-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

<<ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ>>-ն իր ունկնդիրներից նամակներ է ստանում, Աստվածաշնչյան թեմաներին վերաբերվող հարցերով: Ուստի մենք ձեռնամուխ եղանք բացելու այս նոր էջը, որտեղ մենք հրապարակայնորեն կպատասխանենք այդ հարցերին, որովհետև կարծում ենք, որ նմանատիպ հարցեր կունենաք նաև Դուք՝ հարգելի աստվածավախ այցելուներ, ինչպես նաև Ձեզ կհետաքրքրի այդ հարցերի պատասխանները: Նաև դուք ունեք հնարավորություն գրելու Ձեր հարցերը և մենք սիրով կպատասխանենք դրանց:
Սեղմեք այստեղ Ձեր հարցերը գրելու համար:

Հարցատեր` Արմեն
68. ՀԱՐՑ --- Դուք, (ձեր Եկեղեցին) ընդունու՞մ եք, որ խոզի միսը համարվում է պիղծ կերակուր: Ես. 66:17
68. ՊԱՏԱՍԽԱՆ --- Նախ մենք պետք է նայենք Տիրոջ պատգամը, թե ում ինչ նպատակով է ուղարկված: Ինչ վերաբերվում է Իսրայելին, թող Իսրայելին վերաբերվի, իսկ ինչ վերաբերվում է մեզ, մենք էլ մեզ վերաբերվող բաները վերցնենք: Օրինակ` Եգիպտոսից փրկվելով իսրայելացին Զատիկ էր անում` հիշելով նախահայրերի փրկությունը ստրկությունից, իսկ մենք, որ Զատիկ ենք անում հիշում ենք մեր փրկությունը, մեղքի գերությունից ու չարից: Իսկ ինչ վերաբերվում է Ես.66:17 գրվածքին, դա թողնենք Աստծուն ու իսրայելցուն, իսկ մեզ ավելի Նոր Ուխտի կարգ ու կանոնները, որտեղ ասվում է, օրինակ` Մատթ.15:11 «Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդուն, այլ բերանից դուրս եկողը՝ նա է պղծում մարդուն»։ Գործք.15:21,29 «21 Որովհետեւ Մովսէսն առաջին դարերից ի վեր ամեն քաղաքներում իրեն քարոզիչներն ունի եւ ժողովարանների մեջ ամեն շաբաթ օր կարդացվում է։» «29 Որ հեռու կենաք կուռքի զոհվածից եւ արյունից՝ եւ խեղդվածից եւ պոռնկությունից, որ սրանցից ձեր անձերը պահելով լավ կանեք: Ողջ կացեք»։ Հռ.14:20 «Կերակուրի պատճառով մի քանդիր Աստծո գործը. ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար՝ որ գայթակղություն տալով է ուտում»։ 1Կորն.10:25,26 «25 Ամեն ինչ որ սպանդանոցում ծախվում է, կերեք առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։ 26Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նրա բոլոր լիությունը»։ 1Տիմ.4:3-5 «3 Որ ամուսնանալուց կարգելեն, կհրաժարեն կերակուրներից, որ Աստված ստեղծեց հավատացեալների եւ ճշմարտությունը ճանաչողների համար, որ գոհութեամբ վայելեն։ 4 Որովհետեւ Աստծո բոլոր ստեղծվածները բարի են, եւ ոչ մի բան խոտան չէ: Երբ որ գոհությունով ընդունվի։ 5 Որովհետեւ սրբվում է Աստծո խոսքով եւ աղոթքով»։ 

Հարցատեր` Անժելա
67. ՀԱՐՑ --- Խնդրում եմ բացատրել Սիոն սարի գտնվելու վայրը և պատժառը Աստծո բարկության Սիոնի կանանց հանդեպ: Մասնավորապես, որ գրված է Երեմիայի Ողբերը 1:4-5 և Սաղմոս 48:2 խոսքերում:
67. ՊԱՏԱՍԽԱՆ --- Հին կտակարանում «Սիոնի աղջիկ» անվանելով, սիմվոլիկ ձևով, Աստված նկատի ունի Իսրայելի ժողովուրդը: Սիոնը հենց Սիոն սարն է, որի վրա կառուցված է Երուսաղեմ քաղաքը` Իսրայելի մայրաքաղաքը: Իսկ Աստծո բարկության պատճառն էլ մեղքն է, որի համար նրանց զրկել է տոներից և տարբեր օրհնություններից:

Հարցատեր` Արթուր
66. ՀԱՐՑ --- Խնդրում եմ բացատրել` Հայտն. 22:1-4-ում ովքե՞ր էին հեթանոսները, որոնք բժշկվում էին ծառի տերևներից:
66. ՊԱՏԱՍԽԱՆ --- Սրանք հեթանոս ցեղերից մահացած երեխաներն են, որոնք չունեն ընդհանրապես գիտություն Քրիստոսի մասին, սակայն փրկվել և երկինք են մտել Տիրոջ շնորհքով, որը հաստատվում է Սուրբ Գրքի հետևյալ խոսքով: Գործք. 17:30 «Բայց Աստված տգիտության ժամանակներն անտես անելով,  հիմա մարդկանց պատվիրում է ամենքին ամեն տեղ ապաշխարել»։
Մարկ. 10:13,14 «Նրա մոտ երեխաներ էին բերում՝ որ դպչի նրանց, բայց աշակերտները սաստում էին բերողներին։ 14 Իսկ երբ Հիսուսը տեսավ, բարկացավ, և ասեց նրանց. «Թույլ տվեք երեխաներին ինձ մոտ գան, և մի արգելեք դրանց, որ այդպիսիներին է  Աստծո արքայությունը»։

Հարցատեր` Արթուր
65. ՀԱՐՑ --- Խնդրում եմ բացատրել` 1Կորն. 14:32 խոսքը:
65. ՊԱՏԱՍԽԱՆ --- Աստված կարգ ու կանոնի Աստված է և եկեղեցում մարգարեներն էլ պետք է լինի կարգով` մեկը մյուսից հետո: Մարգարեացողները կարող են իրենց տիրապետել, այսինքն կարող են լռել մինչև, որ իրենց մարգարեանելու հերթը գա: Այնպես չէ, որ մեկը ասի, իբրև անկախ իր կամքից Աստված իրեն խոսեցնում է և ինքն իրեն չի կարողանում կառավարել:

Հարցատեր՝ Ժասմեն
64. ՀԱՐՑ --- Խնդրում եմ պատասխանեք այս հարցին: Առակ.8:31-ում ի՞նչ մարկանց որդիների մասին է ասում:
64. ՊԱՏԱՍԽԱՆ --- Այդտեղ խոսողը Հիսուսն է, ոչ թե Հայր Աստված, և նա արարչագործության մեջ նաև ծրագրել էր, որ մարդ ստեղծի և նրա ամենամեծ ուրախությունը մարդն էր:

Հարցատեր՝ Հակոբ
63. ՀԱՐՑ --- Ի՞նչ նկատի ուներ Աստված, երբ աշակերտների հետ խոսելիս, հետևյալ խոսքերն ասեց. « Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակի, մինչև որ Աստծո արքայությունը տեսնեն»: Ղուկ. 9:27
63. ՊԱՏԱՍԽԱՆ --- Աստծո արքայության արքան Հիսուսն է, և այդ պահին, որ Տերը խոսում էր ծառայի կարգավիճակում էր, դեռ չէր թագավորում: Սակայն հարությունից հետո Քրիստոսին տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա, այսինքն սկսվեց Քրիստոսի հավիտենական թագավորելը: Եւ կանգնածներից շատերը տեսան Թագավոր Հիսուսին որպես իրենց Թագավորը: «Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսելով ասեց,  Ամեն իշխանությունն ինձ տրվեց երկնքումն և երկրումս» Մատթ. 28:18

62. ՀԱՐՑ --- Հայտնության 10:7-ում ի՞նչ խորհրդի մասին է ասում:
62. ՊԱՏԱՍԽԱՆ --- Կարդացեք Հայտ.11:15-18; համարները: Խորհուրդը սա է, որ բոլոր թագավորությունները Աստծունը և Նրա Քրիստոսինը եղան ու Նա կթագավորի հավիտյանս հավիտենից:


61. ՀԱՐՑ --- 1Տիմ.4:10-ում գրված է. «…որ Փրկիչ է ամեն մարդկանց, և մանավանդ հավատացյալների»: Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս:
61. ՊԱՏԱՍԽԱՆ --- Քրիստոսին հավատացողները թեև ունեն մեղքերից փրկություն, սակայն դեռ վերջնական փրկության չեն հասել՝ փորձանքներից, այս աշխարհի չարիքներից, մահից: Տերը պետք է գա հավատացյալների փրկության համար, սակայն անհավատների համար էլ դեռ փրկության դուռը բաց է, ով որ կամենա կարող է փրկվել:


Հարցատեր՝ Անժելա
60. ՀԱՐՑ ---Խնդրում եմ բացատրեք Մատթ.10:5,6-ում գրվածը: Ինչո՞ւ Հիսուսը արգելեց առաքյալներին չմտնել հեթանոսների և սամարացիների մոտ:
60. ՊԱՏԱՍԽԱՆ --- Այս խոսքերով Տեր Հիսուսը ոչ թե ընդհանրապես արգելում էր աշակերտներին, սամարացիներին և հեթանոսներին Ավետարան քարոզելը, այլ քարոզչությունը պետք է սկսվեր նախ և առաջ Իսրայելից և հետո ժամանակի մեջ պետք է տարածում գտներ Սամարիայում և ամբողջ աշխարհում: Եւ երկրորդը աշակերտները լավ պատրաստված չէին և նրանք չէին կարող հեթանոսների և սամարացիների հետ աշխատել, սակայն հետագայում Տերը նրանց մոտ ուղարկեց նույն աշակերտներին: Գործք. 1:8 - «Բայց դուք զորություն կառնեք՝ երբ Հոգին ձեզ վրա կգա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը»:


