-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 30 - ԵՐԴՈւՄ


Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. ԵՐԴՈւՄԸ ԸՍՏ ՍՈւՐԲ ԳՐՔԻ
2. ԵՐԴՄԱՆ ԳՈՐԾԱԾՈւԹՅՈւՆԸ ՆՈՐ ՈւԽՏՈւՄ
3. ԱՍՏԾՈ ԵՐԴՈւՄՆԵՐԸ

1. ԵՐԴՈւՄԸ ԸՍՏ ՍՈւՐԲ ԳՐՔԻ

ՙԵրդումը՚ խոսք է, որն իր մեջ ունի օբյեկտ, և այդ օբյեկտը երդվողի համար ունի ամենաբարձր արժեքն ու հեղինակությունը. երդման խոսքը հաստատում է խոսողի խոսքի ճշմարիտ և անփոփոխ լինելը: Եբ.6:13-20;
Թե´ Հին և թե´ Նոր Կտակարաններում ՙԵրդման՚ թեման լուրջ տեղ է գրավել: Նոր Կտակարանում այս թեման կարևոր տեղ է գրավել թե´ Տեր Հիսուսի վարդապետության մեջ և թե´ նրա հետևորդների ուսուցումներում: Երդման խոսքին հանդիպում ենք Աստվածաշնչի առաջին գրքից սկսած, որի մեջ հենց ինքն Աստված էլ է երդվում: Ծն.22:16-18;
Հին Կտակարանում հանդիպում ենք այն փաստերին, որ Աստված ուղղություն էր տվել իր ժողովրդին` երդումը գործածել խոստումների, ուխտերի, պայմանների, վեճերի և վիճարկելի հարցերի մեջ: Ել.22:10,11; 2Օր.6:13; Ես.65:16; Երեմ.4:2; Եբ.6:16;
Աստծո կողմից ուղղություն էր տրվել, որ երդման օբյեկտը լինի միայն Աստված` միայն Աստծով երդվեն: Եւ սա ցույց է տալիս Աստծո անհավասար մեծությունը ողջ տիեզերքում: Եբ.6:13,14; Սակայն եթե մեկը որևէ ուրիշ բանով երդվեր, սա ցույց էր տալիս, որ երդվողը Աստծուց ավելի բարձր էր դասում այն, ինչով նա երդվում էր: Սա անարգանք և ուրացում էր Աստծուն, ինչպես նաև սուտ վկայություն` իբրև Աստծուց ավելի մեծը կամ նրան հավասարը գոյություն ունի:
Երեմ.12:16-ից երևում է, որ Աստված այն մարդկանց է հաստատելու որպես իր բաժինը, որոնց կողմից նա մեծարվում է:
Սոփ.1:4,5 - հատվածը ցույց է տալիս, որ ոմանք Աստծո հետ հավասար ուրիշ օբյեկտներ էին դասել և այդ մեղքի համար պետք է պատժվեին:
Եւ քանի որ երդման օբյեկտը` Աստված ամենաբարձրն է, ուստի երդման խոսքն էլ ամենաբարձրն ու ամենաարժեքավորն է ամեն խոսքերից, որը մինչև անգամ կարող է խափանել Աստծո որոշ հրամանները, որոնք երդումով չեն: Օրինակ` Ել.23:23,24,33-ում գրված է, որ Աստված որոշել էր տեքստում նշված ազգերին բնաջինջ անել իրենց մեղքերի պատճառով: Նա հրաման էր տվել իսրայել ժողովրդին, որ կոտորեն այդ ազգերին: Իսկ երբ Հեսուն խաբվելով նշված ժողովուրդներից մեկին` գաբավոնացիներին, երդումով խոստացավ նրանց չկոտորել, այդ ժամանակ, երդման խոսքի պատճառով, բնաջինջ անելու հրամանը նրանց հանդեպ խափանվեց: Հեսու 9:3-21; Եւ երբ մի քանի հարյուրամյակներ հետո Իսրայելի Սավուղ թագավորը գաբավոնացիներից ոմանց կոտորեց` նրանց բնաջինջ անելու նպատակով, այդ պատճառով Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա և նրանց պատժեց, որովհետև Տիրոջ անունով եղած պայմանի խախտումը նշանակում է Տիրոջ անվան ոտնահարում: 2Թագ.21:1-9;
Ուրեմն` թե´ երդման օբյեկտը փոխելը և թե´ երդման խոսքը` որոշումը խախտելը նշանակում է անարգել Աստծուն:

