պատերազմ՚ թեմայում մենք այս ամենը ներկայացնում ենք հակիրճ` ցույց տալով միայն նշված զենքերի անվան հետ կապված գործողությունները:
Եփ.6:16; Այս զենքը առաջինների նման նույնպես պաշտպանվելու համար է, որը հավատացյալին պաշտպանում է Չարի կրակոտ նետերից: Այս հավատքը առանձնանում է իր կատարելությունով, որը կարող է ամեն կրակոտ նետերը մարել: Սրանից առաջ նշված զենքերի մասին խոսելիս նշեցինք, որ առանց հավատքի հնարավոր չէ ընդունել ճշմարտությունը, արդարությունը և ուրիշ սպառազինություն: Սակայն, ի տարբերություն հավատքի զրահի, այս հավատքը կատարյալ հավատք է: Այո´, ինչպես որ հավատքից արդարություն, ճշմարտություն և սեր կա, այդպես էլ հավատքից հավատք կա: Եփ.4:13; 2Թսղ.1:3;
Ինչպես որ վահանն է գործածվում պաշտպանվելու համար, այդպես էլ հավատքը մարդուն հակաաստվածաշնչյան ուսմունքներից և առաջնորդություններից է պաշտպանում: Սատանայի ռազմավարության մեջ նշեցինք, որ նա հնարում է սուտ ուսմունքներ, որոնք հակասում են աստվածաշնչյան վկայություններին և մղում են մարմնավոր առաջնորդությունների: 1Տիմ.4:1,2; Սակայն երբ հավատում ենք Աստծո խոսքին, այդ դեպքում Սատանայի նրբորեն քողարկած ստերը չեն կարողանում մտնել մեր սրտերը, այլ դրանք, հանդիպելով հավատքի վահանին ու զրահին, դառնում են անպտուղ: Հավատքը հանգցնում է Սատանայի կրակոտ նետերը, որոնցով նա ուզում է այրել և ավերել մեր կյանքը:

Ե. ՓՐԿՈւԹՅԱՆ ՀՈւՅՍԻ ՍԱՂԱՎԱՐՏ
Եփ.6:17; 1Թսղ.5:8; Պողոսը հույսը նմանեցնում է գլխին դրվող սաղավարտի, որը ապահովում և պաշտպանում է գլուխը հարվածներից: Ինչպես որ հավատքի վահանի համար նշվեց, թե խոսքը հատուկ կատարյալ հավատքի մասին է, նույնպես էլ այս նշված հույսը կատարյալ հույս է, ոչ թե տատանվող: 1Պետ.1:13;
Այս հույսը կապված է մեր ապագա փրկության հետ, որը կատարվելու է Քրիստոսի երկրորդ գալուստով: Տիտ.2:12,13; Հավատացյալ մարդը հաճախակի կորցնում է իր հույսը, մտածելով` ապագայում կամ հարություն չկա կամ էլ դժվար թե ինքը ժառանգի այդ փրկությունը: Սակայն Աստծո խոսքը մխիթարում է նմաններին` հուսադրելով ապագայի նկատմամբ: Եւ եթե մարդը կորցնի իր այս հույսը, Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ նման մարդը ինքնըստինքյան կընկնի չարագործության մեջ: 1Կոր.15:19,34,58; 1Թսղ.4:12-17; 1Պետ.1:13-22; 1Հովհ.3:2,3;
Հույսը, որպես սաղավարտ, պահում է մարդու գլուխը` մտքերը և սպասումները կապված ապագայի հետ, իսկ եթե հույսը վերանա, ապա կվերանան նաև ապագայի հանդեպ եղած սպասումները, և մարդը կգնա ոչ թե բարեգործության, այլ կտրվի չարագործության` ասելով. ՙՈւտենք, խմենք և ման գանք, որովհետև մեռնել կա`  ապագայի հույս չկա՚: Մտթ.24:45-51;