59. ՀԱՐՑ --- Խնդրում եմ ինձ բացատրեք ծափ տալու իմաստը, որովհետև ոմանք կարծում են, թե դա Հին Ուխտում է թույլատրված եղել, իսկ Նոր Ուխտում խոսք չկա դրա մասին:
59. ՊԱՏԱՍԽԱՆ --- Հարգելի հարցատու, շնչելու մասին գրված չէ, չշնչե՞նք, կամ գրված չի հաց կերեք, շոր հագեք, քնեք, ուրեմն որ մենք այդ ամենն անում ենք, դա մե՞ղք է: Իսկ ինչ վերաբերվում է ծափ տալուն, Սուրբ Գրքի մեջ գրված է ծափ տալու մասին, իսկ Սուրբ Գիրք չիմացողները ասում են, Հին Ուխտում է գրված: Սակայն սաղմոսներն ու մարգարեությունները Հին Ուխտ չեն, Հին Ուխտը գրված է Հին Կտակարանում, սակայն Հին Կտակարանը ամբողջությամբ Հին Ուխտ չի: Պողոս առաքյալը, Մաթևոսը և մյուս Աստծո ծառաները Նոր Ուխտը ավելի պարզ մեկնելու համար մեջբերում են անում հենց սաղմոսներից, մարգարեություններից և օրենքներից, այսինքն այդ մեջբերումները հենց նորկտակարանյան բացահայտումենր են: Իսկ ինչ վերաբերվում է մեղանչելուն, Աստված ամեն տեսակ մեղքի համար արգելք է դրել՝ զգուշացում է արել, որ չանեն, բայց ծափի համար զգուշացում չի արել: Եւ որևէ մարդ իրավունք չունի ինքն իրենից պատվիրան հորինի և Աստծո անունով ներկայացնի որևէ մեկին:


Հարցատեր՝ Հովհաննես
58. ՀԱՐՑ --- Խնդրում եմ ասեք, ջրով մկրտված հավատացյալը շնություն անելուց հետո, եթե զղջա, կներվի՞:
58. ՊԱՏԱՍԽԱՆ --- «Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի, և սրբի մեզ ամեն անիրավությունից:» 1Հովհ. 1:9; այստեղ ցույց է տրվում, որ նման մարդիկ հնարավորություն ունեն ներվելու, եթե խոսովանեն ու մեղքը թողնեն, այսինքն ապաշխարեն:


56. ՀԱՐՑ --- Խնդրում եմ բացատրել. 16.08.16-ի քարոզում ասվում է. ՙԹեև երկնքում այնպիսի էակներ էլ կան, որոնք հավիտյան կապրեն, սակայն Աստծո ժառանգորդներ չեն՚: Ովքե՞ր են այդ էակները, որտե՞ղ է Աստվածաշնչում հիշատակվում նրանց մասին:
56. ՊԱՏԱՍԽԱՆ --- Նախ քարոզի մեջ շատ պարզ է ասվում, ուշադիր պետք է լսել: Երկրորդ, եթե հարց է տրվում քարոզից, կխնդրենք որ րոպեն էլ նշվի, թե որ րոպեում է գտնվում ձեր հարցը: Եւ երրորդը, ժառանգորդները նրանք են, ում համար Հիսուսը մեռավ, որովհետև կտակը հետ մահու է ուժի մեջ, ուստի ժառանգորդները Աստծո որդիներ են, ոչ թե հրեշտակները, քերովբեները կամ սերովբեները, որոնց համար Հիսուսը չի մահացել:


55. ՀԱՐՑ --- Ի՞նչն է համարվում բամբասանք: Արդյոք ինչ-որ մեկի արած կամ խոսացած բաները մեկ ուրիշին պատմելը բամբասանք՝ չարախոսություն է:
55. ՊԱՏԱՍԽԱՆ --- Եթե մեկի մասին խոսվում է անիմաստ, ոչ բարի նպատակով, անգամ մտքում ունենալով, որ նրան ցածրացնեն, կամ նրա չարիքի վրա սիրտը ուրախացնում է, դա բամբասանք է: Սակայն գուցե մեկը չարագործ է, վտանգ է ներկայացնում, որևէ տեղ զգուշացվում է, որ նրա փորձության մեջ չընկնեն, դա բամբասանք չէ:

Հարցատեր՝ Աննա
53. Հարց. Կբացատրե՞ք խնդրեմ, Պողոս առաքյալը 2Տիմ. 3:16-ում «...ամեն գիրք աստվածաշունչ են...» ասելով ի՞նչ նկատի ունի:
53. ՊԱՏԱՍԽԱՆ --- Այդ ժամանակ, երբ Պողոսը գրել է Տիմոթեոսին, Աստվածաշունչը այսպես հավաքված չի եղել, այլ առանձին-առանձին գրքեր են եղել, իսկ այս 66 գրքերը հետագայում են հավաքվել իրար հետ:

Հարցատեր՝ Արթուր
52. Հարց. Բարև ձեզ, խնդրում եմ բացատրել Սաղմոս 150-ի գրվածը. «Տիրոջը օրհնեք պարով, սրինգով, տավիղով, լարային նվագարաններով... »: Բայց չէ որ պարը իրենից շարժում է ներկայացնում:
52. ՊԱՏԱՍԽԱՆ --- Հարգելի Արթուր, Սաղմոսները՝ ինչպես հայտնի է Սուրբ Հոգուց ներշնչված խոսքեր են: Եթե Սաղմոսում ասում է օրհնեցեք Տիրոջը նաև պարով, ապա մենք հենց այդպես էլ պետք է ընդունենք: Ինչպես դուք շեշտել եք թե պարի մեջ շարժում կա, նմանապես մենք կարող ենք ասել, որ հաց ուտելու մեջ էլ շարժում կա...: Թե որ տեղից եք վերցրել, որ մարմինը չպետք է շարժվի, այդ աղբյուրները Սուրբ գրային չեն: Սուրբ Գրքի և ոչ մի հատվածում չես գտնի, թե պարը մեղք է: Դա մարդկային հնարած պատվիրան է, որը Տիրոջ համար զզվելի է: Մարկոս ավետարանի 7:6-8-ում ասում է. «...Եսայիան լավ մարգրեացավ ձեզ կեղծավորներիդ վրա, ինչպես գրված է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նրանց սիրտը ինձանից հեռացած ջոկված է: Եւ զուր տեղն են պաշտում ինձ, սովորեցնելով այնպիսի վարդապետություններ, որ մարդկանց պատվերներ են: Որովհետև Աստծո պատվիրանները թողած՝ պահում եք մարդկանց ավանդությունը...» Տերը դատապարտում է նման մարդկանց, որոնք իրենց պատվիրանները մարդկանց սովորեցնում են որպես Աստծո պատվիրան: Իսկ ինչ մնում է մեզ, մենք պետք է պարերը իրարից զանազանենք: Կան մաքուր պարեր, կան ոչ մաքուր պարեր (սեքսուալ պարեր, դիվական պարեր)  որոնք մենք մերժում ենք: Կան ոմանք, որ եկեղեցիներում դիվական երաժշտությամբ հոգևոր բառերով երգեր են գրում և դրանց տակ պարում են: Դա նույնպես անըդունելի է: Ի տեղեկություն ձեզ մենք, Տիրոջ ժողովների ժամանակ մերժել ենք ամեն տեսակ պար, որովհետև դա ուսուցողական ժամ է, ոչ թե պարային: Իսկ մաքուր երաժշտությամբ Աստվածաշնչային մտքերով գրված երգերի տակ պարելը ընդունվում են հատուկ օրերին (հարսանիք, ծնունդ, տոնական օրեր և այլն):

Հարցատեր՝ Իրինա
51. Հարց.  ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ բաժնում այսպիսի պատասխան կա. «Այդ կարգի պատվիրանների մասին Պողոս առաքյալն այսպես է ասում. - Ամեն բան ինձ կարելի է, բայց ամեն բան չէ, որ ինձ օգուտ է բերում:
Օրինակ՝ նման պատվիրաններից են, կինը երկար մազ ունենա՝ իր մազերը չկտրի, և եթե կտրի փոքր կկոչվի Երկնքի Արքայությունում»:
Հարցս հետևյալն է. Խոսքը ընդհանրապես չկտրելու՞ մասին է:
51. ՊԱՏԱՍԽԱՆ --- Խոսքը ընդհանրապես չկտրելու մասին չէ, այլ երկար և կարճ մազ ունենալու մասին է: Հնարավոր է կինը իր մազը մշակի, բայց երկար պահի, այսինքն Պողոսը դեմ էր, որ կինը իր մազերը կտրելով կնոջ տեսքից ընկնի: Անգամ այդպիսիներին Պողոսը նմանեցնում էր մազերը խուզած մարդու: 

50. ՀԱՐՑ --- Պողոս առաքյալը իր Հռոմեացիներին ուղղված նամակում ասված «Առաջ հրային և հետո հույնին» արտահայտությամբ, նկատի ունի առաջ Աստծո ժողովրդին և հետո մնացյալի՞ն: Օրինակ՝ Հռոմ.2:9,10;
50. ՊԱՏԱՍԽԱՆ --- «Առաջ հրեային» արտահայտությունը վերաբերվում է  ոչ թե եկեղեցուն, այլ հենց ուղիղ հրեային, իսկ «հետո հույնին» արտահայտությունը վերաբերվում է մնացած ազգերին: Աստված արդար և անաչառ է, թեև ազգերից առաջինը կանչեց հրեաներին և հնարավորություն տվեց առաջինը օրհնվելու, սակայն եթե մեղանչելով պատժի հարց առաջանա, այնպես չէ, որ Աստված նրանց խնայի՝ ետ գցելով կամ ուշացնելով նրանց պատիժը, այլ առաջինը հենց նրանց կպատժի:

49. ՀԱՐՑ --- Խնդրում եմ բացատրեք 1Կոր.11:10-րդ խոսքում ի՞նչ է նշանակում շուք, «Կինը շուք դնի գլխին հրեշտակների համար»: Ի՞նչ իմաստ է արտահայտում շուքը:
49. ՊԱՏԱՍԽԱՆ --- Շուքը բնագրի մեջ իշխանություն խոսքն է, որը ցույց է տալիս կինը մարդու իշխանության տակ է: Պողոսը շեշտում է, որ կինը մարդու պատճառով շուք դնի և բացատրության մեջ ասում է, որ շուքը երկար մազն է, որը տրվել է շորի տեղ, այսինքն ծածկոցի տեղ: Նաև ոչ թե միայն մարդու պատճառով, այլ հրեշտակների պատճառով էլ: Այստեղ Պողոսը չի մեկնել հրեշտակները ովքեր են, բայց կարող է երկու իմաստ ունենալ: Առաջին իմաստը սա է, որ քանի որ տղամարդու գլուխը Քրիստոսն է, ուստի նա Քրիստոսի առաջ հանդիսանում է որպես դեսպան կամ հրեշտակ, ինչպես օրինակ Հովհաննես Մկրտիչը դեսպան էր կոչվում: Ուստի, քանի որ Պողոսը չի մեկնել կարող ես հասկանալ տղամարդկանց պատճառով շուք դնի կամ էլ Աստծո երկնային ուղարկվածների պատճառով, որոնք կոչվում են դեսպան՝ հրեշտակ, որովհետև եթե կինը մարգարեանա կամ աղոթք անի, հնարավոր է Աստված իր հրեշտակի միջոցով պատգամ տա, որ կինը մարգարեանա:

48. ՀԱՐՑ --- Հռոմ.8:19-23-ում ի՞նչ ստեղծվածների մասին է ասում:

48. ՊԱՏԱՍԽԱՆ --- Ստեղծվածները ապաշխարած մարդիկ են, որ սպասում են Հիսուսի գալստյան օրվան, որը կոչվում է Աստծո որդկանց հայտնության օր: Նրանք էլ են հառաչում, Պողոսն էլ է հառաչում, այսինքն նրանցից մեկն էլ Պողոսն է, ինչպես որ նրանք են հառաչում և սպասում: Այդ սպասողները մարդ էակներ են, ոչ թե քար, թուփ ու կենդանիներ:


47. ՀԱՐՑ --- Մաթևոս 27:46 ի՞նչ նկատի ունի Տերը, ասելով. «Ինչու՞ ինձ թողեցիր»: 

47. ՊԱՏԱՍԽԱՆ --- Որովհետև Հիսուսը մեղավորի տեղն էր խաչվում, թեև ինքը մեղք չէր արել, ուստի Աստված նրան ինչ-որ պահ պետք է թողներ, եթե թողած չլիներ ոչ ոք չէր կարող ոչ նրան խաչեր և ոչ էլ մատով կպներ, սակայն թողելը չի նշանակում Աստված նրան մերժեց, այլ նրա թողնելը այնքանով էր, որ Աստված թույլ տվեց, որ Հիսուսի հետ այդ բաները պատահեն: Կարդացեք 22-րդ Սաղմոսը:


46. ՀԱՐՑ. Մաթևոս 12:32 այս աշխարհում պարզ է, իսկ գալու աշխարհում ինչպե՞ս կլինի:

46. ՊԱՏԱՍԽԱՆ --- Այս խոսքի համեմատ Աստվածաշնչում գրված դեպքեր կան, ոնց որ Պողոս առաքյալն է ասում, որ մեղանչողը այս աշխարհում թեկուզ հարված ստանա հիվանդանա, տանջվի, այսպես ասած մեղքի համար պատասխան տա այս աշխարհում, բայց երկինքն մտնելու համար ներվի, Պողոսի ասած հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Օրումը: Կամ էլ ուրիշ մի տեսակի դեպք, որ մեղավորը թեև այս աշխարհում ապրի ներվածի նման, այսինքն իր մեղքերի պատասխանը այս աշխարհում չտա, բայց դատաստանի օրը ամպայման պատասխան կտա:

Հարցատեր՝ Շողիկ
  43. Հարց. Խնդրում եմ բացատրել` 1) ի՞նչ է նշանակում «ապաքեն»: Գաղ.3:15; 2) ի՞նչ է նշանակում «մեղքի ներքև»: Գաղ.3:22; 3) ի՞նչ է նշանակում «օրենք զանազանել»: Գաղ.4:10;
 43. ՊԱՏԱՍԽԱՆ --- 1) Տվյալ տեքստում «ապաքեն» նշանակում է` նորմալ, առողջ: 2) «մեղքի ներքև» նշանակում է` մեղքի իշխանության տակ: 3) Գաղ. 4:10-ում ոչ թե գրված է «օրենք զանազանել», այլ «օրեր զանազանել»: Տեքստում նշված «օրեր, ամիսներ, տարիներ»-ը կապված են կրոնական ծիսակարգերի հետ, որոնք ավետարանական չեն, այլ ձևապաշտական ավանդություններ, ինչպես օրինակ՝ մեռելոց, ամսագլուխ և ալն, որոնց համար Պողոսը վախենում էր, որ մարդկանց հավատքից գցեն:


42. Հարց. Խնդրում եմ բացատրել, եթե երազը տեսնում եմ, երեք անգամ կատարվում է, ինչու՞ է այդպես: 
42.ՊԱՏԱՍԽԱՆ --- Կարևորը դա չէ, թե քանի անգամ եք երազը տեսնում և ոչ էլ կարևոր է այն փաստը, որ երազը կատարվում է: Հնարավոր է, որ հենց չարից էլ լինի, այլ դուք պետք է Տիրոջը ճանաչեք, Տիրոջից եղած երազներն ընդունեք, որ կատարվելուց էլ ձեզ օրհնություն լինի և ոչ թե փորձանք: 

Հարցատեր` Տիգրան
41. Հարց. Ես տեսա ձեր եկեղեցու էմբլեմը իր մեկնություններով, խնդրում եմ այդ ամենը հիմնավորել Սուրբ Գրքով:
41.ՊԱՏԱՍԽԱՆ --- Սուրբ գրքի խոսքերը պարզ գրված են այդ էմբլեմի վրա: Լավ կլինի, որ դուք Սուրբ Գրքի ընթերցանության մեջ խորանաք: Սակայն մենք ձեզ ցուց կտանք սուրբ գրային այն համարները, որտեղից վերցված են այդ խոսքերը.
- ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է ԵԿԵՂԵՑՈւ ԳԼՈւԽԸ - Եփես. 1:22; (հավիտենության նշանը - որ Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է հավիտյան):
- ԵԿԵՂԵՑԻՆ Է ՍՅՈւՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆ ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ - 1Տիմ. 3:15; (կնոջ տեսքով սյուն - խորհուրդ Եկեղեցու, որի վրա է ճշմարտությունը հաստատված՝ սյան վրայի Աստվածաշունչը):
- ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻ - Մատթ. 16:18; ( Յոթ աստղերը Քրիստոսի յոթ Եկեղեցիների առաջնորդների խորհուրդն է, որոնք ներկայացնում են յոթ Եկեղեցիները: Ինչպես որ երկրի ամեն մի ղեկավար ներկայացնում է իր երկիրը): Հայտ. 1:4,16,20
 
Հարցատեր` Տիգրան
40. Հարց. Վերին Երուսաղեմը, դա դրա՞խտն է:
40.ՊԱՏԱՍԽԱՆ --- Վերին Երուսաղեմը դրախտը չէ, դրախտից ավելին է, Աստծո Գահի տեղն է, թագավորանիստ քաղաքը:

Հարցատեր` Օֆելյա
39. Հարց. Արդյոք մոտ երեք տարեկան երեխան կարո՞ղ է բժշկվել աղոթքով, եթե նա մկրտված չէ, այսինքն ադամական մեղքի տակ է նա:
39.ՊԱՏԱՍԽԱՆ --- Ադամական մեղքից ազատվելը մկրտությունով չի և ոչ էլ բժշկությունը մեղքերի թողության ապացույց է: Հնարավոր է որևէ մեկը դեռ մեղքերի թողություն չի ստացել, սակայն Տերը նրան կարող է բժշկել, Տեր Հիսուսը չէր մկրտում և նոր բժշկում:
Կխնդրենք, որ դուք հետևեք հետևյալ ուսուցումներին «Youtube - milazim daser» և http://www.houseofgod-arm.blogspot.com/  (ՈւՍՈւՑՈւՄ) բաժինը

Հարցատեր՝ Մանիկ
38. Հարց. Խնդրում եմ ասեք, պե՞տք է հավատալ երազներին: Եւ ինչպե՞ս իմանալ, երազն Աստծուց է, թե ոչ:
38.ՊԱՏԱՍԽԱՆ --- Երազ հասկանալը սովորեցնելով չի, դա Աստծուց պարգև է: Օրինակ` Հովսեփը կամ Դանիելը, որ երազներ էին հասկանում ու մեկնում, դրանք սովորեցնելով չէր: Բայց մարդը պետք է Սուրբ Գիրքը այնքան իմանա, որ Չարը իրեն երազներով չխաբի:

