-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 31 - ՁԵՌՆԱԴՐՈւԹՅՈւՆ



Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. ՁԵՌՆԱԴՐՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈւՄԸ ԵՎ ԿԱՐԻՔԸ
2. ԵԿԵՂԵՑՈւՄ ԾԱՌԱՆԵՐԻ ՁԵՌՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ ԵՐԵՔ ՏԵՍԱՆԿՅՈւՆԻՑ
3. ՁԵՌՔ ԴՆԵԼՈւ ԻՐԱՎՈւՆՔԸ

1. ՁԵՌՆԱԴՐՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈւՄԸ ԵՎ ԿԱՐԻՔԸ

Եբ.6:2-ում կարևորագույն, առաջնահերթ վարդապետությունների շարքում շեշտված է նաև ՙՁեռնադրության՚ ուսուցումը:
Ձեռնադրությունը նաև հինկտակարանյան երևույթ է: Ծն.48:14; Թվ.27:22,23;
Նոր Կտակարանում ևս այդ երևույթը առկա է` նորություն չէ: Մտթ.19:13; Գործք.13:1-3;
Սահմանում. Ձեռնադրությունը Աստծո հայտնության ճանաչումն ու հաստատումն է, որով մարդը բացահայտում և հաստատում է ձեռնադրվողի իրավունքները ծառայության և օրհնության հետ կապված: 1Թագ.10:1,24,25;
Այժմ նայենք, թե ի՞նչ հարցերում է ձեռնադրությունը անհրաժեշտ.

Ա. ԵԿԵՂԵՑՈւՄ ԶԱՆԱԶԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՌԱՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ԳՈՐԾՈւՄ - որը պետք է կատարվի.
• Հայտնության հիման վրա, որը պետք է լինի սուրբգրային չափանիշերով:
• Ձեռնադրվողի բարի վարքի վկայությունով:  Գործք.6:6; 13:1-3; Գաղ.2:9; 1Տիմ.4:14;

Բ. ՕՐՀՆՈւԹՅԱՆ ԳՈՐԾՈւՄ - որի մեջ է մտնում նաև բժշկությունը. Մտթ.19:13; Ղուկ.4:41,42; Գործք.9:17;
Այս դեպքում խիստ պարտադիր էլ չէ, որ ձեռնադրություն լինի, սակայն կարող ենք սուրբ գրային չափանիշերի համեմատ որևէ մեկի համար բժշկության և օրհնության ձեռնադրություն կատարել:
Չի կարող լինել ձեռնադրություն առանց որևէ հայտնության, սակայն կարող է լինել հայտնությամբ ծառայություն եւ օրհնություն` առանց ձեռք դնելու: Օրինակ` Մովսեսի ծառայությունը, Կոռնելիոսի Սուրբ Հոգով մկրտությունը, հարյուրապետի ծառայի բժշկությունը և այլն:

2. ԵԿԵՂԵՑՈւՄ ԾԱՌԱՆԵՐԻ ՁԵՌՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ ԵՐԵՔ ՏԵՍԱՆԿՅՈւՆԻՑ

Ա. ԺՈՂՈՎՐԴԻ ՏԵՍԱՆԿՅՈւՆԻՑ - Ձեռնադրությունը հիմք է, որպեսզի ժողովուրդը ընդունի ձեռնադրվողի ծառայությունը` ճանաչի նրա իրավունքները և չհակառակվի նրան, որովհետև Տիրոջ կամքով է նա դրվել: Ծն.48:5,17-20; Թվ.27:18-21; 2Օր.34:9; 1Թագ.10:24,25;
Եթե Հակոբը Հովսեփի որդիների վրա ձեռք չդներ, իսրայել ժողովուրդը հետագայում չէր համաձայնվի, որ Եփրեմն ու Մանասեն Հակոբի մյուս որդկանց հետ միասին նահապետներ համարվեին և նրանց սերունդները առանձին ժառանգություն ստանային: Սակայն հարկ է նշել, որ եթե ձեռնադրվողը իր դիրքի և իրավունքի մեջ չմնա, նա կկորցնի իր ստացած դիրքն ու օրհնությունը, և ժողովուրդն էլ կարող է մերժել նրա ծառայությունը: Օրինակ` Եփրեմի ցեղը Տիրոջը չհնազանդվելու պատճառով հետագայում կորցրեց իր ստացած դիրքը և օրհնությունը: Եւ Հայտնության 7-րդ գլխում նշված Իսրայելի 12 ցեղերի շարքից հանված է ՙԵփրեմ՚ անունը:
Ձեռնադրություն չլինելու պատճառով ժողովուրդը հաճախակի չի կարողանում ընդունել Տիրոջ ծառայի պարգևը, որի պատճառով էլ սկսում է կասկածել ու հակառակել: Օրինակ` Մովսեսը թեև Աստծուց էր որոշված, սակայն ժողովրդի առջև ոչ ոք նրան չէր ձեռնադրել: Դրա համար հաճախակի նրա դեմ տրտունջ և հակառակություն էր առաջանում: Իսկ Հեսուի հանդեպ նման վերաբերմունք չեղավ, որովհետև նրա ձեռնադրությունը տեսան և համոզվեցին, որ այդ պարգևը Աստծուց է տրված:

Բ. ՁԵՌՆԱԴՐՎՈՂԻ ՏԵՍԱՆԿՅՈւՆԻՑ - Ձեռնադրվողին այս ակտը քաջալերում է: Նա դրանով լրացուցիչ վստահություն է ձեռք բերում` Աստծուց իր վրա եղած շնորհի համար, որ ինքը հաստատված է և պատասխանատու է իր ծառայության համար. կարող է իր ստացած իրավունքների համեմատ հստակ ու համարձակ գործել: Գործք.13:1-3; Գաղ.2:9; 1Տիմ.4:14;
Երբ ձեռնադրվողը տեսնում է, որ իր վրա ձեռք դնողը Աստծո մարդ է, քաջալերվում և հաստատվում է ապագա ծառայության համար, որ իր պարգևը հաստատվեց նաև Աստծո մարդու կողմից: Նաև նա չի վնասվում Սատանայի փորձություններից, որը կասկածներ բերելով ուզում է մարդուն չթողնել, որ նա Աստծո գործը գործի: Թվ.27:18-21; Ովսե.8:4;
Նմանապես Ջրով մկրտությունն էլ իր քաջալերանքն ունի` մարդուն հավատքի մեջ պահելու համար:

Գ. ՁԵՌՔ ԴՆՈՂԻ ՏԵՍԱՆԿՅՈւՆԻՑ - Օգտակար է այն մարդու ձեռք դնելը, որը ժողովրդի կողմից ճանաչված է որպես առողջ հոգևոր` Աստծո հնազանդ ծառա: Ձեռնադրողը ինքը ևս պետք է համոզված լինի այդ իրողության մեջ, որ Աստված տվել է այս կամ այն պարգևը ձեռնադրվողին: Նա նաև պետք է զգուշանա, որ շուտափույթ իր ձեռքերը ամենքի վրա չդնի, որովհետև նրա ձեռք դնելը երաշխավորություն է ձեռնադրվողի ծառայության և օրհնության համար: 1Տիմ.5:22;

3. ՁԵՌՔ ԴՆԵԼՈւ ԻՐԱՎՈւՆՔԸ

Առաջի բաժնում քննարկեցինք երկու պատճառներ, որոնց դեպքում անհրաժեշտություն կա ձեռք դնելու:
Ա. Եկեղեցում առաջնորդներ և զանազան ծառայությունների վրա ծառաներ հաստատելու գործում.
Բ. Օրհնության գործում, որի մեջ է մտնում նաև բժշկությունը.

Այժմ բացահայտենք, թե վերը նշված դեպքերում ովքեր իրավունք ունեն ձեռք դնելու:
 Եկեղեցու առաջնորդները երկու դեպքերում էլ իրավունք ունեն ձեռք դնելու: Գործք.14:22; Հակ.5:14;
Իսկ ամուսնության ժամանակ ձեռնադրությունը կատարվում է որպես օրհնության ձեռնադրություն, և այս արարողության համար հատուկ ծիսակարգ չի պատվիրված: Սակայն կարելի է եկեղեցու որոշ ծառաների հանձնարարել (ինչպես որ Գործք.6:6-ում սեղանների սպասավորներ նշանակվեցին), որպեսզի նրանք այդ արարողությունը կատարելով` բացատրեն ամուսնության հետ կապված Աստծո ծրագիրը և խորհուրդը:

Ամփոփում. Ձեռնադրությունը Աստծո հայտնության ճանաչումն ու հաստատումն է, որով մարդը բացահայտում և հաստատում է ձեռնադրվողի իրավունքները` ծառայության և օրհնության հետ կապված:

No comments:

Post a Comment