Զ. ՀՈԳՈւ ՍՈւՐ
Եփ.6:17; Եթե քննարկված բոլոր միջոցներըը պաշտպանվելու համար էին, ապա այս զենքը թե´ պաշտպանվելու և թե´ հարձակվելու համար է: Մարդը զրահով, սաղավարտով կամ էլ գոտիով չի կարող մեծ վնաս հասցնել և վռնդել թշնամուն: Եթե որևէ մեկը պատերազմում որոշել է միայն պաշտպանվել, ապա նա իրեն դատապարտել է պարտության, որովհետև միայն պաշտպանվելը չի հեռացնում թշնամուն, այլ թշնամին մոտ գտնվելով` կարող է խոցել և սպանել իրեն: Սակայն այլ է վիճակը, երբ մարդը իր ձեռքին ունի թշնամուն հարվածող սուր: Այս դեպքում թշնամին պետք է որոշակի հեռավորություն պահի` սրի հարվածներից խուսափելու համար: Այս զենքը` սուրը, մարդկային չէ, այլ դա Աստծուց է և հոգևոր, այն է` Աստծո խոսքը: 2Կոր.10:3-6; Երբ դու գործածում ես Աստծո խոսքը, այդ դեպքում Սուրբ Հոգին իրավունքով կարող է քեզ համար պատերազմել: Եւ մենք գիտենք, որ Աստծո Հոգին անպարտելի է: Եւ քանի որ մարդը Աստծո խոսքը կատարելով առիթ և իրավունք է տվել Հոգուն, որ նա պատերազմի, հետևաբար` Չարի դեմ պատերազմում հաղթությունը տվյալ մարդունն է:
Չարի դեմ պատերազմում որպես սուր է հանդիսանում նաև ավետարանչությունը և վարդապետությունը: Մտթ.28:19,20;
• Ավետարանչությունը հնարավորություն է տալիս, որ լսողը ապաշխարի և ազատագրվի Չարի իշխանությունից ու հաստատվի Աստծո Թագավորության մեջ: Մրկ.1:14,15; Ղուկ.9:1,2;
• Վարդապետությունը հիմնահատակ փչացնում է Սատանայի բոլոր հնարավորությունները. Չարին ամբողջովին հեռացնում է մարդու կյանքից և հավատացողի ընտրությունն ու ճանաչողությունը Աստծո հանդեպ դարձնում կատարյալ, որով և հիմնովին փակում է Սատանայի առջև մարդուն կորցնելու ամեն հնարավորությունը: Եփ.4:11-14; Եբ.5:13,14;
Աստծո խոսքը սուր է հանդիսանում նաև այն պահին, երբ հավատացյալը Աստծո տված իշխանությամբ և իրավունքով, Սատանայի հակառակության դեպքում, խոսքով սաստում և հեռացնում է Չարին համապատասխան իրավիճակի մեջ: Օրինակ` եթե Սատանան հակառակվում է իր ծառաներով ու ցանկանում է խանգարել ավետարանչությունը և ուսուցումը, այդ դեպքում Տիրոջ խոսքով Աստծո ծառան կարող է սաստել և հեռացնել Սատանային` թույլ չտալով նրան գործելու: Կամ էլ հայտնվել են մարդիկ, որոնք Աստծո կամ իրենց անունով հակաաստվածաշնչային ուսմունքներ են ներկայացնում: Այդ դեպքում հավատացյալները պետք է մղվեն ուղիղ ավետարանչության, վարդապետության, ինչպես նաև իրենց տրված իշխանությամբ սաստեն և վռնդեն չար ոգիներին, որոնք առաջնորդում են տվյալ մարդկանց: Այս բախումները կարող են տեղի ունենալ տարբեր միջավայրում: Գործք.13:4-12;

Է. ԱՂՈԹՔԻ ԼՐԱՏՎՈւԹՅՈւՆ
Եփ.6:18; Մեր պատերազմի մեջ հատուկ և կարևոր տեղ է գրավում աղոթքն առ Աստված: Քանի որ թեմայի սկզբում նշեցինք, թե պատերազմը մերը չէ, այլ Աստծո և Սատանայի, իսկ մենք Աստծո զինվորներն ենք, ուստի և սերտ հաղորդակցության մեջ պետք է լինենք Աստծո հետ, որովհետև նա է մեր առաջնորդն ու զորագլուխը: Եբ.12:2; Նշված պատճառով էլ մենք աղոթքներով և խնդրվածքներով պետք է ամեն ժամանակ հաղորդակցվենք մեր Հրամանատարի հետ` իրեն ներկայացնելով մեր կարիքները և նրանից ստանալով հրահանգներ ու պատերազմելու զորություն: Մեր աղոթքները պետք է լինեն Աստծո կամքի համաձայն` Սուրբ Հոգու առաջնորդությամբ և առանց թուլանալու: 1Հովհ.3:22; 5:14;
Այս աղոթքը պետք է լինի կատարյալ հարատևությամբ: Աղոթքի մեջ պետք է մշտապես հիշել նաև մեր զինակից սուրբերին, որպեսզի ամենքն իրենց կոչումի մեջ կարողանան դեմ կենալ Սատանային և հարված տան նրան: Հռ.15:30,31; Փլպ.1:27;

Ամփոփում. Հոգևոր պատերազմը հոգևոր երկու` իրար հակառակ կողմերի հակամարտությունն է` բարու և չարի` Աստծո և Սատանայի, Աստծո ծառաների և Սատանայի ծառաների միջև: Աստծո ծրագիրն է` մարդկանց մեջ հաստատել կյանքն ու օրհնությունը ճշմարտությամբ, իսկ Սատանայի ծրագիրն է` մարդկանց մեջ ստությամբ և խաբեությամբ հաստատել մահն ու անեծքը: Եւ այս պատերազմում Աստծո զորաբանակի Զորագլուխը Հիսուս Քրիստոսն է, որը հաղթեց Սատանային և նրա ամբողջ բանակին, և այս օրերում իր հաղթության մեջ է հաստատում նաև իրեն հետևողներին:

No comments:

Post a Comment