Հարցատեր՝ Շողիկ
37. Հարց. Խնդրում եմ բացատրեք 1Կոր.3:15 համարի իմաստը:
37.ՊԱՏԱՍԽԱՆ --- Այս համարի բացատրությունը հասկանալու համար, պետք է կարդաք 1Կոր.3:1-15 համարները: Տեքստում խոսքը նրա մասին է, որ տվյալ քաղաքի հավատացյալներից շատերը շեղվել էին ճշմարտությունից: Իրենց Աստծո Արքայության Ավետարանն էր ներկայացված, Ավետարանի հիմքը Քրիստոս Արքան էր, սակայն նրանք իրենց որպես գլուխ ճանաչել էին մեկը Պողոսին, մյուսը Պետրոսին, իսկ մյուսն էլ Ապողոսին: Պողոսը հանդիմանում էր նրանց հիշեցնելով ճշմարիտ հիմքը, որ է Քրիստոսը: Եւ այդ մարդիկ, որոնք իրենց համարում էին Պողոսյան կամ որևէ մեկը, նրանք գործ էին անում հանուն Պողոսի կամ Ապողոսի և դա նրանց վարձքից զրկում էր, որովհետև Տերն ասաց. «Եթե մարդը, որևէ գործ անի մարդկանցից երևնալու համար, նա Աստծուց վարձք չունի»: Մաթ.6:1,5,16; Սակայն եթե մարդիկ Պողոսի, Պետրոսի կամ Ապողոսի միջոցով եղած քարոզը ընդունել էին, որը Քրիստոսով եղած փրկությունն ու թագավորությունն էր, կփրկվեին կրակից, իսկ գործեր եթե անեին ի ցույց մարդկանց, վարձքից կզրկվեին: Ուստի, նրանք կդառնաին Քրիստոսվ փրկված առանց վարձքի:

Հարցատեր՝ Հրանտ
36. Հարց. Այսօր աշխարհում մենք տեսնում ենք, որ ժողովրդին կառավարելու և իրենց անձնական շահերին օգտագործելու համար, շատ քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների գաղափարախոսությունների հիմքում ընկած է վախի և խոստումի քարոզությունը, որոնցով էլ մոնիպուլիացիայի են ենթարկում ժողովրդին: Այս երկու բաները մենք տեսնում ենք նաև աստվածաշնչյան ուսմունքներում: Ինչպե՞ս կարող է մարդը համոզվել, որ այդ երկու տարրերը չեն օգտագործում Աստվածաշնչի քարոզիչները, այլ իրականում այդ ամենը իրականություն է և դրա ետևում կանգնած է իրական Աստված, քանի որ մարդուն ասվում է միայն հավատալ այդ խոսքերին:
Խնդրում եմ հարցս չհասկանալ որպես նենգ նկատառում, այլ ուղակի ես ուզում եմ հասկանալ: Շնորհակալություն:
 36.ՊԱՏԱՍԽԱՆ ---  Հիսուսն ասաց. «Ոչ գրքերը գիտեք, ոչ էլ Աստծո զորությունը, դրա համար էլ մոլորված եք»: Դրա համար էլ մենք ձեզ ասում ենք, Ավետարան կարդացեք: Ավետարանը կարդալուց հետո կզանազանեք Աստծո վախն ու խոստումները այլ վախերից և խոստումներից: Աստծուն ճանաչեք, որպեսզի կարողանաք զանազանել Աստծո ծառաներին, քաղաքական և կրոնական գործիչներից:

Հարցատեր՝ Հրանտ
35. Հարց. Ի՞նչ կասեք, աշխարհում արդեն մեծ տարածում գտած այս հասկացողության մասին, թե կա մեկ Աստված բոլորի համար, պարզապես ամեն ազգի նույն Աստվածը մոտենում է յուրովի: Այլ կերպ ասած, ամեն մի ազգի իր կարողության չափով: Դրա համար էլ այսքան բազմազան կրոններ կան և այդ կրոնները հենց տարբեր հոգևոր մակարդակներ են:
35.ՊԱՏԱՍԽԱՆ --- Նախ Աստծո ճանապարհը կրոն չի, այլ իրական ապրելակերպ է: Եթե մեկը կրոն է ընդունում, նա կյանքից կտրված ինչ-որ շաբլոնների կատարման է անցնում և ոչ թե Աստծո ետևից է գնում: Իսկ ինչ վերաբերվում է Աստծուն, Աստված բոլոր ազգերին կանչում է իր մոտ մեկ ճանապարհով: Աստված ինքն իրեն չի հակառակում, տարբեր ազգերին տարբեր ճանապարհներով կանչելով: Աստծո կանչի ճանապարհը բոլոր ազգերի համար մեկ է և այդ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է: Հովհ.14:6; «Հիսուսը նրան ասաց, Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով»: 1Կոր.1:9; «Հավատարիմ է Աստված` որի ձեռով կանչվեցիք դեպի նրա Որդու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը»: Աստված բոլոր ազգերի միջից եկողներին է ուզում աստվածային կտակ և ժառանգություն տալ:

Հարցատեր՝ Շողիկ
34. Հարց. «Ճշմարտության 33 նիստեր» դասագրքի «Վերստին ծնունդ» թեմայում գրված է. «Եթե մարդը դառնա և իր հոգով հոժարվի հին բնության հետ կենթարկվի մահվան»: Եթե հին կյանքով ապրես կմեռնե՞ս, թե՞ ուրիշ բան նկատի ունի:
34.ՊԱՏԱՍԽԱՆ --- «Կենթարկվի մահվան» նկատի ունի ոչ թե ֆիզիկական մահը, այլ հոգևոր, որ է հավիտենական բաժանում Աստծուց` կյանքից: Եւ կլինի այն վայրում, ուր Աստծուն մերժողներն են:

Հարցատեր՝ Շողիկ
33. Հարց. «Ճշմարտության 33 նիստեր» դասագրքի «Վերստին ծնունդ» թեմայում գրված է. «Սրտում եղած Սուրբ Հոգու վկայություն», ո՞րն է վկայությունը:
33.ՊԱՏԱՍԽԱՆ --- Այս խոսքը վերցված է Հռոմ.8:15,16-ից, որը մասն է կազմում ընդհանուր տեքստի` Հռոմ.8:8-17-ը: «8Եւ նրանք` որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճո լինել: 9Բայց դուք մարմնով չեք` այլ հոգով, եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի` նա նրանը չէ: 10Եւ եթե Քրիստոսը ձեզանում է` ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար: 11Եւ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնե իր Հոգովը, որ ձեզանում բնակված է: 12Ապա ուրեմն, եղբայրք, պարտական ենք ոչ թե մարմնին` մարմնի պես ապրելու: 13Որովհետև եթե մարմնավորապես ապրենք` կմեռնենք. բայց  եթե հոգով մարմնի գործերը սպանենք` կապրեք: 14Որովհետև որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են: 15Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք. այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք Աբբա, Հայր: 16Նույն ինքն Հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք: 17Եւ եթե որդիք` ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգորդներ և Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթե նրա չարչարանքներին կցորդ ենք` փառքին էլ մասնակից լինենք»: Վկայությունը սրա մասին է, որ հավատացողը Աստծո որդի է, որը ապրում է ոչ թե մարմնի ցանկություններով, այլ Աստծո Հոգով, Ով մեզ առաջնորդում է Աստծո խոսքի մեջ: Եւ նույն Հոգին` Սուրբ Հոգին հավատացողի սրտում վստահություն և համարձակություն է դնում, որ ինքը Աստծո որդի է և կարող է Աստծուն դիմել որպես Հայր:

Հարցատեր՝ Շողիկ
32. Հարց. Գործք.21:25-ում ասվում է. «Հավատացյալ հեթանոս», խնդրում եմ բացատրեք ի՞նչ է նշանակում դա:
32.ՊԱՏԱՍԽԱՆ --- Այդ թարգմանությունը, որը դուք կարդում եք, այդ հատվածը լավ չի թարգմանված, դրա համար էլ պարզ չի: Իսկ արևմտահայերեն թարգմանության մեջ գրված է. «Հավատքի եկող հեթանոսներ», այսինքն Հիսուսի հավատքը ընդունած ժողովրդից:

31.Հարց. Հռոմ.8:19-23; «19Ստեղծվածների եռանդալից ակնկալությունը Աստծո որդկանց հայտնությանն է սպասում: 20Նրա համար որ ստեղծվածները հնազանդվեցին ունայնության, ոչ թե կամքով այլ նրա համար` որ հնազանդեցրեց այն հույսով, 21որ ստեղծվածներն իրենք էլ ապականության ծառայությունիցը կազատվեն` Աստծո որդկանց փառավոր ազատության մեջ մտնելով: 22Որովհետև գիտենք որ բոլոր ստեղծվածները մինչև հիմա միասին հառաչում են և ցավի մեջ են: 23Եւ ոչ թե միայն նրանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք` որդեգրությանն սպասելով, այսինքն մեր մարմնի ազատությանը»: Խնդրում եմ բացատրեք, ի՞նչ է ասում այս հատվածը:
31.ՊԱՏԱՍԽԱՆ --- Նախ այս հատվածի ստեղծվածները, նկատի ունի մարդուն, որովհետև այն որակները, որ այս հատվածում ներկայացնում է ստեղծվածների համար, բնորոշ է մարդուն, ոչ թե կենդանիներին: Օրինակ` այն որ ստեղծվածները լուր ունենալով սպասում են Աստծո որդկանց հայտնությանը, այսինքն այն օրվան, որ Հիսուսը պետք է սուրբերի հետ գա, հայտնվի: Եւ մինչև այդ օրը գա, Աստված այնպիսի կարգ դրեց, որ մարդիկ հնազանդվեն ներկա կյանքին (նկատի չունենք մեղքի կյանքին), այսինքն այս ժամանակավոր ունայն օրերի մեջ զբաղվեն աշխատանքով մինչև որ իրենց հույսը կատարվի` Քրիստոսը երկրորդ անգամ գա: Եւ հավատացող մարդիկ, այդ ժամանակ, այս ունայն-ապական կյանքից կազատվեն ու կմիանան Քրիստոսին և նրանց համար կսկսվի ոչ ունայն և անապականացու կյանքը մինչև հավիտյան:

Հարցատեր՝ Շողիկ
30. Հարց. Հռոմ.13:3-ում գրված է. «Որովհետև իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի…»: Խնդրում եմ բացատրեք:
30.ՊԱՏԱՍԽԱՆ --- Այս հատվածում Պողոս առաքյալը իշխաններ ասելով նկատի ունի պետական ծառայողներին: Նրանք դրված են Աստծուց, որ իրավունք հաստատող օրենքները պաշտպանեն, իսկ չար գործերը պատժեն: Հետևաբար, եթե մարդը իրավունքով վարվի, չի վախենա իշխանություններից, իսկ եթե մարդը չար գործեր անի, նրանք իշխանություն ունեն չարագործին պատժեն: Սակայն, եթե իշխանության, այսինքն պետության մեջ իշխանավորները անիրավ օրենքներ դնեն, մարդը իրավունք ունի չընդունելու և Աստված իրեն չի մեղադրի:

29. Հարց. 1Պետրոս 3:19-ում ի՞նչ բանտի և հոգիների մասին է գրված:
29.ՊԱՏԱՍԽԱՆ --- Մարդկանց մեղքերի պատժի հատուցումը տալու համար, Տերը ոչ միայն մարմնով խաչի վրա չարչարվեց և մեռավ, այլ նաև հոգով եղավ բանտում, որ է դժողքը: Սաղ.16:10-ը, որը կրկնվել է Գործք.2:27-ում «Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանումը, և ոչ էլ քո Սուրբին ապականություն տեսնել կտաս»: (Բնագրում գերեզման բառը գրված է դժողք): Պետրոսն այստեղ բացատրում է երկու փաստ Հիսուսի անձի հետ կապված` անձի բանտում լինելը և մարմնի գերեզմանում լինելը: Իսկ նույն գլխի 31 խոսքում Պետրոսը բացատրում է, որ Հիսուսի անձը չմնաց դժողքում և մարմինն էլ չփտեց գերեզմանում: Ուստի, նույն Պետրոսը կրկնում է իր թղթում, որ Քրիստոսը դժողքում եղել է` այն բանտում որտեղ պահվում են մեղավորների հոգիները մինչև դատաստանի օրը, որտեղից էլ դատաստանի օրը դուրս կգան իրենց գործերի համեմատ դատվելու: Հայտ.20:13; Սակայն մեզ անհայտ պատճառով, Աստված բացառություն է արել Նոյի ժամանակվա մեղավորներին, որոնք Հիսուս Քրիստոսի Ավետարանը բանտում լսելով, կարող էին հավատալ և փրկվել:

28. Հարց. Հռոմ.12:13-ում գրված «Սուրբերի պիտույքներին հաղորդ եղեք» խոսքերը խնդրում եմ բացատրեք:
28.ՊԱՏԱՍԽԱՆ --- «Սուրբերի պիտույքներին հաղորդ եղեք» նշանակում է, օգնության հասնել հավատացյալներին կարիքի դեպքում:

 27. Հարց. Ղուկաս 9:62-ում գրված «Ձեռքը մաճի վրա դնել» խոսքերը կբացատրե՞ք: Եւ «Ետևին մտիկ անել» խոսքերը, հին և չար գործերի՞ մասին է:
27.ՊԱՏԱՍԽԱՆ --- Մաճ նշանակում է բռնակ: Շատերը հասկանում են գութանի բռնակ: Ընդհանրապես այսպիսի հասկացողություն կա, որ գութանով վար անողը չպետք է ետ նայեր, եթե ետ նայեր, հնարավոր է այդ մասում գութանը դուրս գար հողից և այդպես դաշտը մաս-մաս կմնար առանց վարել:
Երկրորդ հասկացողությունը սա է, որ մաճը գավազանի բռնակն է: Եւ այդ գավազանը մարդիկ այն ժամանակ էին վերցնում, երբ պատրաստվում էին գնալ հեռավոր աշխատանքի: Եւ եթե մեկը տանից դուրս էր գալիս ու կարծես կարոտով էր ետ նայում, նշանակում է, որ նա աշխատանքի մեջ իր նպատակի մեջ բացթողումներ կաներ: Դրա համար Տերն ասում է, որ եթե մեկը ճանապարհ է դուրս գալիս և իր ետևից նայում է, նա հարմար չի իր արքայության գործին:

Հարցատեր՝ Իրինա
26. Հարց. Ծոմ պահելու վերաբերյալ Աստվածաշնչում գրված է. «…Երեսդ լվա, գլուխդ օծիր…»: Խնդրում եմ բացատրեք ի՞նչ ի նկատի ունի, երբ ասում է «գլուխդ օծիր»:
26.ՊԱՏԱՍԽԱՆ --- Սրանով Տերը ուզում է ասել, որ մարդը ծոմի օրը իրեն հատուկ երևացող սգավորի տեսք չտա, այլ լինի իր ամենօրյա սովորական տեսքի մեջ:

Հարցատեր՝ Իրինա
25. Հարց. Հազարամյա թագավորության մասին <<Ճշմարտության 33 նիստեր>> դասգրքից տեղեկացված եմ, հարցը վերաբերվում է սրան` հազարամյակի ընթացքում երկրի վրա պատուհասներից ողջ մնացած մարդկանց: 1) Նրանք հավատացյալնե՞ր են լինելու, ովքեր որ չեն հափշտակվել: 2) Այդտեղ այս կյանքի նման ծնունդ և մա՞հ է լինելու: 3) Իսկ քանի որ Սատանան կապված է լինելու չարություն չի՞ լինելու:
25.ՊԱՏԱՍԽԱՆ --- Հափշտակությունից հետո երկրի վրա մնացած մարդկանց համար միայն Աստված գիտի, թե ովքեր են լինելու: Բայց մի բան գիտենք, որ անպատրաստ հավատացյալներից շատերն են լինելու: Իսկ մնացած մյուս հարցերի պատասխանները գրված են «Ճշմարտության 33 նիստեր» դասագրքի «Մեռելների հարություն» թեմայում, խնդրում ենք ուշադրությամբ կարդաք:

24. Հարց. Ինչպե՞ս հասկանամ Ղուկաս 16:8-12 խոսքերը:
24.ՊԱՏԱՍԽԱՆ --- Ձեր ներկայացրած հատվածում Տերը շատ հարցերի հետ կապված տարբեր շեշտադրումներ է անում: Մեզ հայտնի չէ, թե այս հատվածում կոնկրետ որ հարցի պարզաբանումն է ձեզ հետաքրքրում, սակայն ընդհանուր հատվածի միտքը սա է` Տերը ոչ թե գովեց տնտեսի անիրավությունը, այլ նրա իմաստությունը, որ իրեն սպասվելիք բանը իմանալով, նախօրոք մարդկանց բարիք անելով շահեց նրանց բարեհաճությունը, որպեսզի հետագայում իրեն ընդունեին: Եւ Տերը պատվիրում է, որ Լուսո որդիները իրավացի ճանապարհով, անիրավ մամոնան օգտագործելով, բարեկամներ շահեն իրենց համար, որ կարիքի դեպքում մարդիկ պատրաստ լինեն նրանց օգնելու մինչև կյանքի վերջ:

Հարցատեր՝ Աստված փափագող մի աղջիկ
23. Հարց. Խնդրում եմ օգնել չկասկածել Աստծո գոյության վրա:
23.ՊԱՏԱՍԽԱՆ --- Եթե չեք ուզում կասկածել Աստծո գոյության վրա, ամեն օր Ավետարան կարդացեք: Հավատացեք Ավետարանի վկայություններին, մանավանդ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին, որ նա է վկայում Աստծո մասին և երբեք սուտ չի խոսում:

Հարցատեր՝ Իրինա
22. Հարց. Կբացատրե՞ք Հռ.14:15-22 համարները: Կերակուրի պատճառով քո եղբայրը տրտում է, կամ չար է այն մարդու համար, որ գայթակղություն տալով է ուտում:
22.ՊԱՏԱՍԽԱՆ --- Սիրելի Իրինա, Ձեր այս հարցի պատասխանը սա է, որ եթե մեկը վնաս է տալիս որևէ ձևով, նրա արածը չարություն է: Ուրեմն, թեկուզ ուտելու միջոցով, եթե որևէ մեկին վնասում ես, դա չարություն է, այդպես էլ ոչ թե միայն ուտելով, այլ ամեն գործերով, որոնք վնաս են տալիս: Օրինակ` հագնվելը նույնպես կարող է չարություն լինել, որով որ գայթակղում ես մարդկանց:

Հարցատեր՝ Իրինա
21. Հարց. Խնդրում եմ բացատրեք 1Կորնթացիս 7:30-32; համարները: Մի փոքր հասկացել եմ, բայց կուզենայի դուք բացտրեք:
21.ՊԱՏԱՍԽԱՆ --- Այս խոսքերի բացատրությունը երևում է  1Կորնթացիս 7:29-35; հատվածի մեջ: «29Բայց սա եմ ասում, եղբայրք, թե ժամանակս կարճ է այսուհետև, որ կին ունեցողներն էլ չունեցողների պես լինեն. 30Եւ լաց լինողները չլացողների պես. և ուրախացողները չուրախացողների պես, և ծախու առնողները չունեցողների պես. 31Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չգործածողների պես. որովհետև այս աշխարհքի կերպարանքն անցնում է: 32Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թե ինչպես հաճո լինի Տիրոջը: 33Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թե ինչպես հաճո լինի կնկանը: 34Եւ իրարից տարբեր են կինը և կույսը. չամուսնացած կույսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով և հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թե ինչպես հաճո լինի մարդուն: 35Միայն թե՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. և ոչ թե որ ձեզ համար որոգայթ գցեմ. այլ պարկեշտության համար՝ և առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար»:
Առաքյալի ասածը այն է, որ ոչ մի վիճակի մեջ մարդը չպիտի ծանրանա իր հոգսերով, մարդու սիրտը չպիտի տարվի եղածով` ոչ ուրախությամբ, ոչ տխրությամբ, ոչ ունեցվածքով և ոչ էլ ուրիշ որևէ բանով, այլ ամեն ինչի մեջ մարդը պետք է Աստծով զբաղվի և Աստծուն ծառայի:

Հարցատեր՝ Իրինա
20. Հարց. Գիտեմ կան հոգսեր, որոնց համար չպետք է անընդհատ աղոթել, կարծես Տիրոջը չենք վստահում, ուղակի ուզում եմ հասկանալ, ո՞ր հոգսերի համար չպետք է հաճախակի աղոթել:
Հարազատների ապաշխարության համար ճի՞շտ է ամեն օր աղոթելը:
Շինության համար անընդհատ աղոթելը պետք է` դա պարզ է:
20.ՊԱՏԱՍԽԱՆ --- Բոլոր հոգսերի համար պետք է հավատքով աղոթել, մինչև որ Աստծուց պատասխան լինի, սակայն կան հոգսեր, որոնց համար պետք չի անդադար աղոթել, որոնք արդեն պատասխանված են Աստծո խոսքով (Աստվածաշնչով): Օրինակ` մեղքերի թողության հոգսը, քանի որ մեկ անգամ խնդրելով, մարդը պիտի հավատա, որ Աստված իրեն ներեց, որովհետև արդեն Աստվածաշնչով պատասխանված է այդ հարցին` 1Հովհաննես 1:9; «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ, և սրբի մեզ ամեն անիրավությունից»:
Իսկ հարազատների ապաշխարության համար ճիշտ է և պետք է ամեն օր աղոթել, մինչև որ ապաշխարեն:

Հարցատեր՝ Իրինա
19. Հարց. Մի քույրիկ ձեռք է բերել մանկական Աստվածաշունչ, ինչպե՞ս իմանանք, որ դրա մեջ փոփոխություններ չկան: Կարող եմ ասել, որ նրա մեջ գրված է, Հայաստանի Աստվածաշնչյան ընկերություն 2010թ., Զաքյան 6/26, Երևան 0015, թարգմանությունը հին բնագրից:
19.ՊԱՏԱՍԽԱՆ --- Ոչ թե Սուրբ Գրքերի տպագրման տեղերով և տարեթվերով է որոշվում Սուրբ Գրքերի ճիշտն ու սխալը, այլ պտուղով, ինչպես Տերն ասաց. «Ծառը պտղից ճանաչեք»: Ուստի, դուք պետք է լավ իմանաք Աստծո խոսքը, այսինքն աստվածաշնչյան Աստծո խոսքը և այդպիսով զանազանեք, թե այդ նոր ձեռք բերած գիրքը Աստծուց է՞, թե՞ ոչ:


Հարցատեր՝ Նազ
18. Հարց. 1) Քարակերտ (քարերով շինված) եկեղեցիները կարելի՞ է համարել Աստծո տուն: 2) Արդյոք այնտեղ (քարերով շինված տաճարներում) սրբապատկերների առջև աղոթելը հաճելի՞ է Աստծուն:
18.ՊԱՏԱՍԽԱՆ --- 1) Քարերով շինված եկեղեցիները չեն համարվում Աստծո տուն, որովհետև Աստվածաշնչում գրված է. «24Այն Աստվածը, որ աշխարհքս և ամեն բան` որ նրանում կա արավ, նա երկնքի և երկրիս Տերը լինելով ձեռագործ տաճարներում չի բնակվում: 25Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թե մի բանի կարոտ. նա է ամենի կյանք և շունչ` և ամեն բան տվողը»: Գործք Առաքելոց 17:24,25;
Աստծո տունը փրկված մարդկանցից եղած ժողովքն է. «20Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է. 21Որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով. 22Որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան Հոգով»: Եփեսացիս 2:20-22;
2) Սրբապատկերներին աղոթելը ոչ միայն հաճելի չէ Աստծուն, այլ նաև կռապաշտություն է: 2Օրինաց 4:23,24; «23Զգույշ կացեք, մի գուցե ձեր Եհովա Աստծո ձեզ հետ արած ուխտը մոռանաք, և ձեզ համար կուռք` մի որևիցե բանի նմանությունը շինեք, որ քո Եհովա Աստվածը քեզ արգելեց: 24Որովհետև քո Եհովա Աստվածը մաշող կրակ է. նա նախանձոտ Աստված է»:

Հարցատեր՝ Արթուր
17. Հարց. Մաթևոս 1:1-ում գրված է. «Աբրահամի որդի, Դավիթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդյան գիրքը», բայց Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց, ինչու՞ է այստեղ որպես Քրիստոսի հայր հիշատակում Դավիթը:
17.ՊԱՏԱՍԽԱՆ --- Քրիստոսը մարմնով մարդու Որդի էր, իսկ հոգով` Աստծո Որդի և մարմնի կողմից նա Դավթի սերունդից էր:

Հարցատեր՝ Արթուր
16. Հարց. Ի՞նչ է նշանակում (հոգով աղքատ):
16.ՊԱՏԱՍԽԱՆ --- Հոգով աղքատներ համարվում են նրանք, ովքեր Աստծո մասին լսելու և Աստծուն ճանաչելու ծարավ ունեեն, որի պատճառով էլ նրանք ունեն լսող ականջ, բաց սիրտ և խոնարհվող հոգի, և մարդկանց հետ էլ չեն վարվում մեծամտությամբ՝ արհամարելով և անարգելով:

Հարցատեր՝ Արթուր
15. Հարց. Ի՞նչ է նշանակում` կալ, հարդ, ծոմ, մորոս բառերը:
15.ՊԱՏԱՍԽԱՆ --- Նմանատիպ բառերի իմաստը իմանալու համար օգտվեք բառարաններից, տարբեր թարգմանության Աստվածաշնչերից, ինչպես նաև տարբեր լեզուների Աստվածաշնչերից, եթե օտար լեզուներին տիրապետում եք:

Հարցատեր՝ Արթուր
14. Հարց. Մաթևոս 5:39-ում գրված «Չարին հակառակ մի կենաք» խոսքը ի՞նչ է նշանակում:
14.ՊԱՏԱՍԽԱՆ --- Սուրբ Գրքում իրար նման արտահայտություններ կան տարբեր տեքստերում, սակայն նույնանման արտահայտությունները տարբեր իմաստ ունեն, որովհետև տեքստերի դետալները տարբեր են: Օրինակ` Մաթևոս 5:38-42 հատվածում կա արտահայտություն, որ «Չարին հակառակ մի կենաք», ծանոթանալով տեքստին տեսնում ենք, որ Տերը «չար» ասելով նկատի ունի չարագործ մարդկանց, ոչ թե հրեշտակ կամ Սատանա: Իսկ մարդկանց հետ հարաբերությունում, Տերը պատվիրել է, որ վրեժխնդրությունը հանձնենք Աստծուն, ինչպես նաև ունեցվածքի համար կյանքը չվտանգել: Իսկ մեկ ուրիշ տեքստում Աստծո խոսքը պատվիրում է հակառակվել Չարին` Սատանային: Հակոբոս 4:7; Այս տեքստում արդեն խոսքը չի վերաբերվում ոչ մարդկանց, ոչ էլ վրեժխնդրության, այլ Սատանային չհնազանդվելուն:

13. Հարց. Ինչու՞ Մաթևոս Ավետարանի 8-րդ գլխում գրված է, թե հարյուրապետը անձամբ եկավ Տեր Հիսուսի մոտ, իսկ Ղուկաս Ավետարանի 7-րդ գլխում գրված է, որ հարյուրապետը իր անունից մարդիկ ուղարկեց Տեր Հիսուսի մոտ, ոչ թե անձամբ եկավ:
13.ՊԱՏԱՍԽԱՆ - Ծանոթանալով Մաթևոսի գրելաոճին, տեսնում ենք, որ Մաթևոս ավետարանիչը մանրամասնությունների վրա, այսինքն Հիսուսից դուրս ուրիշների մանրամասն գործողությունների վրա չի ծանրանում, այլ նրա ուշադրությունը Հիսուսի գործելակերպի վրա է: Մաթևոսը հարյուրապետի պատգամը ընդունում է հարյուրապետից ուղված խոսք Հիսուսին, ըստ նրա, կարևոր չի, թե այդ պատգամը ով է բերել: Նմանատիպ օրինակ կա Մաթևոս 21:17-22-ում, որ Մաթևոսը ոչ թե ուշադրություն է դարձնում ժամանակի վրա, այլ Հիսուսի խոսքի վրա` գործելակերպի վրա: Նա գրում է. «Հիսուսը անիծեց թզենուն և թզենին իսկույն չորացավ», թեև տվյալ պահին չերևաց, որ թզենին չորացել է: Իսկ Մարկոսի 11:12-21-ում Մարկոսը ուշադրություն է դարձնում ոչ թե միայն Հիսուսի գործելակերպի վրա, այլ նաև ժամանակի վրա էլ: Նա գրում է, որ. «Աշակերտները հաջորդ առավոտ տեսան, որ թզենին չորացած էր», իսկ Մաթևոսը չի ասում. «Հաջորդ առավոտ», այլ ասում է. «Երբոր տեսան»: Ուրեմն, պատմության մանրամասնությունները, ավելին ներկայացրել է Ղուկասը` Հարյուրապետը անձամբ չի եկել Տեր Հիսուսի մոտ, այլ մարդ է ուղարկել:

Հարցատեր՝ Նազ
12. Հարց. Հավատացյալ աղջիկը պետք է միայն շրջազգեստ հագնի՞:
12.ՊԱՏԱՍԽԱՆ - Աստվածաշունչը չի սովորեցնում, որ հավատացյալ աղջիկը պետք է միայն շրջազգեստ հագնի, այլ սովորեցնում է ինչ էլ որ հագնի, դա պետք է լինի պարկեշտ, վայելուչ և առաքինի: 1Տիմոթեոս 2:9; «Այնպես էլ կանայքը վայելուչ հագուստով, ամոթխածությունով և պարկեշտությունով իրենց անձերը զարդարեն, ոչ թե հյուսվածներով, կամ ոսկիով, կամ մարգարիտներով, կամ թանկագին հանդերձներով»:

Հարցատեր՝ Լենա
11. Հարց.  Միթե՞ կա մի վերջ, որով Աստված կավարտի իր ստեղծած աշխարհի կյանքը:
11.ՊԱՏԱՍԽԱՆ - Սիրելի Լենա, Ձեր այս հարցը սկիզբ է առնում ոչ թե ուղիղ Ձեզանից, այլ հնարավոր է Դուք շփվել եք սխալ ուսմունքի տեր մարդկանց հետ և այդ հարցը ծնվել է նրանց շփումից, որոնք ասում են, իբրև թե այս աշխարհին վերջ չկա, այլ կմնա հավիտյան: Չի նշանակում, ինչ-որ Աստված ստեղծել է, ուրեմն վերջ չպիտի ունենա: Աստված իր ստեղծագործության մեջ ինքն է որոշել, ինչը մնա հավիտյան, ինչը` վերանա: Եբրայեցիս 12:25-29; «25Զգույշ կացեք, որ չմերժեք նրան որ խոսեց, որովհետև եթե չկարողացան պրծնել երկրիս վրա պատգամ տվողին մերժողները, որքա՛ն ավելի ապա մենք, եթե երկնքից խոսողին մերժենք: 26Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց. և հիմա խոստացել է և ասում է, թե մյուս անգամ ևս կշարժեմ, ոչ միայն երկիրը, բայց երկինքն էլ: 27Բայց այն մյուս անգամը ցույց է տալիս, որ շարժվող բաներն իբրև եղածներ պիտի փոխվեն, որ հաստատ մնան չշարժվողները: 28Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն, ահով և երկյուղածությամբ: 29Որովհետև մեր Աստվածը փչացնող կրակ է»: 1Հովհաննես 2:17; «Եւ աշխարհքը անցնում է և նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքն անողը մնում է հավիտյան»:


10. Հարց. Ո՞րն է ամենափոքր պատվիրանը և ինչպե՞ս այն կքանդվի: Եթե մարդը պատվիրանը զանց անի, ինչպե՞ս Երկնքի Արքայություն կմտնի:10.ՊԱՏԱՍԽԱՆ - Աստծո Օրենքի մեջ կան երկու կարգի պատվիրաններ` առաջինը` պատվիրաններ, որոնք առնչվում են իրավունքի, արդարության և ողորմության հետ: Այս պատվիրանների խախտումը կլինի անիրավություն և անօրինություն, այսինքն մեղք, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Ուրեմն, այս կարգի պատվիրանները չի կարելի համարել փոքր պատվիրան: Երկրորդը` փոքր կոչված պատվիրանները, այն պատվիրաններն են, որոնք չեն առնչվում արդարության, իրավունքի և ողորմության հետ և դրանց խախտումը մեղք չի համարվում, սակայն եթե որևէ մարդ խախտի և սխալ սովորեցնի, ազդեցությունը կլինի այն, որ Երկնքի Արքայությունում փոքր կկոչվի: Այդ կարգի պատվիրանների մասին Պողոս առաքյալն այսպես է ասում. «Ամեն բան ինձ կարելի է, բայց ամեն բան չէ, որ ինձ օգուտ է բերում»: Օրինակ` նման պատվիրաններից են, կինը երկար մազ ունենա` իր մազերը չկտրի, (չկտրելը, խոսքը նրա մասին է, որ կինը կնոջ տեսքից չընկնի),  և եթե կտրի, փոքր կկոչվի Երկնքի Արքայությունում: Կամ մեկ ուրիշ պատվիրան, 2Օրինաց 22:9-ում գրված է. «Այգումդ այլ և այլ սերմեր չցանես, որ նզովք չանես ցանած սերմիդ արդյունքը և այգիիդ բերքը», եթե մարդը խախտեր Տիրոջ այս պատվիրանը, ոչ թե իր հոգուն վնաս կտար կամ կորուստ կգնար, այլ իր այգուց չէր կարող նորմալ բերք հավաքել և կփչանար, որովհետև տարբեր տեսակի մշակաբույսերը տարբեր տեսակի խնամք են պահանջում և տարբեր ժամանակ են հասունանում: Այդ պատվիրանի խախտման և սովորեցնելու դեպքում, մարդը ոչ միայն ինքը կվնասվեր, այլ նաև ուրիշներին կվնասեր տնտեսապես: Հետևաբար, ինչպես Տերն է ասում, նաև Երկնքի Արքայությունում վնաս կքաշեր, որպես պատվիրան խախտող: Այսպիսով, այս կարգի պատվիրանների խախտումը, մարդու փրկության վրա չի ազդում, սակայն Երկնքում նրան զրկում է բարձր դիրքից:

9. Հարց. Մաթևոս 2:16-ում նշված է, որ Հերովդեսը կոտորել տվեց մինչև երկու տարեկան տղա երեխաներին Բեթլեհեմի սահմաններում: Ինչու՞ մինչև երկու տարեկաններին և ինչու՞ Բեթլեհեմում և նրա շրջակայքում:
9.Պատասխան - Հերովդեսը մոգերից հետաքրքրվել և իմացել էր, որ Քրիստոսի ծննդյան հետ կապված աստղը նրանք տեսել էին մոտ երկու տարի առաջ և ինչպես նաև մարգարեությունը ասում էր, որ Քրիստոսը պետք է ծնվեր Բեթլեհեմում: Հետևաբար, Հերովդեսը մտածում էր, որ Քրիստոսը տվյալ պահին հնարավոր է լինի մինչև երկու տարեկան և կլինի Բեթլեհեմի տարածքում եղած երկու տարեկան մանուկների մեջ:

8. Հարց.  Ո՞ր մարգարեությունից է մեջբերված, թե Հիսուսը Նազովրեցի պետք է կոչվի:
8.Պատասխան - Եսայիա 9-րդ գլխում Հիսուսի մասին մարգարեություն կա, որ ինքը Գալիլեացի պետք է կոչվի և ի ծնե նա պետք է նոր ուխտի պաշտոնյա համարվի, (ինչպես որ Սամսոնն էլ իր ժամանակին համարվեց Աստծո ուխտավոր: Դատ. 13:5), իսկ Նազարեթ քաղաքը Գալիլեայի տարածքի մեջ էր գտնվում, ինչպես նաև Նազարեթ արտահայտությունը թարգմանվում է ուխտավոր:

Հարցատեր՝ Լարիսա
7. Հարց. Առաքելական եկեղեցին ընդունու՞մ է Սուրբ Հոգու լեզուներով աղոթքը:
7.Պատասխան - Լեզուներով աղոթքը, որը Սուրբ Հոգով մկրտության նշաններից մեկն է, ինչպես նաև Սուրբ Հոգուց պարգև է, Հայ Առաքելական եկեղեցին ընդունում է իբրև թե դա միայն առաջին դարի առաքելական շրջանի համար է: Սակայն Աստծո այս պարգևը, մկրտությամբ հանդերց, ամեն դարերի այն մարդկանց համար է, որոնք կանչվել են Աստծուց: Եթե այդ պարգևը առաջին դարում պետք էր, առավել ևս վերջին դարում է պետք հավատացիալների աճի համար: Գործք 2:38,39 - Պետրոսն էլ նրանց ասաց. Ապաշխարեցեք՝ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք: Որովհետև ձեզ և ձեր որդկանց համար է այս խոստմունքը, և այն ամեն հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչի:  1Կորնթ. 14:4ա- Լեզուներով խոսողը իր անձն է շինում ...

6. Հարց. Հրեաները մարդկության ծագումը պայմանավորում են իրենցով, որովհետև նրանք իրենց ծագումը դարձրել են աստվածաշնչային մաս ու բաժին: Արդյոք մենք բարոյական իրավունք ունե՞նք նրանց միտքը չընդունել:
6.Պատասխան - Այո՜, մենք բարոյական իրավունք ունենք նրանց միտքը չընդունելու, որովհետև մարդկության ծագումը պայմանավորված չէ հրեաներով: Նրանց նախահայրեր Աբրահամի, Իսահակի և Հակոբի (Իսրաելի) ժամանակում հրեա ազգը դեռ գոյություն չուներ: Սակայն նրանց ժամանակում կաին շատ ազգեր, որոնցից են օրինակ` եգիպտացիները, հայերը, մարերը, ասորիները, եղամացիները և ուրիշները, որոնք ունեին թագավորություն: Ծննդոց 14:1,2; 1Եւ եղավ Սենաարի Ամարփաղ թագավորի, Ելլասարի Արիովք թագավորի, Ելամի Քոդողագոմոր թագավորի, և Գոյիմի Թադգաղ թագավորի ժամանակներումը, 2որ Սոդոմի Բարա թագավորի հետ, և Գոմորի Բարսա թագավորի հետ, և Ադմայի Սենաբ թագավորի հետ, և Սեբոյիմի Սիփոմոր թագավորի հետ, ու Բաղայի այսինքն Սեգովրի թագավորի հետ պատերազմ արին:
Իսկ ինչ մնում է դրան, թե Աստվածաշնչի մի մասը հրեաների պատմությունն է, այո նրանք Աստվածաշնչում ունեն իրենց մասին գրված, բայց միևնույն ժամանակ ուրիշ ազգերն էլ այդ գրքում ունեն իրենց պատմությունը: Եւ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ուրիշ ազգերի մեղավոր լինելը, և թե հրեաներինը, թեև հրեաներից եղել են մարդիկ, որոնք հնազանդվել են Աստծուն և դա նրանցից ամեն մեկի անհատական գովությունն ու վարձքն է և ոչ ազգինը:
Միևնույն ժամանակ Աստվածաշունչը հրեաների մտահղացումից գրված գիրք չէ, այլ Աստծո մտքի գիրքն է: Թեև աստվածաշնչյան գրողներից մեծամասնությունը հրեաներ են եղել, սակայն նրանք որպես Աստծո ծառաներ են հանդես եկել, ինչպես նաև խիստ մեղադրել են հրեաներին և այնպիսի խիստ բնութագրով են նրանց բնութագրել, որ հրեան ինքն իրեն այդպես չէր խայտառակի, և սա ևս ապացույց է, որ Աստվածաշունչը նրանց մտահղացումից չի գրվել: Սաղմոս 95:8-11; 8Ձեր սրտերը մի խստացրեք ինչպես Մերիբայի մեջ, անապատի մեջ փորձության օրվա պես, 9Ուր ձեր հայրերը ինձ փորձեցին, քննեցին ինձ ու իմ գործերը տեսան: 10Քառասուն տարի զզվեցի այն ազգից ու ասի. ՙՆրանք սրտով մոլորված ժողովուրդ են, իմ ճանապարհներս չճանաչեցին՚: 11Ուստի իմ բարկությանս մեջ երդում արի, որ նրանք իմ հանգիստս չմտնեն:
Մատթևոս 15:7-9; 7Կեղծավորներ, լավ մարգարեացավ ձեր մասին Եսայիան ասելով. 8Այս ժողովուրդը իր բերանովն է մոտենում ինձ, և շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրենց սիրտն ինձանից հեռացած ջոկված է: 9Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներ են:

