-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 20 - ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆ


Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. Ո՞Վ Է ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈՂԸ
2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԿՐՏՎԵԼ ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ
3. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
4. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՎԱԾ ԼԻՆԵԼՈւ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ

1. Ո՞Վ Է ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈՂԸ

Նախ տեսնենք, թե ի՞նչ է նշանակում ՙմկրտություն՚: Մկրտություն նշանակում է ընկղմում: Սուրբ Հոգու մեջ մկրտվել նշանակում է նրա էության մեջ ընկղմվել:
Այժմ նայենք, թե ո՞վ է Սուրբ Հոգով մկրտողը` մարդուն Սուրբ Հոգու մեջ վերցնողը` ընկղմողը: Ըստ Սուրբ Գրքի վկայության` Սուրբ Հոգով մկրտողը Տեր Հիսուս Քրիստոսն է: Մրկ.1:8; Գործք.2:32,33;
Այս մկրտությունը Աստծո խոստումն է, որն իրագործվում է Տեր Հիսուսի ձեռքով, և որևէ մարդ կամ ուրիշ գոյ չի կարող մկրտել Սուրբ Հոգով, որովհետև Աստված միայն կարող է իր Հոգուցը թափել մարդու վրա:Ղուկ.24:49;

2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԿՐՏՎԵԼ ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ

Սուրբ Հոգով մկրտվելու խոստումը գալիս է դեռևս Հին Կտակարանի գրվածքներից: Հովել 2:28,29;
Առաջին անգամ այս խոստումը իրականացավ Քրիստոսի հարությունից հետո` Պենտեկոստեի օրը:Գործք.2:1-4;
Ըստ Սուրբ Գրքի` Քրիստոսի համբարձումից հետո խոստացված Սուրբ Հոգով կարող է մկրտվել ամենայն ոք ամեն դարում, ամեն ազգից` թե´ կին, թե´ տղամարդ, ովքեր կհավատան Տեր Հիսուս Քրիստոսին:Գործք.2:17,38,39; 10:44-48;
Գործք.2:39-ից երևում է` որտեղ Աստծո կանչ կա, այնտեղ Աստծո որոշումը կա, որ կանչը ընդունողները մկրտվեն Սուրբ Հոգով: Եւ Աստծո Ավետարանի կանչը Քրիստոսի ժամանակներից սկսած ամեն դարերի մարդկանց համար է: Հովհ.7:37-39; Եփ.1:13; Հետևաբար` Աստված որոշել է Սուրբ Հոգով մկրտի ամեն դարերի մեջ ամեն կանչը ընդունողներին: Սակայն Աստված չի բռնանում Սուրբ Հոգով մկրտելու ամեն կանչվածին, եթե նա մերժում է մկրտությունը: Ես.28:11-13; 1Կոր.14:21;
Աստված որոշել է վերստին ծնվածներին` իր որդիներին մկրտել Սուրբ Հոգով: Մինչ մկրտությունը մարդու կողմից հավատք է պետք Տեր Հիսուսի հանդեպ: Եւ Աստված, այդ հավատքը տեսնելով, սրբում է մարդուն`տալով նրան վերստին ծնունդ և, որպես սրբված և նոր արարած, նրան մկրտում է նաև իր Հոգով:Գործք.15:8,9;
Ընդհանրապես Աստծո ամեն խոստումները ստանալու համար հավատք է պետք, սակայն Տերը կարող է մեզ մկրտել մեր չսպասած պահին, Գործք.10:44-48; բայց և այնպես Տերը մեզ մղում է հավատքով աղոթելու:Ղուկ.11:13;
Վերստին ծնունդը և Սուրբ Հոգով մկրտությունը իրարից տարբեր իրադարձություններ են: Օրինակ` մինչ Տիրոջ աշակերտների Սուրբ Հոգով մկրտված լինելը Տերը խոսում էր նրանց Աստծո զավակներ լինելու մասին: Սա ցույց է տալիս, որ մարդը վերստին ծնված լինելով կարող է դեռևս մկրտված չլինել Սուրբ Հոգով: Ղուկ.11:13; Սակայն մինչ վերստին ծնունդը անհնար է Սուրբ Հոգով մկրտվել: Մտթ.7:6; Գործք.2:38;
Այժմ չենք ուզում խորապես խոսել վերստին ծննդի մասին, թե ինչպես է դա կատարվում, որովհետև ՙՎերստին Ծնունդ՚ թեմայում պարզվել է, որ մարդը վերստին ծնվում է Ավետարանին հավատալով Սուրբ Հոգու զորությամբ և ոչ թե մկրտությամբ, ինչպես ինքը` Տեր Հիսուսը մեկնեց:
Սուրբ Հոգով մկրտությունը միայն նորկտակարանյան ժամանակաշրջանի երևույթ է, որի կատարվելով մարդու կյանքում երկու մեծ իրադարձություն է կատարվում.
Ա. Մարդ ընկղմվում է Սուրբ Հուգու էության մեջ: Մրկ.1:8;
Բ.  Մարդու մեջ հաստատվում է Սուրբ Հոգու կյանքի աղբյուրը: Հովհ.7:37,38;
Հինկտակարանյան ժամանակաշրջանի մարդիկ լցվում էին Սուրբ Հոգով, բայց չէին մկրտվում: Թերևս մեկը կհարցնի. ՙԻ՞նչ տարբերություն կա մկրտության և լեցունության միջև՚: Օրինակ` կարող ենք բաժակը լցնել ջրով, սակայն ուրիշ բան է բաժակը ջրի մեջ: Մի տարբերություն ևս. մեկը կարող է ջուրը դրսից բերել տուն, իսկ մեկ ուրիշը իր տան մեջ ունի ջրի աղբյուրը: Ճիշտ այսպես Աստված կամեցավ Հիսուսին հավատացողներին ընկղմել Սուրբ Հոգու մեջ և նրանցում հաստատել կյանքի աղբյուրը: Հովհ.7:37-39;
Մարդը Սուրբ Հոգով մկրտվում է մեկ անգամ (ինչպես Սուրբ Գրքում ենք նկատում), բայց հաճախակի կարող է լցվել Սուրբ Հոգով: Այս մկրտության մեջ ուրիշ օրհնություններ էլ կան, որոնց մասին այլ թեմաներում կխոսվի:
Ի տարբերություն հինկտակարանյան ժամանակաշրջանի հավատացյալների, նորկտակարանյան հավատացյալներին Աստված Սուրբ Հոգով մկրտելով` անսահման մեծ հնարավորություն է տվել հաղորդակցվելու և վայելելու իրեն:

3. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Այս բաժնում կուսումնասիրենք չորս ենթաբաժիններ.
Ա. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈւԹՅԱՆ ԱՊԱՑՈւՅՑՆ Է
Բ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՆ ԳՐԱՎՆ Է
Գ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ՄԱՐԴՈւ ԿՅԱՆՔԸ ՊՏՂԱԲԵՐ Է  ԴԱՐՁՆՈւՄ
Դ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՄԵԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈւՆԻ

Ա. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈւԹՅԱՆ ԱՊԱՑՈւՅՑՆ Է
Սուրբ Հոգով մկրտողը Հիսուս Քրիստոսն է: Մրկ.1:8; Եւ քանի որ այսօր կատարվում է մկրտություն, դա ապացույց է, որ Տերը հարություն է առել և կենդանի է: Հովհ.16:7; Գործք.2:32,33;