2. ԵՐԴՄԱՆ ԳՈՐԾԱԾՈւԹՅՈւՆԸ ՆՈՐ ՈւԽՏՈւՄ

Սուրբ Գրքում ՙԵրդման՚ և ՙՊարծանքի՚ միջև որոշակի նմանություն կա, քանի որ երկու դեպքում էլ ցույց է տրվում Աստծո մեծությունը` աննման լինելը և եզակիությունը: Սակայն Նոր Կտակարանում ՙԵրդման՚ և ՙՊարծանքի՚ նկատմամբ վերաբերմունքը տարբեր է. երդումը արգելված է, իսկ Աստծով պարծենալը` ոչ: Երդման մեջ, մեծարանքից զատ, պարտավորվածություն կա, իսկ պարծանքի մեջ միայն փառավորում, հույս, մեծարանք և դավանություն կա: 1Կոր.1:30,31;
Նոր Կտակարանում Տեր Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց չերդվել, ասելով. ՙՁեր այոն` այո լինի և ոչը` ոչ՚, այսինքն առանց երդման էլ ճիշտը խոսեք` մի´ ստեք: Եւ քանի որ մարդը հեռատես և ամենագետ չէ, հնարավոր է` շփոթվի և ընկնի փորձության մեջ, ինչպես Հեսուն, Հերովդեսը: Մտթ.14:6-12; Դրա համար Տերը պատվիրեց մարդուն չերդվել, որպեսզի ապահով մնա: Մտթ.5:33-37; Հակ.5:12; Հետևաբար` երդվելը արգելված է ոչ թե նրա համար, որ մեղք է, այլ որ մարդը փորձությունից ազատ լինի: Ուրեմն` եթե երդումը մեղք լիներ, ապա հենց ինքն Աստված չէր երդվի և նրա կողմից Հին Ուխտում երդման շուրջ ուսուցումն էլ չէր տրվի: Ուստի` չարը իմանալով մարդու տկարությունը (որ նա ենթակա է երդման խոսքը խախտելու), նրան դրդում է երդվելու, որպեսզի մարդը կանգնի պատասխանատվության և պատժի առջև: Ուրեմն` Աստծով երդվելն ինքնին մեղք չէ, այլ երդման խոսքը չկատարելն է մեղք:
Եթե մարդը մինչ գիտություն ունենալը երդվել է և այն չի կատարել, կարող է զղջումով խոստովանի իր մեղքը և ազատվի պատժից, որովհետև Աստված տգիտության ժամանակները անտեսում է և հրավիրում է ապաշխարության: Գործք.17:30; Իսկ եթե մարդը, գիտություն ունենալով հանդերձ երդվի, նա ծանր կհատուցի, թեև զղջումով, խոստովանությամբ և Տիրոջ արյունով թողություն կա: Սուրբ Գիրքը մեզ խրատում է, որ անգամ սովորական որոշման մեջ պետք է ասենք. ՙեթե Տերը կամենա՚, կամ ՙայո՚ և ՙոչ՚. սրանից ավելին չարություն, ամբարտավանություն և մեղք է: Մտթ.5:33-37; Հակ.4:13-17;

3. ԱՍՏԾՈ ԵՐԴՈւՄՆԵՐԸ

Այս բաժինը կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Ա. ԵՐԴՈւՄ ՏԵՐ ՀԻՍՈւՍԻ ԱՆՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Բ. ԵՐԴՈւՄ ՓՐԿՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Գ. ԵՐԴՈւՄ ԿՈՐՍՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Ա. ԵՐԴՈւՄ ՏԵՐ ՀԻՍՈւՍԻ ԱՆՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Մարդկության պատմությունը շատ նշանավոր մարդիկ է ունեցել, սակայն ամբողջ պատմության մեջ միայն մեկն է, որի աշխարհ գալու համար երդում է եղել անձամբ Արարիչ Աստծո կողմից: Գործք.2:30-ում Աստված Դավթին Տեր Հիսուսի աշխարհ գալու համար երդվեց: Նաև Տեր Հիսուսը Աստծո երդումով եղավ Քահանայապետ և Թագավորների Թագավոր` ի տարբերություն ամեն քահանաների և թագավորների: Եբ.7:20-22,28;
Տեր Հիսուսի 2-րդ գալստյան հետ կապված Սուրբ Գրքում նույնպես երդում կա: Մտթ.26:63,64-ում Տեր Հիսուսը ընդունեց երդումը և դրա հետ կապված խոսեց իր գալստյան մասին: Հայտ.10:5-7-ում հրեշտակը նույնպես երդումով խոսեց այդ իրադարձության մասին: 1Կոր.15:51,52;
Ինչպես նաև երդման վարդապետությունը ցույց է տալիս Տեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը, որովհետև Հռ.14:10-12-ում մեջբերում է արվում Հին Կտակարանից և Տեր Հիսուսը որպես Աստված երդվում է իր անձով «Կենդանի եմ ես» ասելով, որը Աստծո երդման ձևերից մեկն է:

Բ. ԵՐԴՈւՄ ՓՐԿՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Մենք` փրկվածներս, ավելի հաստատուն հիմք ունենք մեր հավատքի համար, որովհետև Աստծո խոստման հետ միասին նաև նրա երդումը ունենք: Եբ.6:17-20;
Ծն.15:4-6-ում Աստված Աբրահամի հավատքը իրեն արդարություն համարեց, սակայն երդումը դեռ չկար: Իսկ երբ Աբրահամը իր հավատքը գործով հաստատեց` իր անձն ու ինչքերը ամբողջովին ուրանալով, այդ ժամանակ Աստված նրան նաև երդման խոսքը տվեց: Ծն.22:16-18;
Մեկը կհարցնի. ՙեթե խոստումը կար, էլ երդումն ինչու՞ եղավ՚:
Աստծուց եղած խոստումը թեև անսուտն ու հաստատուն է, սակայն պայմանական է. այն պայմանավորված է հավատացյալի ընթացիկ հնազանդության հետ: Այսինքն Աստված իր խոստումը կկատարի, եթե մարդը մնա հնազանդության մեջ: Կող.1:21-23; Եբ.10:36;
Իսկ երբ հավատացյալը գործով հաստատում է իր ընտրությունը կատարյալ անձնուրացությամբ, ինչպես Աբրահամը, այդ ժամանակ, հավատացողի կամքի համեմատ, Աստված իրավունքով հավատացյալի կյանքի ղեկը վերցնում է իր ձեռքը: Եւ հենց այս դեպքում հավատացյալի համար կա երդման խոսք ճիշտ Աբրահամի օրինակով, որով Աստված հաստատուն ապահովության երաշխավորություն է տալիս նրա անշրջադարձ լինելուն` Աստծո հետ մնալու: Կարելի է այսպես ամփոփել. մինչ վերջնական կատարյալ անձնուրացությունը հավատացյալի ապագան (թեև դարձյալ Տիրոջ շնորհքով) պայմանավորված է նրա ընտրության և հնազանդության վրա: Սակայն երբ վերջնականապես` կատարելապես հավատացյալը ընտրում է Տիրոջը և ուրանում է իր անձն ու ամեն ինչքերը, այդ ժամանակ Աստված երդումով երաշխավորում է նրա ապագան` արդեն ոչ պայմանական: 2Պետ.1:3-11;

Գ. ԵՐԴՈւՄ ԿՈՐՍՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Ինչպես որ Աստված փրկվողների համար ունի խոստում և երդում` նրանց հավատքի և հնազանդության պատճառով, նույնպես կորսվողների համար ունի խոստում և երդում` նրանց անհավատության և անհնազանդության պատճառով: Եթե Աստված մեկի կյանքում բազում ողորմություն և բարիք է արել` հնարավորություն տալով նրան, որ դարձի գա դեպի իրեն և իր կամքին հնազանդվելուն, իսկ այդ մարդը այս ամենից հետո մնացել է անհավատ և անհնազանդ, այդ դեպքում Աստված երդումով հաստատում է նրա մերժումն ու ընտրությունը մինչև հավիտյան: Հռ.1:18-28; 2Թսղ.2:9-11; Եբ.3:10-14,18,19;
Աստված մարդկանց թողել է ազատ կամքի, բայց և այնպես վերջնական ինքը պետք է հաստատի նրանց կամքի ընտրությունը և ղեկը վերցնի իր ձեռքը` իր ունեցած գերիշխան իրավունքով: Եւ սրանից հետո իրավունք ունի բացելու կամ խստացնելու մարդկանց սրտերը, ինչպես որ փարավոնի հետ վարվեց: Ել.10:1;
Հետևաբար` Աստծո երդումը կատարյալ վիճակների համար է` թե´ դրական, թե´ բացասական:
Եզեկ.47:1-5 - հատվածից երևում է, որ Աստված այն մարդու կյանքի ղեկն է վերցնում իր ձեռքը, ով իր ընտրության մեջ խորանում  է մինչև կատարելություն` խոսքում նշված ջրերի օրինակի պես: Ջուրը նրան է առաջ տանելու` առաջնորդելու, ով խորացել է ջրի մեջ: Տիրոջը հակառակ ճանապարհի մեջ խորացածներն էլ կգնան դեպի կատարյալ բաժանություն Աստծուց:

Ամփոփում. ՙԵրդումը՚ խոսք է, որն իր մեջ ունի օբյեկտ, և այդ օբյեկտը երդվողի համար ունի ամենաբարձր արժեքն ու հեղինակությունը: Երդման խոսքը հաստատում է խոսողի խոսքի ճշմարիտ և անփոփոխ լինելը: Սակայն նորկտակարանյան ժամանակաշրջանում Տերը պատվիրել է չերդվել` փորձությունից հեռու մնալու նպատակով:
Աստված երդումներ ունի փրկվողների և կորսվողների հետ կապված` նրանց կատարյալ ընտրությունից ելնելով` ոմանք դեպի հավիտենական կյանք, իսկ ոմանք դեպի հավիտենական տանջանք` հավիտյան զրկված Աստծո հանգստից:

No comments:

Post a Comment