5. Հարց - Աշխարհի բարիքները վայելելը արդյոք միայն մեղավորների՞ համար է: Կամ ինչու՞ Տերը ստեղծեց մեղսալից կյանք:
5.Պատասխան - Աստված աշխարհը ստեղծեց մարդկային ողջ սերնդի համար, որպեսզի մարդկությունը վայելի իր ստեղծած բոլոր բարիքները:  Ծննդոց 1:28; 28Եւ Աստված օրհնեց նրանց (Ադամին ու Եվային), և Աստված ասաց նրանց (Ադամին ու Եվային). աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը, և տիրեցեք նրան. և իշխեցեք ծովի ձկների, և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա:
Հակոբոս 1:17; 17Ամեն բարի տուրք, և ամեն կատարյալ պարգև վերևիցն է իջնում լույսի Հորիցը. որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա:
Իսկ ինչ վերաբերվում է մեղսալից կյանքին, Աստված չի ստեղծել այդ կյանքը, այդ կյանքը Սատանան բերեց և Ադամի ձեռքով մտավ աշխարհ: Սակայն Աստծուն հավատացողները կարող են օգտվել Աստծո ստեղծած բարիքներից, մերժելով չարն ու մեղսալից կյանքը:  Ծննդոց 1:31; 31Եւ Աստված տեսավ բոլորն ինչ որ արել էր, և ահա շատ բարի էր: Եւ իրիկուն և առավոտ եղավ վեցերորդ օրը:

4. Հարց.  Արդյոք միայն հրեանե՞րն են իմաստունները, որ կարող են սովորեցնել մարդկանց, թե ինչպես ապրել քրիստոնեական կյանք:
4.Պատասխան - Քրիստոնեական կյանքի ձևը տվողը Աստված է, ոչ թե հրեաները կամ որևէ ազգ: Սակայն Աստծո Ավետարանը ընդունածները, թե հրեա և թե ոչ հրեա, կարող են Աստծո օրենքներն ու կանոնները սովորեցնել իրենց շրջապատին:
Հռոմեացիներին 3:9,10,21,22; 9Եւ հիմա ի՞նչ. ավելի՞ ենք (մենք հրեաներս). ամենևին ոչ. որովհետև ամենից առաջ մեղադրեցինք հրեաներին և հեթանոսներին, թե ամենքը մեղքի տակ են: 10Ինչպես որ գրված է, թե արդար չկա` մեկն էլ չկա:21Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է, օրենքից և մարգարեներից վկայված լինելով. 22Այսինքն Աստծո արդարությունը որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են. որովհետև խտրություն չկա (հրեայի և այլ ազգի միջև):

Հարցատեր՝ Ժասմեն:
3. Հարց. Խնդրում եմ բացատրեք Եսայի 13:14,15 համարները: Մեր օրերի համա՞ր է գրված, եթե այո, ի՞նչ խորհուրդ կտաք:
3.Պատասխան - Եսայի 13:14,15 խոսքերի միտքը սկսվում է 13-րդ գլխի առաջին խոսքերից: Տեքստի մեջ խոսվում է մի բազմության մասին (Բաբիլոնի զորքի), որը կազմված է լինելու տարբեր ազգերի զինվորներից: Բաբիլոնը, ըստ աստվածաշնչյան Հայտնություն գրքի, նաև խորհուրդով ներկա ժամանակի համաշխարհային իշխանությունն է, որն ունի զորք ամեն ազգերից հավաքված: Այդ զորքը պատերազմելու է տարբեր ազգերի դեմ: Եւ լինելու է այնպես, որ վերջին ժամանակներում ժողովուրդները վեր են կենալու Բաբիլոնի դեմ և սկսելու են այդ զորքին կոտորել, անգամ նրանց էլ, ովքեր որ իրենց ընտանիքներով են տեղավորվել այդ երկրներում, անգամ նրանց հղի կանանց էլ չեն խնայելու: Եւ Աստված հայտնում է այն մասին, որ Բաբիլոնի զորքը այն աստիճան պիտի կոտորվի, կորցնելով ամեն հրաման ու հրամանատար, անհովիվ հոտի նման: Եւ ամեն մարդ փախչելու է իր երկիրը, եթե կարողանա: Ուրեմն, Եսայի 13:14,15 համարները վերաբերվում են բազմազգ զինվորական բանակին, ոչ թե փախստականներին կամ խաղաղ բնակիչներին: Իսկ ինչ վերաբերվում է Ձեզ, նվիրվեք Աստծուն և ապրեք Աստծո պատվիրաններով, որտեղ որ կաք:

2. Հարց. Ինչու՞ է այսքան ժամանակ Աստված հանդուրժում չարին: Արդյոք չարն այնքան զորավո՞ր է, որ Տերը նրան չի կարողանում արգելափակել, թե՞ ուրիշ բան կա, որ մարդը չի հասկանում:
2.Պատասխան - Աստծո հանդուրժելու պատճառը ոչ թե չարի զորավոր լինելն է, այլ քանի որ մարդը՝ Ադամից սկսած իր հոժար կամքով ընտրել է չարի կամքն ու ղեկավարությունը, ուստի մարդը չարի իշխանության տակ է: Եւ եթե Աստված այդ վիճակով դատի չարին, հետևաբար մարդկությունը նրա հետ կդատապարտվի: Ուստի Աստված մարդկության համար պատրաստել է չարից փրկվելու ճանապարհ, և ժամանակ է որոշել մարդկության համար, որպեսզի Աստծո Ավետարանը ընտրեն և չդատապարտվեն: Սակայն այն մարդիկ, ովքեր Աստծո տված հնարավորությունից հետո էլ իրենց կամքով կշարունակեն մնալ չարի իշխանության տակ, Աստված նրանց բռնությամբ չի դարձնի իրենը, այլ իր որոշած ժամանակին նրանց կդատապարտի չարի հետ միասին: Ինչպես որ գրված է Սուրբ Գրքում Մատթևոս 25:41,46- Այն ժամանակ կասի ձախ կողմիններին. Ինձանից դեն գնացեք, ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է Սատանայի և նրա հրեշտակների համար:  Եւ սրանք կգնան հավիտենական տանջանքը, իսկ արդարները՝ հավիտենական կյանքը:  Հայտնություն 20:9,10  Եւ Բանսարկուն (սատանան), որ նրանց (մարդկանց) մոլորեցնում էր, գցվեց կրակի և ծծմբի լիճը, ուր որ էին գազանը և սուտ մարգարեն: Եւ կչարչարվեն գիշեր և ցերեկ հավիտյանս հավիտենից:

Հարցտեր՝ Իրինա:
1. Հարց. Խնդրում եմ բացատրել Հակոբ.5:14 խոսքում ասված յուղով օծվելու մասին:
1.Պատասխան - Հակոբ.5:14-ի յուղով օծումը տառացի այդպես էլ պետք է հասկանանք: Սակայն այստեղ զորությունն ու բժշկությունը ոչ թե յուղի մեջ է, այլ Հիսուսի անունով աղոթքի: Սա նման է այն դեպքերին, որ շատերը ուզում էին հպվել Հիսուսին և բժշկվել (այդպես անելով էր ամբողջանում իրենց հավատքը): Սակայն կար մեկը (ոմն հարյուրապետ), որ առանց ֆիզիկական մոտեցման, հավատում էր Հիսուսի խոսքին, որ այդ ասված խոսքը կարող էր բժշկել անգամ հեռու տարածությունից: Այդպես էլ մեր օրերում է: Մեր Եկեղեցու հովիվները կարող են անմիջական հաղորդակցվելով հիվանդին օծել յուղով ու հավատքով աղոթք անեն և նա կբժշկվի ( իհարկե հիվանդը ինքն էլ պիտի հավատա): Բայցևայնպես մեկը կարող է հարյուրապետի նման հավատա Հիսուսի անունին և մենք կարող ենք աղոթել և բժշկություն տեղի կունենա: Եւ նման բան,  մեզ մոտ, շատ անգամներ են եղել:

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Խնդրում եմ պատասխանեք Դանիել 12:7 ում ինչի մասին է խոսվում:

    ReplyDelete
  3. Բարև ձեզ խնդրում եմ ասեք մկրտությունը պարտադիր է

    ReplyDelete