Բ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՆ ԳՐԱՎՆ Է
Քանի որ մարդը, Քրիստոսին հավատալով, ունենում է վերստին ծնունդ, ուստի որպես որդի նա ստացել է Աստծո ժառանգության խոստումը: Հետևաբար` Աստված խոստացած ժառանգության համար, որը դեռ չի տրված, իր Հոգին գրավ է տալիս իր ժառանգորդներին: 2Կոր.1:20-22; 2Կոր.5:5; Եփ.1:13,14;
Իրականության մեջ գրավը ավելի մեծ է, քան այն, ինչի համար գրավը դրված է: Եւ այս գրավը` Սուրբ Հոգին, խոստումները մեզ հասցնելուց հետո էլ մեզ հետ հավիտյան կմնա: Հովհ.14:16,17;

Գ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ՄԱՐԴՈւ ԿՅԱՆՔԸ ՊՏՂԱԲԵՐ Է  ԴԱՐՁՆՈւՄ
Այս ենթաբաժինը երեք տեսանկյուն ունի.
Գ.1. Սուրբ Հոգով մկրտվողը զորություն է ստանում անարատ կյանքով ապրելու համար: Գաղ.5:22-25;
Գ.2. Սուրբ Հոգով մկրտվողը դառնում է Քրիստոսի զորավոր վկան` հոգիներ շահելու համար:Հովհ.15:26,27; Գործք.1:8;
Գ.3. Սուրբ Հոգով մկրտվածը կարող է եկեղեցում Տիրոջը ծառայել իրեն տրված պարգևով: 1Կոր.12:4-7;

Դ. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՄԵԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈւՆԻ
Տերը չի ուզում մարդուն մենության մեջ թողնել. նա որոշել է մարդու հետ լինել հավիտյան: Դրա համար մկրտությունով նա հավատացողին մեկացնում է իր հետ, ինչպես նաև նա մեզ մեկացնում է իր ժողովրդի հետ: Հովհ.14:16-20; 1Կոր.12:13; Եւ մեզ իր հետ միացնելով մեր աղոթքը դարձնում է զորավոր: Հռ.8:26; Եփ.6:18;
Սակայն Սուրբ Հոգով մկրտությունը Աստծուց չհեռանալու երաշխիք չէ: Մարդը ազատ է իր կամքի մեջ և հնարավոր է, որ փոխի իր ընտրությունը:

4. ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՎԱԾ ԼԻՆԵԼՈւ ԱՊԱՑՈւՅՑՆԵՐԸ

ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԿՅԱՆՔ
Սուրբ Հոգով մկրտված և Հոգով առաջնորդվող մարդու կյանքում երևում են Սուրբ Հոգու բնությունից բխող սուրբ գործերը: Գաղ.5:22,23; Կող.1:9-11;

ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԱՂՈԹՔ
Սուրբ Հոգով մկրտված լինելը արտահայտվում է նաև օտար լեզվի աղոթքով: Գործք.2:4; 10:44,45; 19:1-7;
Ոմանք օտար լեզվի աղոթքը շփոթում են օտար լեզուների պարգևի հետ, սակայն սրանք իրարից տարբերվում են: Օտար լեզվի աղոթքը և օտար լեզուների պարգևը մարդը կրթությամբ ձեռք չի բերում: Օտար լեզվով աղոթելը ի հայտ է գալիս ամեն Սուրբ Հոգով մկրտված հավատացյալի մոտ, իսկ օտար լեզուների պարգևը ամենքին չի տրվում: Սուրբ Հոգով մկրտվածը միայն մեկ օտար լեզվով է աղոթում, իսկ օտար լեզուներով խոսելու պարգև ունեցողը խոսում է այլևայլ լեզուներով, այսինքն մեկից ավելի օտար լեզուներով: 1Կոր.12:10,30;

Ամփոփում. Սուրբ Հոգով մկրտողը Տեր Հիսուս Քրիստոսն է: Նա որոշել է, որ իրեն հավատացող ամեն մարդու մկրտի Սուրբ Հոգով, որպես աստվածային ժառանգության գրավ:

No comments:

Post a Comment